«ԱԼԻՔ», Կ. Դ. – Նահատակ նախագահի եւ նրան ուղեկցողների յիշատակին, ինչպէս նաեւ 14-րդ նախագահական ընտրութիւնների առիթով, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ համագործակցութեամբ «Ջելւէ» մշակութային կենտրոնի երէկ՝ յունիսի 23-ին կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում Իրանի Հայ Արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում:
Իրանի պետական հիմներգով մեկնարկած միջոցառման սկզբում ցուցադրւեց ընտրութիւնների կարեւորութեան մասին Իսլ. յեղափոխութեան առաջնորդի այաթ. Խամենէիի ելոյթներից հատւածներ:
Օրւայ հաղորդավար Արտոյտ Զոհրաբեանը ողջունելով ներկաներին, անդրադարձաւ Իրանի 13-րդ նախագահ եւ նրա ուղեկիցների նահատակութեանը, որից յետոյ ցուցադրւեց տեսաֆիլմ այաթօլլահ դոկտ. Ռէյիսիի եւ արտգործնախարար դոկտ. Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի կատարած աշխատանքների մասին:
«Ծառայութեան ճանապարհին» խորագրով ամփոփւած ծրագրի ընթացքում, որին հրաւիրւած էին Իրանի Իսլամական խոհրդարանի պատգամաւորներ, արտգործնախարարութեան, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան պատասխանատու պաշտօնեաներ, ելոյթ ունեցողներն իրենց ելոյթների ընթացքում ժողովրդին խրախուսում էին խուռներամ շարքերով մասնակցել ընտրութիւններին: Նրանք իրենց վշտակցութիւնը յայտնելով ուղղաթիռի վթարի զոհ դարձած Հանրապետութեան նախագահի, արտգործնախարարի եւ միւս ուղեկիցների նահատակութեան կապակցութեամբ, ընդգծում էին, որ ուրբաթ՝ յունիսի 28-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրութիւններին ժողովրդի ակտիւ մասնակցութիւնը ապահովելու եւ երաշխաւորելու է Իրանի քաղաքական հզօրութիւնը միջազգային բեմում: Բանախօսները նշեցին, որ ընտրութիւններին մասնակցելով իդերեւ է դառնալու Իրանի թշնամիների այն բոլոր ջանքերը, որոնց նպատակն է թուլացնել Իրանը եւ միջազգային ասպարէզում չէզոքացնել Իրանի ազդեցութիւնն ու հզօր դիրքը:
Նրանք ներկաներին կոչ արեցին ընտրութիւններին մասնակցելով մասնակից դառնան երկրի ճակատագրի կերտմանը:
Միջոցառման հիւրընկալ, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ողջունելով ներկաներին, որոնք ընդառաջելով հրաւէրը ներկայ էին միջոցառմանը, անդրադարձաւ նահատակ նախագահի, արտգործնախարարի եւ նրանց ուղեկիցների կատարած աշխատանքներին եւ նշեց, որ նրանց յուղարկաւորութեանը Իրանի ժողովրդի բազմամիլիոնանոց ներկայութիւնը վկան էր նրանց նկատմամբ Իրանի ժողովրդի յարգանքի:
Արա Շահվերդեանն ընդգծեց, որ չնայած թշնամական ԶԼՄ-ների հակաքարոզչութեանը Իրանն իր ժողովրդի անխոնջ ջանքերով շարունակում է պահպանել իր կարեւոր դիրքն ու ազդեցիկ ներկայութիւնը միջազգային ասպարէզում, եւ վստահելի հարեւան ու բարեկամ երկիր է իր հարեւանների եւ այլ երկրների համար:
Պատգամաւորը կարեւորեց 13-րդ կառավարութեան արտաքին քաղաքականութիւնը եւ ընդգծեց որ 14-րդ նախագահական ընտրութիւնների համար առաջադրւած 6 թեկնածուներից որեւէ մէկը, ընտրութեան դէպքում թող շարունակողը հանդիսանայ Իրանի արտաքին քաղաքականութեան անխախտ ուղու:
Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան՝ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Իրանի նահատակւած արտգործնախարար դոկտ. Ամիր Աբդօլլահեանի տեղակալ դոկտ. Բիգդէլին, Իրանի Իսլամական խորհրդարանում Մալայեր քաղաքի պատգամաւոր հոջ. Ազադիխահը, Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ՝ զրադաշտների պատգամաւոր դոկտ. Բարխորդարը, ասորիների եւ քաղդէականների պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն, հրեաների պատգամաւոր դոկտ. Հոմայուն Սամեհ Եահ Նաջաֆաբադին, ընտրութիւններին առաջին անգամը մասնակցութեան հնարաւորութիւն ունեցող երիտասարդ Վեդի Աւանէսեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, իսկ վերջում Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, ով կարեւորելով ժողովրդի մեծամասնութեան մասնակցութիւնը ընտրութիւններին, յոյս յայտնեց, որ առաջիկայ նախագահը եւս անխախտ շարունակի նահատակ նախագահի ճանապարհը յանուն Իրանի հզօրացման:
Միջոցառմանը հրաւիրւել էին Ատրպատականի հայոց թեմից երաժիշտ Կարէն Սարգսեանը եւ մեներգիչ Միրօ Աբրահամեանը, որոնք կատարեցին Իրանին նւիրւած երգեր:
Ծրագրին ներկայ էին «ԱԼԻՔ» հաստատութեան անդամները, Թ. Հ. Թ. Պատգամաւոր ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ դոկտ. Միշել Աղամալեանը, հայոց դպրոցների տեսուչ-տեսչուհիներ, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ