Հայաստան - Արցախ

Տարիներ շարունակ բազմաթիւ գործիչներ յանուն փողի, գործել են ընդդէմ Արցախի եւ Հայաստանի

1994 թ. դեկտեմբերին մի դէպք պատահեց, որն իմ կեանքում դարձաւ շրջադարձային։ Ուշ երեկոյեան միայնակ նստած էի 16-րդ թաղամասի 16 յարկանի շէնքի 12-րդ յարկի մեր երկսենեականոց բնակարանում։ Բնականաբար, շէնքում ո՛չ էլեկտրականութիւն կար, ո՛չ ջեռուցում, ո՛չ ջուր։ Մոմի լոյսի տակ նստած, փայտի վառարանով տաքանալով, թէյ էի խմում, երբ լսւեց հեռախօսի զանգը։ Վերցրեցի լսափողը եւ ի՞նչ… Պարզւեց անծանօթ աղջիկ էր, զանգ էր տւել պատահական համարով «գժւացնելու»։ Ես էլ պարապ-սարապ նստած, մեծ ուրախութեամբ տրւեցի անծանօթուհու «սադրանքներին»։ Մօտ 15 րոպէ խօսում, կատակում էինք, կարծես վաղեմի ծանօթներ լինէինք։ Եւ յանկարծ, հեռախօսի գծին միախառնւեց երկու տղամարդկանց զուգահեռ խօսակցութիւնը։ Երկուսս էլ լռեցինք, հետեւելով նրանց խօսակցութեանը։ Խօսակցութիւնը համարեա բառացի յիշում եմ․

-Լսո՞ւմ ես…

-Հա…

-Ուրեմն նոր խորհրդակցութիւնը վերջացաւ եւ որոշեցինք, թէ սպանութիւնը ով է կատարել։ Ցուցակը բաց՝ ասեմ։ Բացի՞ր…

-Հա, լսում եմ…

-Ուրեմն նշի քո մօտ՝ էսինչ էնինչեանը։

Այս խօսքի ժամանակ, անծանօթուհին չդիմացաւ.

-Էդ ո՞ւմ մասին էք խօսում։

Հնչեց պատասխանը.

-Սուս մնայ, քանի քեզ էլ չեն գիւլլել։

Եւ նորից դիմեց գործընկերոջը.

-Լաւ վաղը կը խօսենք, բարի գիշեր։

Խօսակցութեան ոճից ու բովանդակութիւնից պարզ էր, որ ունկնդրում էինք երկու ոստիկանների կամ քննիչների խօսակցութեանը։ Մտածելով, որ խօսքն ինչ-որ քրէական յանցագործութեան մասին է, բանի տեղ չդրեցի ու պառկեցի քնելու։

Յաջորդ առաւօտեան կրպակից գնեցի թարմ թերթեր։ Քայլելով աչքի անցկացրեցի եւ … ինչ տեսայ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստեանի սպանութեան կասկածանքով հետախուզւում է այն նոյն էսինչ էնինչեանը (ազգանունը յիշում եմ)։ Միանգամայն անկեղծ եմ ասում, ահաւոր յուզւած էի, այդ գիշեր աչք չփակեցի։ Ողջ գիշերը շուռումուռ գալով մտածում էի, թէ ինչ կարելի է անել, որպէսզի պետական, աւելի ճիշտ՝ իշխանական կամայականութիւներին վերջ տրւի: Մի քանի օր շարունակ այս դէպքի մասին էի մտածում։ Վերջապէս, իմ կարծիքով ձեւը գտայ։ Յիշեցի 1987 թ․ «Մաշտոց» միաւորման հիմնադրումն ու 1990 թ․ նրա հիմնական նպատակին, գոնէ օրէնքով հասնելը, երբ վերջին կումունիստ լուսաւորութեան նախարար Միսաք Դաւթեանը օրէնք ստորագրեց, որով արգելւում էր հայ երեխաներին օտարալեզու դպրոց ընդունել։ Եւ որոշեցի, գտնել համախոհներ եւ հիմնադրել մի կազմակերպութիւն, որը կը պայքարի պետութեան կողմից կատարւող անօրինականութիւնների դէմ, միամիտի պէս համոզւած լինելով, որ ինչպէս «Մաշտոց» միաւորումը, կարճ ժամանակում յաջողութիւններ կը գրանցի։ Եղբայրս՝ Վահանն այն ժամանակ «Շրջան» թերթի խմբագիրն էր։ Իմանալով մտադրութեանս մասին, նա ինձ առաջարկեց, որպէս համախոհ, ծանօթացնել թերթի թղթակիցներից մէկի հետ։ Եղբօրս վստահելով՝ համաձայնւեցի եւ մի քանի օր անց ծանօթացայ Միքայէլ Դանիէլեանի՝ Միկայի հետ։ Ծանօթութիւնից յետոյ, յաճախակի հանդիպում էինք, սուրճի սեղանի շուրջ քննարկում՝ մեր ապագայ կազմակերպութեան կանոնադրութեան, գործունէութեան հարցերը։ Մի քանի շաբաթ անց, արդէն պատրաստ էր կանոնադրութիւնը, մնում էր որոշել անւանումը եւ համապատասխան համագումար անելով, փաստաթղթերը ներկայացնել Արդարադատութեան նախարարութիւն։ Յանուն ճշմարտութեան, ասեմ, որ «Հայաստանի հելսինկեան կոմիտէ» անւանումը Միկայի առաջարկութիւնն էր, որտեղ հելսինկեան բառը, որպէս համաեւրոպական ճանաչւած իրաւապաշտպանական անւանում էր։ Ինչեւէ, որոշ ժամանակ անց, 1995 թ., կարծեմ 6 համախոհներով համագումար արեցինք եւ փաստաթղթերը ներկայացրեցինք Արդարադատութեան նախարարութիւն։ 1996 թ․ փետրւարին Արդարադատութեան նախարարութիւնը գրանցեց «Հայաստանի հելսինկեան կոմիտէ» իրաւապաշտպանական հասարակական կազմակերպութիւնը։ Անչափ ուրախ էինք, եւ յանկարծ Միկան անկեղծացաւ.

-Աւօ ջան, չգիտեմ մարդկանց իրաւունքները կը պաշտպանենք, թէ ոչ, բայց որ գրանտներ կը ստանանք ու կը ֆռռանք աշխարհով մէկ՝ հաստատ։

Շշմեցի ու ինձ մխիթարեցի, որ Միկան կատակում է, բայց այդ խօսքերի նստւածքը մնաց։ Կոմիտէի առաջին գործերից էր Գորւետկա թաղամասի բնակիչների իրաւունքների պաշտպանութիւնը, որի ժամանակ ծանօթացանք փաստաբանութեան մէջ առաջին քայլերն անող Լուսինէ Սահակեանի հետ։ Գորւետկան դարձաւ Լուսինէի առաջին գործը եւ նա փայլեց դատարանում։ Յաջորդը, Երեւանի պատմութեան թանգարանի լուծարման դէմ կոմիտէի պայքարն էր։ Կոմիտէի առաջին երկու գործերն էլ պսակւեցին յաջողութեամբ։ Յատուկ նշեմ, որ աշխատում էինք առանց դրամաշնորհների, զուտ էնտուզիազմով։ 1997 թ․ Միկան կտրականապէս դէմ էր, որ կոմիտէի անդամները՝ Լուսինէ Սահակեանն ու ես, դատարանում հանդէս գայինք, որպէս քաղբանտարկեալների հասարակական պաշտպաններ, որոնք աւելի քան մէկ տարի բանտերում էին, 1996 թ․ նախագահական ընտրութիւններից յետոյ։ Ընդունելով, որ նրանք բոլորը քաղբանտարկեալներ են, ըստ նրա, մենք պէտք է բաւարարւէինք միայն յայտարարութիւններով։ Այդ խօսակցութիւնից մի քանի օր անց, երկուսով հանդիպեցինք Նիդեռլանդներից ժամանած ինչ-որ կազմակերպութեան հետ։ Զրուցում էինք Հայաստանում մարդու իրաւունքների խնդիրներից, երբ յանկարծ Միկան գրպանից հանեց ինչ-որ պատճէնահանւած փաստաթղթեր եւ յանձնելով հիւրերին, ասաց.

-Ահա իմ խոստացած այն երիտասարդների անձնագրերի պատճէնները, որոնք զինւորական ծառայութիւնն անցել են օտար պետութեան տարածքում՝ Ադրբեջանում։

Պարզւեց, որ Միկան յատուկ հաւաքում էր այն հայ երիտասարդների փաստաթղթերը, որոնք իրենց զինւորական ծառայութիւնն անցկացրել էին Արցախում։

Երբ հանդիպման աւարտից յետոյ նրան հարցրեցի, թէ ինչու այդ արեց, Միկան պատասխանեց.

-Դա մեզ համար արխիւաժնօ հարց է։ Այսօր, այդ փաստաթղթերի համար ստացանք 200 դոլար։

Ասաց եւ 100 դոլարանոցը ժպտալով մեկնեց ինձ։ Բնականաբար ոչ միայն հրաժարւեցի, այլեւ վերջնագիր ներկայացրեցի նրան, որ հելսինկեանում, կամ՝ ես կամ՝ նա։ Քանի որ կոմիտէում իմ կողմնակիցները մեծամասնութիւն էին կազմում, Միկան հրաժարական ներկայացրեց եւ որոշ ժամանակ անց հիմնադրեց «Հելսինկեան ասոցացիան»։ Իհարկէ, մեր յարաբերութիւնները դարձել էին շատ սառը, բայց մենք յաճախ էինք հանդիպում տարբեր միջազգային համաժողովներում, ինչպէս նաեւ Երեւանում, տարբեր միջազգային կառոյցների հետ հանդիպումների ժամանակ։ Այժմ ներկայացնեմ այդ հանդիպումներից մի քանի դրւագներ։

2000 թւականն էր, «Մոսկովեան հելսինկեան խումբը», որը յիրաւի համարւում է հելսինկեան շարժման հիմնադիրը, Մոսկւայի «Կոսմոս» հիւրանոցում կազմակերպել էր միջազգային իրաւապաշտպանական համաժողով՝ նւիրւած Հելսինկեան համաձայնագրերի 25-ամեակին։ Հայաստանից հրաւիրւած էինք ես ու Միքայէլ Դանիէլեանը։

Համաժողովի բացումից ու ողջոյնի ելոյթներից յետոյ, աշխատանքներն անցնում էին խմբերով՝ ըստ ռեգիոնների եւ թեմաների։ Համաժողովի վերջին, 3-րդ օրը համաժողովի լիագումար նիստն էր, բոլոր պատւիրակների մասնակցութեամբ։ Նիստը վարում էր «Մոսկովեան հելսինկեան խմբի» հիմնադիր եւ պատւաւոր նախագահ Իւրի Օռլովը, ով երկար տարիներ աշխատել էր Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում եւ ընտրւել ՀՀ Գիտութիւնների Ակադեմիայի իսկական անդամ։ Երբ Իւրի Օռլովը 1976 թ., համախոհների հետ հիմնադրեց «Մոսկովեան հելսինկեան խումբը», նրան զրկեցին ՀՀ ԳԱ ակադեմիկոսի կոչումից։ Հետաքրքիր է, որ Անդրէյ Սախարովին, ում բնակարանից յայտարարւեց «Մոսկովեան հելսինկեան խմբի» ստեղծման մասին, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսի կոչումից չզրկեցին։ Իւրի Օռլովի հետ փոխադարձ համակրանք եւ վստահութիւն ունէինք (https://www.aravot.am/2021/01/19/1165708/):

Եզրափակիչ նիստում Իւրի Օռլովն ամփոփեց համաժողովի աշխատանքները, որից յետոյ նախագահութեան միւս անդամները ընթերցեցին մասնակիցների կողմից առաջարկւած տարբեր բանաձեւերը՝ համաժողովի քւէարկութեանը դնելու եւ որպէս համաժողովի յայտարարութիւններ ընդունելու համար։ Բանաձեւերը վերաբերում էին, օրինակ Թուրքմենստանում, Ուզբեկստանում մարդու իրաւունքների վիճակին։ Եւ յանկարծ, ընթերցւեց բանաձեւ, որը ներկայացւեց, որպէս Հայաստանի պատւիրակութեան կողմից առաջարկւած։ Բանաձեւը համաժողովի կողմից կոչ էր ուղղւած Եւրոխորհրդին, որ Հայաստանին չընդունեն ԵԽ, քանի որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20%-ը եւ հայաստանցիները ծառայում են Ադրբեջանի տարածքում։ Համաժողովի բոլոր մասնակիցները տարակուսանքով աջ ու ձախ նայեցին։ Ես անհամբեր ձեռք էի բարձրացնում։ Տեսնելով պարզած ձեռքս, Իւրի Օռլովը ձեռքի շարժումով ինձ հանգստացրեց, ձայն տալով այլ մասնակիցների։ Կարծեմ երկու հոգի խօսեցին, ասելով, որ եթէ Հայաստանի պատւիրակութիւնն առաջարկում են, ուրեմն ընդունենք։ Վերջում խօսեց Իւրի Օռլովը․

-Հայաստանը ներկայացնում են երկու պատւիրակներ, ովքեր այս հարցի վերաբերեալ տրամագծօրէն հակառակ կարծիքներ ունեն։ Այս բանաձեւը ես հանում եմ քւէարկութիւնից։

Երկրորդ դրւագը 2001 թւականին Վարշաւայում էր, «Ընդդէմ ռասիզմի եւ այլատեացութեան» քաղաքացիական հասարակութեան համաժողովում։ Ինչպէս մոսկովեան, այնպէս էլ վարշաւեան համաժողովում, հիմնական աշխատանքներն ընթանում էին աշխատանքային խմբերում եւ վերջին օրը՝ լիակատար նիստում պէտք է ընդունւէին բանաձեւեր։ Համաժողովում ընդունւած բանաձեւ-յայտարարութիւնները պէտք է ներկայացւէին նոյն տարում Հարաւ Աֆրիկեան Հանրապետութեան Քէյփ Թաուն քաղաքում ՄԱԿ-ի կողմից անցկացւելիք նոյնանուն համաժողովին։ Լիագումար նիստը վարում էր ճանաչւած իրաւապաշտպան, «Վարշաւեան հելսինկեան ֆոնդի» նախագահ Մարեկ Նովիցկին։

Եւ նորից, ինչպէս Մոսկւայում՝ տհաճ անակնկալ։ Ադրբեջանի պատւիրակները Միքայէլ Դանիէլեանի հետ համատեղ, համաժողովի քւէարկութեանն էին ներկայացրել «Խոջալուի ցեղասպանութիւնը» դատապարտող բանաձեւ-յայտարարութեան նախագիծ։ Ինչպէս Մոսկւայում, ես սկսեցի անհանգիստ շարժումներ անել՝ անվերջ ձեռքս բարձր ճօճելով։ Եւ ինչպէս Իւրի Օռլովն, այնպէս էլ Մարեկ Նովիցկին ձեռքի շարժումով ինձ հանգստացնում էր։ Ահա այդ բանաձեւի մասին Մարեկ Նովիցկու խօսքը.

-Սումգայիթի ու Բաքւի ցեղասպանութիւնների մասին տեղեակ եմ, իսկ այս մասին ո՞վ գիտի։

Սրանով հարցը փակւեց։

Եւ վերջապէս երրորդ դրւագի մասին։

2004 թւականն էր, Երեւան էր ժամանել Եւրոխորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտէի մոնիտորինգային «Ագոյի խումբ»-ը։ «Երեւան» հիւրանոցում «Ագոյի խմբի» հանդիպում էր Հայաստանի քաղհասարակութեան հետ։ Զրուցեցինք Հայաստանի ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտաւորութիւնների կատարման ընթացքից։ Խօսք վերցրեց Միքայէլ Դանիէլեանն ու ասաց.

-Հայաստանի քաղաքացիներն անօրինական զինւորական ծառայութիւն են անցնում այլ պետութեան տարածքում։

«Ագոյի խմբի» անդամներից մէկը հարցրեց.

-Ի՞նչ նկատի ունէք։

-Նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը։

-Բայց չէ՞ որ Ղարաբաղի անվտանգութիւնն ապահովում է Հայաստանը։

-Ախ, դուք էլ էք այդպէս մտածում։ Ես այստեղ անելիք չունեմ,-ասաց Միկան ու ցուցադրական հեռացաւ։

Այժմ, այս բոլոր պատմութիւնները ներկայացնելու գլխաւոր շարժառիթի մասին։

2001 թւականին էր, «Հայկական ժամանակ» թերթի խմբագրութիւնում ինչ-որ հաւաք-քննարկում էր։ Ներկաների թւում էր կիսահարբած Միքայէլ Դանիէլեանը։ Միմեանց բարեւեցինք եւ նա ժպտալով ասաց. «Ինձ ասել են, որ ամէն հարցում օգնեմ Նիկոլին։ Էնպէս որ, իմ հիմնական համախոհը, ում հետ սերտօրէն համագործակցում եմ Նիկոլն է։ Բոլոր հարցերում մենք նոյն կերպ ենք մտածում եւ ես ամէն ինչում նրան օգնելու եմ»։

Այսպիսով, տարիներ շարունակ բազմաթիւ գործիչներ, ինչպիսիք եղել են Միքայէլ Դանիէլեանը, Գէորգի Վանեանը, Արտակ Կիրակոսեանը, Ստեփան Գրիգորեանը եւ բազմաթիւ այլ անձինք, յանուն փողի, գործել են ընդդէմ Արցախի եւ Հայաստանի։ Դրանք բոլորն, այս կամ այն չափով աջակցեցին ամէն ինչին ընդունակ, ամէն գնով իշխանութեան հասնելու պատրաստ, նախկին միջակ լրագրողին, պատերազմ հրահրելու, հազարաւոր զոհեր տալու, Արցախը վաճառելու գործում։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

Yerkir.am

Related Articles

Back to top button