Լիբանանում մէկ օրում զոհւել է 492 մարդ, վիրաւորւել՝ աւելի քան 1645-ը

«ԱԼԻՔ» – Լիբանանեան լրատւամիջոցները հաղորդում են իսրայէլական ագրեսիայի արդիւնքում, մէկ օրւայ ընթացքում 492 զոհի, այդ թւում՝ 35 երեխայի, 58 կնոջ եւ 2 բժիշկի, ինչպէս նաեւ աւելի քան 1645 վիրաւորի մասին:
Երէկ՝ ամբողջ օրւայ ընթացքում, Իսրայէլի ԶՈՒ-ն հարւածի տակ է պահել Լիբանանի հարաւային շրջանները, մասնաւորապէս Պեքքայի շրջանը:
Աւելի ուշ Իսրայէլի օդուժը կրկին թիրախաւորել է Բէյրութի հարաւային արւարձանը: Հարւածից յետոյ, իսրայէլական լրատւամիջոցները հաղորդել են, որ հարւածների արդիւնքում զոհւել է «Հեզբօլլահ»-ի առանցքային հրամանատարներից եւս մէկը՝ Ալի Քարաքին: Աւելի ուշ, սակայն, «Հեզբօլլահ»-ը հերքել է Քարաքի մահւան մասին լուրը:
Ի պատասխան իսրայէլական ագրեսիայի, «Հեզբօլլահ»-ը երէկ՝ երեկոյան հարւածել է Թել Աւիւի ուղղութեամբ, իսկ այսօր՝ վաղ առաւօտեան թիրախաւորել է Իսրայէլ ռազմաօդային ուժերի «Մաջդօ» եւ «Րամաթ» բազաները: