«ԱԼԻՔ» – Իսլ. Յեղափոխութեան առաջնորդի պաշտօնական կայքը հրապարակել է մի ինֆոգրաֆիկա, որում յստակ նշւած է, թէ մահմեդական երկրներից, որոնք են ամենաշատ տնտեսական գործարքի մէջ սիոնիստական ռեժիմի հետ։
Այս ինֆոգրաֆիկայում երեւում է նաեւ, թէ ինչ են նրանք արտահանում Իսրայէլ։
Թուրքիան Իսրայէլի հիմնական առեւտրային գործընկերն է, որն այդ երկիր է արտահանում 5.7 միլիարդ դոլար արժողութեամբ ապրանքատեսակներ, միաժամանակ աշխարհում Իսրայէլին ապրանք մատակարարողների առաջին հնգեակում է։
Յաջորդ հորիզոնականում են Ադրբեջանը եւ Ղազախստանը, որոնք սիոնիստների վառելանիւթի պահանջարկի 60%-ն են ապահովում՝ արտահանած գազի եւ նաւթի հաշւին։
Նոյն կապակցութեամբ այաթ. Խամենէին բազմիցս էր արձագանգել Գազայի հատւածում սպանդ իրականացնող Իսրայէլին տնտեսապէս սնուցող իսլամական երկրների կեցւածքին՝ յիշեցնելով, որ եթէ ընդամէնը 10 օրով դադարեցւի նաւթի ու գազի մատակարարումը, որն Իսրայէլ է փոխադրւում Թուրքիայի տարածքից, ապա հնարաւոր կը լինի դադարեցնել մանկասպան ռեժիմի բանակի գործողութիւնները:
Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ թէեւ արդէն ժամանակաւոր, բայց դադարեցւած են ռմբակոծութիւնները եւ Իսրայէլն ստիպւած ընդունել է ՀԱՄԱՍ-ի ներկայացրած պահանջները, այնուամենայնիւ պատմութիւնը յիշելու եւ յիշեցնելու է «բարեկամ» թւացող այն երկրների անունները, որոնք Պաղեստինի համար թափած կոկորդիլոսի արցունքների թիկունքում տնտեսական գործընկերութիւն էին խորացնում Թել Աւիւի հետ:
Յեղափոխութեան առաջնորդի յայտարարութիւնը նաեւ յայտնւել էր արեւմտեան ԶԼՄ-ների ուշադրութեան կենտրոնում, յատկապէս, այն բանից յետոյ, երբ տարածաշրջանի տնտեսական նշանակութեամբ երթուղիները հսկելու մրցակցութիւնն առաւել նկատելի է դարձել:
Մեդիա հարթակներում տարբեր կերպ ու դոզաներով են արձագանգել Առաջնորդի յայտարարութեանը: Թուրքական եւ ինչ-որ տեղ արաբական մամուլը մէջբերումներ անելով Առաջնորդի յայտարարութիւնից այն ներկայացրել են՝ «…Իսլամական պետութիւններից խնդրել է գոնէ սահմանափակ ժամկէտով խզել իրենց քաղաքական յարաբերութիւններն Իսրայէլի հետ» ձեւակերպմամբ: Սա այն դէպքում, երբ Յեղափոխութեան առաջնորդը երբեւէ չի օգտագործել Իսրայէլ անունը, այլ տալիս է ճշգրիտ բնորոշումը՝ «Պաղեստինը օկուպացրած ռեժիմ» ձեւակերպումը:
Յիշեցնենք, որ այաթ. Խամենէին Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ցուցահանդէս այցելելիս եւ հրամկազմի հետ հանդիպմանը նշել էր, որ որոշ իսլամական պետութիւնների կողմից միայն Պաղեստինը օկուպացրած ռեժիմին հրապարակայնօրէն դատապարտելը բաւարար չէ:
Դիմելով իսլամական երկրների որոշ կառավարութիւններին՝ այաթ. Խամենէին այս ընթացքում տարբեր առիթներով բազմիցս է կրկնել, որ գլխաւոր խնդիրը սիոնիստական ռեժիմի կենսական զարկերակը կտրելն է, եւ ընդունելի չէ, երբ իսլամական երկրներն են էներգիայով ու կենսական ապրանքատեսակներով սնուցում օգուպանտ ռեժիմի մանկասպան բանակին:
Տեղեկատւական բռնաճնշումներ
Թել Աւիւին ուղղւած իւրաքանչիւր քննադատութիւն անմիջապէս որակւում է որպէս հակասեմականութիւն եւ հեղինակի դէմ յարուցւում կամ սպառնում են սկսել դատական գործ: Հոլիվուդեան յայտնի աստղերի հետ աշխատանքային գործարքները խզելուց սկսած, վերջացրած սոցցանցային հարթակների ակտիւիստներով ու բարձր հեղինակութեան տէր մարդկանցով, դարձել են նոյն հեգեմոնիայի զոհերը:
Համաշխարհային սիոնիզմը X-ին պատժել է 75 միլիոն դոլարով, որպէսզի Իլոն Մասկը դադարի աղմկել, կամ խօսելու առիթներ չունենայ այլեւս: Պատճառը վերջերս սիոնիստական ռեժիմի դէմ եւ Գազայի հատւածում իրականացւող սպանդի մասին նրա հրապարակումներն են…
Սիոնիստական ռեժիմին յաջողւել է իր դէմ ուղղւած Իլոն Մասկի յայտարարութիւնները հակասեմականութիւն բնութագրել, եւ նոյն վարկածով X սոցիալական ցանցին զրկել համընթաց ընկերութիւնների տրամադրած գովազդերից նրան պատճառելով 75 միլիոն դոլարի վնաս։
New York Times-ին յաջողւել է ձեռնահասութիւն ունենալ մի շարք փաստաթղթերի, որոնք ապացուցում են, որ այդ գովազդատուների շարքում են մի շարք քաղաքական գործիչներ ու տեղական ընտրութիւնների թեկնածուները, որոնք անմիջապէս դադարեցրել են գովազդ տեղադրել նշւած հարթակում՝ սիոնիստների ճնշման պատճառով:
Փաստաթղթերում թւարկւած են աւելի քան 200 գովազդային միաւորներ այնպիսի ընկերութիւններից, ինչպիսիք են Airbnb-ն, Amazon-ը, Coca-Cola-ն եւ Microsoft-ը: Նրանցից շատերը դադարեցրել են գովազդը X սոցիալական ցանցում կամ շուտով որոշում են ընդունելու այդ ուղղութեամբ:
Յիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ լայնօրէն տարածում գտաւ այն տեսանիւթը, որտեղ Իլոն Մասկը Նեթանիահուին ուղղւած պատասխանում նշել է. «Ի դէպ, եթէ կը հետքրքրի, իրանցիներն ինձ քաղաքավարի նամակ են ուղարկել իրենց տեղեկատւութեան եւ բարձր տեխնոլոգիաների նախարարութեան հետ համատեղ համագործակցութեան համար: Իսկ դուք յորդորում էիք չխաբւել, քանի որ դա ուղղւած է լինելու իրանցիների խօսքի ազատութիւնը սահմանափակելուն: Այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ երկու ամիս անց Իսրայէլը չի համբերելու Գազայի սպանդի մասին իմ կարծիքն արտայայտելու համար…»: