Քաղաքական

Երուսաղէմի պատրիարքարանը շահում է դատը՝ Թուրքիայում իր հսկայական կալւածքները վերստանալու համար

2019 թւականին ես յօդւած էի գրել Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի կողմից 2012 թւականին Թուրքիայում ներկայացւած հայցի կարգավիճակի մասին՝ տասնամեակներ առաջ իր բռնագրաււած հազարից աւելի կալւածքները վերստանալու համար։

12 տարի շարունակ Թուրքիայում տարբեր դատարաններ դիմելուց յետոյ Պատրիարքարանը վերջապէս մեծ յաղթանակ տարաւ անցած շաբաթ։

Իշխան Էրդինչն այս լաւ լուրը զեկուցեց 2024 թւականի հոկտեմբերի 4-ին Ստամբուլի հայկական «Ակօս» թերթում՝ «Կարեւոր զարգացում Թուրքիայում Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան կալւածքների համար. Մար Յակուբ հիմնադրամը ձեռք է բերում իրաւաբանական անձի կարգավիճակ» վերնագրով յօդւածում։ Մար Յակուբ ասելով նա նկատի ունի Երուսաղէմի Սուրբ Յակոբեանց հայոց պատրիարքարանը։

Թուրքիայի Հիմնադրամների գլխաւոր տնօրինութիւնը (GDF) 1973 թւականին բռնագրաւել էր Երուսաղէմի պատրիարքարանի կալւածքները՝ Օսմանեան կայսրութեան ժամանակ ստեղծւած Մար Յակուբ հայկական եկեղեցու հիմնադրամը ներկայացնելով որպէս այլեւս չգործող։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկեանի 2012 թւականի հայցն ի սկզբանէ մերժւել էր ինչպէս Անկարայի ստորին ատեանի, այնպէս էլ Վերաքննիչ դատարանի կողմից։ Այնուհետեւ պատրիարքը դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ երկրի բարձրագոյն դատարան, որը որոշեց, որ ստորին ատեանի դատարանը խախտել էր Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի իրաւունքները։ Ստորին դատարանն այնուհետեւ չեղեալ յայտարարեց Հայոց պատրիարքարանի կալւածքների սառեցւած կարգավիճակը։

Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի թուրք փաստաբան Ալի Էլբէյօղլուն «Ակօս» թերթին ասաց, որ Պատրիարքարանը այժմ երկու տարբերակ ունի․ կա՛մ Թուրքիայի քաղաքացու է նշանակելու որպէս իր ներկայացուցիչ Թուրքիայում՝ կալւածքները տնօրինելու համար, ինչպէս դա եղել է մինչ դրանց բռնագրաւումը, կա՛մ էլ դրանք կառավարւելու են Երուսաղէմից։

Տարիների ընթացքում Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի բռնագրաււած կալւածքների մեծ մասը վաճառւել է երրորդ անձանց՝ առանց Պատրիարքարանին որեւէ փոխհատուցում վճարելու։

Պատրիարք Մանուկեանն այս տարիների ընթացքում երբեք հրապարակային յայտարարութիւն չի արել Թուրքիայում իր ներկայացրած հայցի մասին։ Լրատւամիջոցների միակ հաղորդագրութիւնները վերաբերել են անյայտ պատճառներով նրա բազմաթիւ այցելութիւններին Ստամբուլ։ Թէեւ փաստաբան Էլբէյօղլուն «Ակօս»-ին ասաց, որ Երուսաղէմի պատրիարքարանը 100-ից աւելի կալւածքներ ունի Թուրքիայում, սակայն պատրիարք Մանուկեանը բացառիկ հարցազրոյցում 2019-ին ինձ ասաց, որ Պատրիարքարանը 1200 կալւածք ունեցել է միայն Ստամբուլում եւ մի քանի տասնեակ՝ ամբողջ Թուրքիայի տարածքում։ Պատրիարքը նաեւ տեղեկացրեց ինձ, որ նախկինում Ստամբուլի մաս կազմող Եալովայում, Երուսաղէմի պատրիարքարանին պատկանող շատ մեծ եւ արժէքաւոր մի կալւածք թուրքահայի կողմից 1950-ականներին վաճառւել է մի թուրքի, եւ այնուհետեւ փախել է Միացեալ Նահանգներ։ Պատրիարքը ասել է, որ շահագրգռւած է հայց ներկայացնելու այդ թուրքահայի ժառանգների դէմ։

Փաստաբան Էլբէյօղլուն անցեալ շաբաթ «Ակօս»-ին ասաց, որ Երուսաղէմի Հայոց պատրիարքարանին է պատկանում «Կուզգիւնչուք [Ստամբուլում] բարձրարժէք առանձնատունը, որի իրաւունքը հաստատող փաստաթուղթը փոխանցւել է Ստամբուլի քաղաքապետարանին, այնուհետեւ այն քանդել են»։ Փաստաբանը նաեւ ասաց, որ «Հայոց պատրիարքարանի հիմնադրամից բռնագրաււել է 21 կալւածք Ալթունիզադէում [Ստամբուլում], Ստամբուլի [յայտնի] Իսթիքլալ բուլւարում, Ֆաթիհում [Ստամբուլի շրջան] եւ Ադանա քաղաքում»։

Դեռեւս յայտնի չէ, թէ ինչ է անելու Երուսաղէմի հայոց պատրիարքարանը վերականգնւած կալւածքների հետ եւ ինչ փոխհատուցում կը ստանայ այն կալւածքների համար, որոնք վաղուց վաճառւել են երրորդ անձանց:

Առաջարկում եմ Երուսաղէմի Հայոց պատրիարքարանին՝ ձեւաւորել մեծ յարգանք վայելող հայ անհատներից կազմւած միջազգային յանձնաժողով՝ վերահսկելու այս կալւածքների կառավարումը եւ Պատրիարքարանին տրւող փոխհատուցումները: Հաշւի առնելով Իսրայէլում Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի կալւածքների վաճառքի կամ վարձակալութեան շուրջ ծաւալւող վէճերը, պատրիարքին ձեռնտու կը լինի թափանցիկութիւն ցուցաբերել՝ գաղտնի բիզնես գործարքներից եւ կոռուպցիայի մեղադրանքներից խուսափելու համար:

Այս կալւածքների ակնկալւող վերադարձը շատ դրական զարգացում է, քանի որ թուրքական կառավարութիւնը հազւադէպ է համաձայնել հայ սեփականատերերին վերադարձնել տասնամեակներ առաջ բռնագրաււած նրանց կալւածքները: 2011 թւականին Թուրքիայի կառավարութիւնը յայտարարեց, որ հայկական, յունական եւ հրէական բարեգործական հիմնադրամներից բռնագրաււած կալւածքները կա՛մ կը վերադարձնի նրանց, կա՛մ փոխհատուցում կը վճարի կալւածքների արժէքի համար, եթէ դրանք վաճառւել են երրորդ անձանց։

Այնուամենայնիւ, այն բանից յետոյ, երբ մի շարք կալւածքներ վերադարձւեցին այս փոքրամասնութիւններին, կառավարութիւնը դադարեցրեց գործընթացը, թէեւ որոշ դատական գործեր դեռեւս ընթացքի մէջ են:

Ես դիտարկում եմ Թուրքիայի ջանքերը՝ վերադարձնելու բռնագրաււած հայկական կալւածքները, որպէս իրենց պատմական յանցագործութիւնները մաքրագործելու միջոց: Թէեւ մենք պէտք է զգուշանանք թուրքական նման խորամանկ հնարքներից, բայց պէտք է օգտւենք բոլոր հնարաւորութիւններից՝ վերականգնելու Ցեղասպանութեան ժամանակ մեր կորցրածի՝ տարածքների, կալւածքների եւ այլ ունեցւածքների մի մասը: Եւ այն, ինչ մենք չենք կարող վերականգնել, պէտք է դրանց համար փոխհատուցում ստանանք:

Ահա թէ ինչու հայ ժողովուրդը չպէտք է երբեք մոռանայ անցեալի անարդարութիւնները եւ անի հնարաւոր ամէն ինչ, որպէսզի պահպանի իր կորուստների յիշողութիւնն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ոչինչ առյաւէտ կորած չէ: Պատմութիւնն անսպասելի շրջադարձեր կունենայ, եւ ոչ ոք չգիտի, թէ երբ իրավիճակը կը փոխւի յօգուտ մեզ: Սակայն, եթէ մենք ինքներս հրաժարւենք մեր պահանջներից, դրանք ընդմիշտ կը կորցնենք:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button