Ադրբեջանը Շուշիի Մեղրեցոց Ս. Աստւածածին եկեղեցու պատմական շերտերը աղբակոյտի է վերածել
Ադրբեջանն աղբակոյտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Ս. Աստւածածին եկեղեցու պատմական շերտերը։ Այս մասին ահազանգում է Արցախի յուշարձանների մշտադիտարկմամբ զբաղւող «Monument Watch» կազմակերպութիւնը։
«Ինչպէս յստակ երեւում է «Կովկասի ժառանգութեան մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնութեան կողմից հրապարակւած արբանեակային լուսանկարներից, օկուպացւած Շուշի քաղաքում իրականացւող շինարարական աշխատանքների հետեւանքով վնասւել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Ս. Աստւածածին եկեղեցու մնացորդները (նկ. 1):
Համաձայն 2023 թւականի նոյեմբերի 3-ին արւած արբանեակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակայ տարածքների շինարարութեան ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռեւս 2017 թւականի պեղումներով բացւած հիմնապատերի եւ ծաւալների վրայ:
Դեռեւս 2021 թւականից արբանեակային լուսանկարները փաստել են միայն տարածքի անխնամ եւ խոտածածկ դառնալը:
Մեղրեցոց Ս. Ասւածածին եկեղեցին կառուցւել է 1838 թւականին Մահտեսի Հախումեանցի ծախսերով։
1960-ական թւականներին եկեղեցու ծաւալների մեծ մասը քանդւել է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից՝ յարմարեցւելով եւ վերածւելով ամառային բացօթեայ կինոթատրոնի: Նշենք, որ սկսած 1960-ական թւականներից Ադրբեջանի իշխանութիւնները սկսեցին ակտիւօրէն բռնաիւրացնել Շուշի քաղաքի մշակութային ժառանգութիւնը՝ արհեստական կերպով փոխելով քաղաքի մշակութային կերպարը, այն վերածելով ադրբեջանական մշակութային կենտրոնի: Այս քաղաքականութեան արդիւնքում զգալիօրէն վնասւեց Շուշի քաղաքի հայկական թաղամասը եւ նրա յուշարձանները: Մասնաւորապէս, վթարային վիճակի հասցւեց Շուշի քաղաքի Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, Կանաչ Ժամ եկեղեցին վերածւեց հանքային ջրերի ըմպելասրահի:
Իսկ Կուսանաց վանք եւ Ագուլեցոց Ամենափրկիչ եկեղեցիները հիմնայատակ քանդւեցին եւ ոչնչացւեցին: Այդ նոյն տարիներին Ադրբեջանի իշխանութիւնների կողմից աւերւեց քաղաքի հայկական գերեզմանոցը: Մեղրեցոց եկեղեցու պարագայում Ադրբեջանի իշխանութիւնները պայթեցումներով քանդել են եկեղեցու պատերի մեծ մասը, իսկ մէկ մետրից բարձր պահպանւած հիմնապատերը ներառւել են ասֆալտի տակ (Մկրտչեան 1980, 155-161, Պետրոսեան 2010, 137-148):
Մեղրեցոց եկեղեցու տարածքում 2017 թւականին պեղումներ է իրականացրել Արցախի Հանրապետութեան «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշաւախումբը (արշաւախմբի ղեկավար պ. գ. թ. Երանեան Ն., ճարտարապետ Տիտանեան Մ.): Նախքան պեղումները (նկ. 2, 3) տարածքն ամբողջովին ասֆալտապատ էր, տեղում երեւում էին միայն խորանը եւ երկու աւանդատները (Երանեան 2021, 498-502): Պեղումների արդիւնքում հեռացւել է ասֆալտի շերտը եւ բացւել են եկեղեցու հիմքերը (նկ. 4):
Ադրբեջանի իշխանութիւնները 2020 թւականի նոյեմբերին քաղաքն օկուպացնելուց յետոյ ակտիւ կերպով շարունակում են դեռեւս 1960-ական թւականներին սկսած Շուշի քաղաքի պատմութեան, մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ իւրացման քաղաքականութիւնը։
Հաագայի արդարադատութեան միջազգային դատարանի 2021 թւականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելւել են հայկական եկեղեցիների ոչնչացման գործողութիւնները․ «Ադրբեջանը պարտաւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողութիւնները, որոնք իրականացւում էին հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ․․․»։ Յաւելենք նաեւ, որ իւրաքանչիւր ժողովրդի մշակութային արժէքներին հասցւող վնասը հարւած է ողջ մարդկութեան մշակութային ժառանգութեանը, քանզի իւրաքանչիւր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանութեան մէջ։ Համաձայն «Զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի 4-րդ յօդւածի՝ արգելւած է մշակութային ժառանգութեան հանդէպ վանդալիզմի, գողութեան, կողոպուտի, իւրացման, թշնամանքի եւ հաշւեյարդարի ցանկացած գործողութիւն։ Ըստ Հաագայի 1954 թւականի առաջին արձանագրութեան՝ արգելւած է գրաւեալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժէքները։
Մշակութային ժառանգութեան նմանօրինակ դիտաւորեալ ոչնչացման քաղաքականութիւնը դատապարտւում է նաեւ «Մշակութային ժառանգութիւնը դիտաւորեալ ոչնչացնելու մասին» ԻՒՆԵՍԿՕ-ի 2003 թւականի հռչակագրով»,- ասւած է կազմակերպութեան կայքում։