Ռուս պատգամաւորը՝ Ալիեւի եւ Փաշինեանի բանակցութիւնների մասին. «Ողջ Սիւնիքը կորցնելու վտանգ կայ»

«ԱԼԻՔ» – ՌԴ Պետդումայի պատգամաւոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է Աբու Դաբիում Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցութիւններին:
Պատգամաւորի խօսքով՝ չի բացառւում, որ Ալիեւն ու Փաշինեանը հանդիպել են այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի հարցի համար, որը ողբերգական կը լինի Հայաստանի ապագայի համար:
«Հայաստանի համար գլխաւոր ռիսկը կոչւում է Նիկոլ Փաշինեան, որովհետեւ Ալիեւը, Էրդողանը եւ միւսները չեն փոխել իրենց դիրքորոշումը։ Նրանք Հայաստանի համար երբեք բարեկամ չեն եղել եւ չեն լինի։
Սա հանդիպում է անորոշ օրակարգով, եւ այն թաքցւած է մարդկանցից։ Եթէ խօսենք ինչ-որ սահմանային սահմանազատման մասին, ապա վաղուց ժամանակն է դա անել։ Ես վախենում եմ, որ ինչ-որ անհասկանալի գործողութիւնների արդիւնքում ինչ-որ մէկը կարող է կարծել, որ Հայաստանը պատրաստ չէ տէր կանգնել իր ողջ տարածքին։ Եւ կարող է պայմանագիր կնքւել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքի ինչ-որ անվերահսկելի տարանցման մասին, այսինքն, ըստ էութեան, միջանցքի ստեղծում, որն, անշուշտ, ողբերգական կը լինի տարածքի, հէնց Հայաստանի ապագայի համար։ Այսինքն՝ ենթադրութիւնը, որ նրանք հանդիպել են այսպէս կոչւած միջանցքի հարցի համար, ես չեմ կարող բացառել»,- ասել է Միլոնովը։
Պատգամաւորի կարծիքով՝ այնպիսի տպաւորութիւն է, որ Ալիեւն ու Փաշինեանը սինխրոն են գործում։
«Ե՛ւ Ալիեւի, ե՛ւ Փաշինեանի գործողութիւնները շատ սինխրոն են արւում։ Անձամբ ես վստահ եմ, որ այս ամէնը նոյն արշաւի որոշ տարրեր են։ Եւ այս արշաւի արդիւնքը ցաւալի է Հայաստանի՝ որպէս ամբողջ պետութեան գոյութեան համար։
Եթէ այսպէս կոչւած միջանցք բացւի, ապա ամբողջ Սիւնիքը կորցնելու վտանգ կայ։ Մենք շատ լաւ հասկանում ենք, որ կան մորուքաւոր բարբարոսների ինչ-որ յորդաներ, որոնք եկել են Թուրքիայի տարածքից եւ այժմ թալանում, բռնաբարում եւ սպանում են Սիրիայի տարածքում։ Եւ մեծ ռիսկ կայ, որ նրանք կարող են յայտնւել հայկական տարածաշրջանում»,-եզրափակել է Միլոնովը։