Axios. «Սպիտակ տանը կարծում են, որ ԵՄ-ն գաղտնի փորձում է չեղարկել Ալեասկայում ձեռք բերւած առաջընթացը»

«ԱԼԻՔ» – Սպիտակ տան բարձրաստիճան պաշտօնեաները կարծում են, որ որոշ եւրոպացի առաջնորդներ հրապարակաւ աջակցում են նախագահ Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերին՝ միաժամանակ գաղտնի փորձելով չեղարկել Ալեասկայի գագաթնաժողովից ի վեր կուլիսներում գրանցւած առաջընթացը: Այս մասին ըստ News.am-ի՝ գրել է Axios-ը։
Սպիտակ տունը խնդրել է Ֆինանսների նախարարութեանը կազմել այն պատժամիջոցների ցանկը, որոնք Եւրոպան, հաւանաբար, կարող է կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Նախագահ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ գագաթնաժողովից երկու շաբաթ անց պատերազմը դադարեցնելու ուղղութեամբ քիչ առաջընթաց է գրանցւել։
Թրամփի հիասթափւած օգնականները նշում են, որ մեղքը պէտք է ընկնի եւրոպացի դաշնակիցների վրայ, այլ ոչ թէ Թրամփի կամ նոյնիսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։
Սպիտակ տան պաշտօնեաները կորցնում են համբերութիւնը եւրոպացի առաջնորդների նկատմամբ, ովքեր, նրանց պնդմամբ, Ուկրաինային դրդում են անիրատեսական տարածքային զիջումներ պահանջել Ռուսաստանից։
Axios-ը տեղեկացել է, որ ԱՄՆ-ի կողմից Եւրոպային Ռուսաստանի նկատմամբ կիրառւող պատժամիջոցները ներառում են նաւթի եւ գազի բոլոր գնումների լիակատար դադարեցում, ինչպէս նաեւ ԵՄ-ի կողմից Հնդկաստանի եւ Չինաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր, որոնք նման են ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի նկատմամբ արդէն իսկ կիրառւածներին։
«Եւրոպացիները չեն կարող շարունակել այս պատերազմը եւ շահագործել անհիմն սպասումները՝ միաժամանակ ակնկալելով, որ Ամերիկան կը կրի ծախսերը»,- Axios-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտօնեան։ «Եթէ Եւրոպան ցանկանում է սրել այս պատերազմը, դա նրանց գործն է։ Բայց նրանք յուսահատօրէն կը փորձեն խլել պարտութիւնը յաղթանակի ծնոտներից»։
Ասում են, որ եւրոպացիները ճնշում են գործադրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրայ՝ «աւելի լաւ գործարքի» համար՝ մաքսիմալիստական մօտեցում, որը Թրամփի մերձաւոր շրջապատի կարծիքով վատթարացրել է պատերազմը։ ԱՄՆ պաշտօնեաները կարծում են, որ բրիտանացի եւ ֆրանսիացի պաշտօնեաներն աւելի կառուցողական են։ Սակայն նրանք բողոքում են, որ միւս խոշոր եւրոպական երկրները ցանկանում են, որ ԱՄՆ-ն կրի պատերազմի բոլոր ծախսերը՝ միաժամանակ դուրս մնալով խաղից։
«Համաձայնութիւնը հնարաւորի արւեստ է»,- ասել է բարձրաստիճան պաշտօնեան։ «Բայց որոշ եւրոպացիներ շարունակում են ապրել հեքիաթային երկրում՝ անտեսելով այն փաստը, որ տանգոյ պարելու համար երկու մարդ է պէտք»։