Իւետ Թաջարեանի հեղինակած գրքի շնորհանդէսը՝ Նոր Ջուղայում
Շաբաթ՝ յունւարի 27-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Խաչատուր Կեսարացի անւան թանգարանում, տեղի ունեցաւ «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անւան Մատենադարանի հաւաքածուներից» գրքի Ա հատորի շնորհանդէսը. գրքի հեղինակն է Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող Իւետ Թաջարեանը:
Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Վարուժ Մինասեանն ու Զաւէն Սիմոնեանը եւ համայնքի անդամներ, իսկ Հայաստանից ժամանած պատւիրակութեանը մաս էին կազմում՝ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանից՝ տնօրէն Արա Խզմալեանը, զարգացման գծով տնօրէնի տեղակալ Տաթեւիկ Մուրադեանը, գրքի հեղինակը նոյն ինքը Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող Իւետ Թաջարեանը, հրատարակչութեան ղեկավար Հայկ Համբարձումեանը եւ զարգացման ծրագրերի մասնագէտ Սոնա Բալոյեանը:
Միջոցառման բացումը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը՝ բացատրելով, որ պատւիրակութիւնը պարսկական եւ հայկական կենտրոններ կատարած իր այցելութիւնների կողքին հանդիպում է ունեցել առաջնորդարանի մի շարք պատասխանատուների հետ. նշւած հանդիպմանը, որպէս առաջնորդարանի ներկայացուցիչներ ներկայ են եղել՝ դիւանապետ Արիս Դաւթեանը, մատենադարանի եւ արխիւների վերականգնման կենտրոնի պատասխանատու Թովմա Գալստանեանը, գրադարանի եւ Հանրային կապի գրասենեակի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը եւ արխիւների վերականգնման կենտրոնի աշխատող Վանանդ Իսաղուլեանը: Ընթացքում երկկողմ համաձայնութիւններ են կայացել մասնագէտների վերապատրաստման, գիտական յօդւածների հրատարակման եւ այլ խնդիրների շուրջ:
Ընթացքում արտայայտւեց Մատենադարանի տնօրէն Արա Խզմալեանը, ով պատրաստակամութիւն յայտնեց երկկողմանի համագործակցութեան՝ գիտահետազօտական եւ գրական ժառանգութեան պահպանման ոլորտներում: Նա բարձր գնահատելով հեղինակի կատարած գիտաշխատութիւնը՝ գրքից մէկ օրինակ նւիրեց վանքի գրադարանին:
Այնուհետեւ հերթն հասաւ «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անւան Մատենադարանի հաւաքածուներից» պատկերագրքի հեղինակ Իւետ Թաջարեանին՝ իր աշխատութեան մասին բացատրութեամբ հանդէս գալու:
Հեղինակը, ով ծնունդով իրանահայ է, սովորել է Երեւանի պետական համալսարանի Հայ արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնում, ապա Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արւեստի ինստիտուտի ասպիրանտուրայում։
2013 թ.-ից աշխատում է Մաշտոցեան Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնում՝ որպէս աւագ գիտաշխատող։
Ներկայացւած պատկերագիրքը երկլեզու է՝ հայերէն եւ անգլերէն: Հրատարակւել է Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի եւ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ:
Գրքում տեղ են գտել Մատենադարանի ֆոնդերից ընտրւած եզակի լուսանկարներ, որոնց շնորհիւ ներկայացւում է համաշխարհային լուսանկարչութեան ասպարէզում հայ լուսանկարիչների ներդրումը, կարեւորւում նրանց դերը՝ նպատակ ունենալով արժեւորել հսկայական ժառանգութիւնը եւ շեշտել Մատենադարանում պահւող իւրաքանչիւր լուսանկարի կարեւորութիւնը։
Պատկերագրքում ընդգրկւած են լուսանկարչութեան ամենանշանաւոր ներկայացուցիչներ Աբդուլլահեան եղբայրների, Անթուան Սեւրուգինի, Դմիտրի Երմակովի, Արամ եւ Արա Վրոյրների, Մատթէոս Փափազեանցի, Յովհաննէս Քիւրքչեանի, Կարապետ Յովհանջանեանի, Մարտիրոս Դադեանցի եւ այլ լուսանկարիչների հարիւրից աւելի արժէքաւոր լուսանկարներ։
Սոյն աշխատութիւնը մասնագիտական օժանդակ նիւթ կարող է դառնալ ոչ միայն պատմաբանների, հնագէտների, աստւածաբանների, արւեստաբանների, ազգագրագէտների, հայագէտների, մարդաբանների, հայկական գաղթօջախները եւ հայկական ցեղասպանութիւնը ուսումնասիրողների համար, այլ նաեւ հայ լուսանկարիչների գործունէութիւնը հետազօտող մասնագէտների համար։
Սոյն գրքից նմուշներ տրամադրւելու են համայնքիս գրադարաններին, ինչպէս նաեւ Սպահանի Պետական համալսարանի հայագիտական ամբիոնին:
Թղթակից (Նոր Ջուղա)