Հայաստան - Արցախ

Տիգրան Քոչարեան. «Ռուսը շատ վատ թշնամի է. այս հակառուսականութեամբ միայն Արցախի կորստով չենք բաւարարւելու»

Նիկոլ Փաշինեանը խաչ է քաշում Հայաստանի Հանրապետութեան վրայ. Հայաստանը դուրս հանելով ՀԱՊԿ-ից եւ որեւէ այլ անվտանգային համակարգի մաս չդարձնելով՝ նա մեր պետութիւնը թողնում է մերկ վիճակում։

Իհարկէ, 2018 թւականին Փաշինեանին իշխանութեան են բերել Արցախն Ադրբեջանին յանձնելու եւ Ռուսաստանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում վերացնելու համար, սակայն այն քաղաքականութիւնը, որը տանում է Փաշինեանը, Ալիեւին տալիս է շանս արդէն Հայաստանը դարձնել Արեւմտեան Ադրբեջան։

168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում նման տեսակէտ յայտնեց մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանը՝ շեշտելով.

«Ադրբեջանն ամէն ինչ անում է, որ որեւէ պայմանագիր չստորագրի, որովհետեւ Ալիեւին ձեռք է տալիս Փաշինեանի պէս ղեկավարը։ Այն, ինչի մասին երազել են Հէյդար Ալիեւն ու նրա որդին, Փաշինեանը յանձնում է։ Ալիեւը դեռ ադրբեջանցիներին պէտք է վերադարձնի Հայաստանը, դեռ պէտք է Հայաստանի տնտեսական խաչմերուկը դարձնի տնտեսական փակուղի, եւ այս հարցում Փաշինեանն իր աջակիցն է, հետեւապէս՝ ինչո՞ւ պէտք է Ալիեւը որեւէ բան ստորագրի»,- ասաց Քոչարեանը։

Նրա խօսքով՝ Նիկոլ Փաշինեանին իշխանութեան բերողները, որոնց ծրագիրը հիմնւած էր «Արցախում չկայ հայ, չկայ նաեւ ռուս խաղաղապահ» կոնցեպտի վրայ, հիմա, սակայն, կանգնել են փաստի առաջ, քանի որ Փաշինեանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց յետոյ ամբողջապէս հայաթափւած Արցախում շարունակում է մնալ ռուս խաղաղապահը, եւ Արեւմուտքը դա արձանագրեց ձախողում։

«Եթէ Արցախում հայ չի ապրելու, մէկ-երկու տարի անց արցախցիներն էլ չեն վերադառնայ Արցախ։ Շատերը հոգեբանօրէն չեն ուզի վերադառնալ մի վայր, որտեղից ուղղակի սարսափների միջով անցնելով են վերադարձել, ուստի հէնց դա թոյլ չտալ չի կարելի, Արցախում պէտք է հայերն ապրեն»,- ասաց Քոչարեանը՝ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» ասողներին յիշեցնելով՝ Արցախը տւել էք, բայց հանգիստ չէք ապրում, քանզի Արցախը հիմնաքար է, որը հեռացնելուց յետոյ հայկական պետութիւնն ուղղակի փլատակների է վերածւում եւ դառնում պրոթուրքական մի պետութիւն։

«Եթէ դառնում ես պրոթուրքական մի պետութիւն, այդ դէպքում աշխարհի դերակատարները քեզ հետ այլեւս հարց չեն քննարկի, դա միանգամից Թուրքիայի հետ կանեն։ Հայաստանը դառնում է անպիտան իր խաչմերուկներով, եթէ Թուրքիայի կոկորդին խրւած ոսկոր դառնալուց յետոյ դառնում է Թուրքիայի կցորդ մի երկիր։ Ուշագրաւ է, որ դրան գնում են՝ Հայաստանին թշնամացնելով Իրանի եւ Ռուսաստանի հետ, եւ դա անում են երկրներ, որոնք գտնւում են մեզանից հազարաւոր կիլոմետրեր հեռու։ Իսկ ո՞վ է ասել, որ Իրանն ու Ռուսաստանը համաձայնելու են, որ Հայաստանը դառնայ արտադաշինքային պետութիւն կամ ՆԱՏՕ-ական երկիր»,- ասաց Քոչարեանը՝ յիշեցնելով՝ Ռուսաստանի հետ թշնամացած երկրներն են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդաւիան եւ այլ երկրներ, որոնք բոլորն էլ ունեցել են տարածքային կորուստներ։

«Ինչո՞ւ են մարդիկ մտածում, թէ Ռուսաստանը չի հարւածի Հայաստանին։ Հարւածելու է։ Ինչո՞ւ հասարակ մարդիկ չեն մտածում վտանգների մասին. Չէ՞ որ, եթէ Ուկրաինան այնքան մեծ է, որ կարող է իրեն թոյլ տալ 5 մարզ կորցնել եւ գոյատեւել, կարող է իրեն թոյլ տալ 15 միլիոն փախստական ունենալ, մենք մեզ դա թոյլ տալ չենք կարող։ Եթէ ունենք ազգապահպանութեան բնազդ, պէտք է հասկանանք՝ ռուսը շատ վատ թշնամի է, եւ այս տեմպերով գնալու դէպքում միայն Արցախի կորստով չենք բաւարարւելու»,- ասաց Քոչարեանը։

Related Articles

Back to top button