Լիլիթ Գալստեան. «Նրանք ու Կանադան․ ընդհատւած երկխօսութիւն»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի՝ Կանադա չկայացած այցին:
«Այսօր (սեպտեմբերի 23-ԽՄԲ.) պարզ դարձաւ, որ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի ղեկավարած պատւիրակութեան պաշտօնական այցը Կանադա, որը տեղի պիտի ունենար առաջիկայ օրերին, անորոշ ժամանակով հետաձգւում է։
Յիշեցնեմ, որ ԱԺ պատւիրակութիւնը ձեւաւորւել էր Ալէն Սիմոնեանի քաղաքական նախապատւութիւնների եւ ճաշակի շրջանակներում, որի կազմում ընդդիմադիր որեւէ պատգամաւոր ընդգրկւած չէր։
Միգուցէ մենք, որ ապրում ենք կայուն եւ անգամ՝ յարաճուն աւտորիտար ռեժիմում, ուր զարմանալու ռեսուրս էլ չի մնացել, այս փաստն էլ արձանագրւեց ու անցաւ, բայց ժողովրդավարական յորջորջւող եւ այդպիսին լինել յաւակնող, ժողովրդավարական երկրների ընտանիքին անդամակցող երկրների համար սա չլսւած, խայտառակ փաստ է՝ այն էլ ընդդիմադիր երկու խմբակցութիւնների գոյութեան պայմաններում։
Բնականաբար, սա չէր կարող վրիպել կանադական կողմի աչքից։
Հետաքրքիր զուգադիպութեամբ՝ նախօրէին հրապարակւեց Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցութեամբ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի յատուկ յայտարարութիւնը, որն աւելի քան հակոտնեայ է Արցախի առնչութեամբ ՀՀ պետական քարոզչութեանը, ի մասնաւորի՝ Ալէն Սիմոնեանի բազմիցս հանրայնացրած համոզումներին։
Նախարարի յայտարարութեան մէջ նախ հաստատում կայ՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցւած տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութեան մասին, Լաչինի միջանցքի իննամսեայ շրջափակման մասին, Ադրբեջանի կողմից Արդարադատութեան միջազգային դատարանի ժամանակաւոր միջոցի կիրառման որոշման ոտնահարման մասին։ Կանադան իր համերաշխութիւնն է յայտնել ճգնաժամից տուժած հայերին, աւելի քան 39 միլիոն դոլարի մարդասիրական օգնութիւն յատկացրել հրատապ կարիքները լուծելու համար։
Յայտարարութեամբ մէկ անգամ եւս կոչ է արւում անվերապահօրէն ազատել 2020թ․ Ղարաբաղեան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Եւ ամենակարեւորը՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին մասնաւորապէս յայտարարել է, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը եւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին, ինչը պէտք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, երաշխաւորի մարդու իրաւունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանութիւնը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:
Իհարկէ, պաշտօնական Երեւանը մեկնաբանում է, թէ այցը հետաձգելը կանադական քաղաքական ճգնաժամով է պայմանաւորւած, բայց դժւարանում եմ հաւատալ, թէ Ադրբեջանի հետ համահունչ ներդաշնակութեամբ Արցախի հարցը փակւած համարող, Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականութեան մասին լռող, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառութիւնը չնկատող, միջազգային դատարաններից մեր հայցերը յետ առնելու պատրաստակամութիւն ունեցող, արցախահայութեանը հայրենիքում «հիւր» համարող, հայրենիքը, ազգայինն ու պետականը կեղծ հակադրութիւնների դաշտ տարած քաղաքական ուժը եւ առհասարակ՝ Արցախի ուրացում որդեգրած քաղաքական ուժի ներկայացուցիչները քաղաքական դիսոնանսի մէջ չէին յայտնւի Կանադայում։
Ի դէպ, չեմ բացառում նաեւ հակառակորդից ստացւած արձագանգը․․․
Իսկ Արցախի հարցը փակւած չէ, պարզապես ազգային-պետական մտածողութիւն ունեցող առաջնորդութեամբ, ազգային նպատակների շուրջ համազգային միասնականութեամբ ու պառակտւած ու անղեկ երկիրը ոտքի հանելով՝ կարող ենք իրավիճակը բեկել։
Նախ վերականգնել Հայաստանը, գտնել ինքներս մեզ․․․
Եւ Կանադայի յայտարարութիւնը հէնց այս մասին է․․․»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա: