Ադրբեջանը չի թաքցնում, որ ձգտում է ամբողջութեամբ ոչնչացնել հայերին
«ԱԼԻՔ» – Մէկ տարի առաջ ադրբեջանական զինուժը դաժան ռազմական գործողութիւն սկսեց Լեռնային Ղարաբաղում, որը հաշւած օրերի ընթացքում դուրս մղեց 120 հազար հայերի, ովքեր հազարամեակներ շարունակ այդ տարածաշրջանը տուն են անւանել: Գրել է The National Interest-ը։
«Բացի մի քանի պաշտօնական յայտարարութիւններից, միջազգային հանրութիւնը ոչինչ չի արել Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու համար։ Այժմ նա իր մեղքը քաւելու եզակի հնարաւորութիւն ունի:
Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանում կանցկացւի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան կոնֆերանսը (COP29), որը համաշխարհային առաջնորդների մասնակցութեամբ ամենակարեւոր իրադարձութիւնն է՝ ուղղւած կլիմայի փոփոխութեանը: Մինչ Ադրբեջանը կօգտագործի համաժողովը՝ փորձելով սպիտակեցնել իր իմիջը եւ իրեն դրսեւորել որպէս տարածաշրջանում առաջատար, իրաւապաշտպան համայնքը հնարաւորութիւն է տեսնում վերջապէս լոյս սփռելու Ադրբեջանի ծայրայեղ նողկալի ռեժիմի վրայ, որը շարունակում է ագրեսիա ծրագրել Հայաստանի դէմ եւ ծաղրել սեփական ժողովրդին։
COP29-ը կարող է ֆորում լինել մասնակից պետութիւնների համար, որպէսզի ճնշում գործադրեն Ադրբեջանի վրայ՝ դադարեցնելու իր չարաշահումները, միաժամանակ նաեւ կոնկրետ ճանապարհ առաջարկելով իրենց հայրենիքից արմատախիլ արւած բազմաթիւ մարդկանց համար:
2020 թւականի սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց 44-օրեայ պատերազմը եւ վերահսկողութեան տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի մի մասը։
Հողերի գրաւումն անողոք էր։ Ադրբեջանական զօրքերը աւերել են գիւղեր, խոշտանգել գերիներին, գլխատել հիւանդներին ու ծերերին։ Հրադադար յայտարարւեց, սակայն Ադրբեջանի դաժանութիւնը չէր դադարում։
Վերջերս մենք հրապարակեցինք 200 էջանոց զեկոյց մեր հետաքննւած վայրագութիւնների մասին, այդ թւում՝ ծայրայեղ խոշտանգումների, սպանութիւնների, անհետացումների, դիակների խեղման եւ եկեղեցիների ու գերեզմանատների աւերման։
Այս չարաշահումները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչութեանը ոչնչացնելու Ադրբեջանի աւելի լայն արշաւի մի մասն են, մի քաղաքականութիւն, որը բացայայտօրէն քարոզում է նրա ղեկավարութիւնը:
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը հայերին անւանում է «առնետներ», «շներ», որոնք վարակւած են «վիրուսով», որոնց համար նրանց «պէտք է բուժել»։
Նա բազմիցս զգուշացրել է. «Եթէ [հայերը] չեն ուզում մեռնել, ապա հեռացէ՛ք ադրբեջանական հողերից», որը, նրա կարծիքով՝ ներառում է Լեռնային Ղարաբաղը եւ նոյնիսկ Երեւանը։ Ադրբեջանցի պաշտօնեաները կրկնում են նրա ցեղասպանական դիսկուրսը` էթնիկ հայերին անւանելով «քաղցկեղ» եւ «հիւանդութիւն» եւ յայտարարելով. «Մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է»:
Լեռնային Ղարաբաղը ներկայումս մոլորակի ամենաքիչ ազատ տեղն է, ըստ Freedom House-ի՝ առաջ անցնելով այնպիսի վայրերից, ինչպիսիք են Սիրիան, Հիւսիսային Կորէան եւ Արեւելեան Ուկրաինան:
Freedom House-ի զեկոյցը հրապարակւելուց շաբաթներ անց Ալիեւը ելոյթ ունեցաւ Լեռնային Ղարաբաղի լքւած մայրաքաղաքից՝ գովաբանելու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի աւերումը եւ պարծենալով, որ հայերի «հետքը չի մնացել»:
Թէեւ Ալիեւը մերժում է իրաւապաշտպան կազմակերպութիւնների դատապարտումը, նա անհանգստանում է համաշխարհային առաջնորդների շրջանում իր կարգավիճակով, յատկապէս Եւրոպայում, որն Ադրբեջանի վառելիքի հիմնական գնորդն է:
Նաւթի եւ գազի արդիւնահանումը կազմում է Ադրբեջանի արտահանման եկամուտների 92.5%-ը, ուստի Ալիեւի քաղաքական գոյատեւումը կախւած է նրա հեղինակութիւնից այնպիսի ֆորումներում, ինչպիսին է COP29-ը:
Շատերը ցնցւած էին յայտարարութիւնից, որ Ադրբեջանի նման դաժան նաւթային պետութիւնը կը հիւրընկալի կլիմայի փոփոխութեան կոնֆերանսը, որոշումը կայացւել է էթնիկ զտումներից ընդամէնը շաբաթներ անց: Օրինակ, ակտիւիստ Գրետա Թունբերգը դժգոհեց, որ գագաթնաժողովը «հիւրընկալւել է աւտորիտար ռեժիմի կողմից, որը խախտում է մարդու իրաւունքները ինչպէս ներքին, այնպէս էլ հայերի դէմ, եւ որը կախւած է արտահանման կեղտոտ վառելիքից»:
Համաժողովը կարող է լինել վերջին հնարաւորութիւնը միջազգային հանրութեան համար՝ դատապարտելու Ադրբեջանին։
Փախածներին պէտք է թոյլ տալ վերադառնալ։ Միջազգային հանրութիւնը մեղքերը քաւելու հազւագիւտ հնարաւորութիւն ունի: Ինչպէ՞ս կարձագանգի այն»,- նշւում է յօդւածում։