Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սա պարտադրանքի տակ գրւած թուղթ է, եւ սա է իրականութիւնը

«ԱԼԻՔ» – Արարատ Միրզոյեանն ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովում մի քանի ժամ կաշւից դուրս էր գալիս՝ փորձելով Ադրբեջանի հետ ստորագրւելիք համաձայնագիրը պաշտպանել ընդդմադիրների հարցերից, բայց այդպէս էլ չկարողացաւ յօդաբաշխ պատասխանել, թէ ինչ է ստանում Հայաստանն այդ փաստաթղթով, յանուն որի զիջել է ամէն ինչ, կատարել Բաքւի բոլոր պահանջները՝ հատիկ առ հատիկ:

Երկար-բարակ այդ քննարկումից մի բան էր միայն ակնյայտ՝ Փաշինեանի իշխանութիւնը շարունակելու է պատերազմի մահակը պահել հայ հասարակութեան գլխին ու, ինչպէս Կիրանցում, այդ համաձայնագրի դէպքում էլ յայտարարելու է՝ եթէ չստորագրենք, պատերազմ կը լինի:

Արարատ Միրզոյեանն ուղիղ տեքստով երէկ (մարտի 14-ին, ԽՄԲ.) յայտարարեց, թէ Ադրբեջանի կողմից հնչող յաւելեալ պահանջները իրենք էլ են տեսնում, բայց եթէ «խաղաղութեան համաձայնագիր չի լինի, ընկղմւելու ենք, թաղւելու ենք…»: Նոյն թէզը՝ «չի լինի խաղաղութեան համաձայնագիր, կը լինի պատերազմ», թմբկահարում էին մերձիշխանական սազանդարները:

Որ ՀՀ իշխանութիւնը ոչինչ չի ստանալու, բացի նոր պահանջներից, Բաքւից եկող ազդակներն էլ են վկայում: Դեռ նախորդ օրը Ալիեւը բաց տեքստով խօսեց Սահմանադրութեան փոփոխութեան ու Մինսկի խումբը լուծարելու պահանջի մասին, ասաց՝ Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ զրոյական վստահութիւն ունի` իրեն թուղթ է պէտք: Ասել է թէ՝ նոր սահմանադրութիւն ու թղթի վրայ ՄԽ-ի լուծարում: Իսկ նրա խորհրդական Հաջիեւը երկրորդ անգամ խօսեց «պատերազմական յանցագործներին» քրէական հետապնդման ենթարկելու մասին: Եւ որքան էլ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր երկրներից ողջոյններ ստանան, այսպէս կոչւած, բանակցութիւնների աւարտի կապակցութեամբ, ակնյայտ է, որ Բաքւի ախորժակը սրանով չի փակւելու, իսկ Երեւանը ոչինչ չի ստանալու՝ ո՛չ գերիների վերադարձ, ո՛չ Ջերմուկի ու միւս հատւածների օկուպացւած տարածքներից ադրբեջանական զօրքի դուրսբերում:

«Յանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձաւ, որ ադրբեջանցիներն առանց որեւէ փոխզիջման պարտադրել են այս տեքստը, Հայաստանի որեւէ առաջարկ եւ պահանջ չեն ընդունել, իրենք իրենցն են առաջարկել, որի հետ սրանք համաձայնել են եւ հիմա պարզ շանտաժի են դիմում՝ սպառնալով, որ եթէ սրա հետ չհամաձայնենք, կը լինի պատերազմ, բայց Ադրբեջանի ախորժակն աւելի է բացւում»,- «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը, որի համոզմամբ՝ որքան շատ է այս իշխանութիւնը զիջել, հակառակորդն այդքան լկտիացել է ու նոր պահանջներ ներկայացրել:

Խաչատրեանը նկատում է՝ կողմերը յայտարարում են, թէ տեքստը պատրաստ է, Փաշինեանը, որին այդ թղթի կտորը պէտք է, ուզում է արագ ստորագրել, Ադրբեջանը Սահմանադրութեան փոփոխութեան պահանջն է ներկայացնում, յետոյ կը ներկայացնի, այսպէս կոչւած, փախստականների՝ 350 հազար ադրբեջանցիների վերադարձի պահանջը, այնուհետեւ կասի՝ այս մէկին արտայանձնէք Ադրբեջանին… եւ զիջումների շղթան, պատգամաւորի խօսքով, շարունակւելու է:

«Այս իշխանութիւնն այդ շղթան ինչպէ՞ս է պատրաստւում կտրել, իրենք ստեղծւած իրավիճակի համար ադեկւատ լուծում չունեն, բացի՝ սա էլ տանք, նա էլ տանք: Ենթադրում եմ, որ այդ թղթի կտորը կայ, գուցէ նախնական ինչ-որ բան նախաստորագրեն, որն ուժի մէջ կը մտնի միայն Սահմանադրութեան փոփոխութիւնից յետոյ, իսկ ես յոյս ունեմ, որ հայ ժողովուրդը չի համաձայնի Բաքւում գրւած Սահմանադրութեանը»,- ասում է մեր զրուցակիցը: Խաչատրեանի խօսքով, Էրդողանն ու Ալիեւը, իհարկէ, շահագրգռւած են, որ Փաշինեանը պահպանի իշխանութիւնը. «Յիշեցնեմ, որ 2021 թ․ փետրւարի 25-ին, երբ ՀՀ ԳՇ-ն յայտարարութիւն տարածեց, Անկարան՝ Չաւուշօղլուն դատապարտեց դա՝ համարելով զինւած յեղաշրջման փորձ: Դա ուղիղ սպառնալիք էր, եւ հիմա, իհարկէ, իրենք կը փորձեն հնարաւոր ամէն ինչ տանել, բայց ոչ այն աստիճանի, որ Փաշինեանի ռեժիմը տապալւի»:

Ուշագրաւ է, որ Փաշինեանն Ադրբեջանի հետ բանակցութիւնների աւարտի մասին երէկ (մարտի 14, ԽՄԲ.) իր նախաձեռնութեամբ հեռախօսազրոյց է ունեցել Պուտինի հետ: Յայտնի է, որ նա կը մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին: Վկայո՞ւմ է արդեօք այս հանգամանքն այն մասին, որ Փաշինեանը փորձում է Մոսկւայի բարեհաճութիւնը ստանալ, քանի որ վախեր ունի՝ գլոբալ փոփոխութիւնների քամին երբ Հարաւային Կովկաս հասնի, ինքը խոցելի վիճակում է յայտնւելու: Խաչատրեանը յիշեցնում է՝ երբ ԱԺ-ն ՔՊ-ականներով, 1-ին ընթերցմամբ ԵՄ անդամակցութեան վերաբերեալ նախագիծն ընդունեց, Փաշինեանը կրկին Մոսկւա էր զանգել ու մեկնաբանել այդ քայլը: Այնպէս որ, այդ զանգն առնւազն չէզոք վերաբերմունք ստանալու համար է, ըստ Խաչատրեանի:

Ինչ վերաբերում է Բաքւի ազդակներին, պատգամաւորը եւս մէկ անգամ ընդգծում է՝ Ադրբեջանը ճնշում է գործադրում այս իշխանութիւնների վրայ, եւ միջազգային ատեաններից հայցերի յետկանչն այդ ճնշման գործիքներից մէկն է, Բաքւում ընթացող խայտառակ «դատավարութիւնը» գլխաւոր գործիքն է: «Բաքուն տանջանքներով, հոգեմէտ դեղերի ազդեցութեամբ, բռնաճնշումներով, յայտնի չէ՝ ինչ «ցուցմունքներ» է կորզում: Օրինակ, Ռուբէն Վարդանեանի դէմ ցուցմունք է տալիս ծերունի մի մարդ: Չեմ բացառում, որ Ադրբեջանը նոր դոսիէ է հաւաքում, որ հիմա հայցերը յետ քաշեն, յետոյ ասեն, թէ այդ «դատավարութեան» ընթացքում նոր հանգամանքներ են ի յայտ եկել, եւ դրա հիման վրայ ենք Հայաստանի դէմ նոր հայցեր ներկայացնում, այսինքն՝ սա պարտադրանքի տակ գրւած թուղթ է, եւ սա է իրականութիւնը»,- արձանագրում է Խաչատրեանը:

Related Articles

Back to top button