Գեղամ Մանուկեան. «Ալիեւը էրդողանին պէտք է վճարի Արցախի օկուպացիայի համար. Թուրքիան չի թաքցնում իր ակնկալիքները»
«ԱԼԻՔ» – Տարածաշրջանը եռում է, Ադրբեջանը շատ ակտիւ գործում է արտաքին քաղաքական հարթակներում, որի ապացոյցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն է Ադրբեջան եւ հարց է առաջանում, թէ ի՞նչ է անում Հայաստանը։ Եւս մէկ անգամ հաստատւում է վաղուց շրջանառւող այն թեզը, որ Հայաստանը բանակցային պրոցեսներում ոչ թէ բանակցութիւնների սեղանի շուրջ է նստած, այլ բանակցութիւնների սեղանի վրա է։ «ՓաստԻնֆօ»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։
Մանուկեանի դիտարկմամբ՝ տարածաշրջանում երկար ժամանակ տարածաշրջանային հարցերում Հայաստանի դիրքորոշման արդիւնքում Թուրքիան չէր համարձակւում խառնւել նոյն արցախեան հակամարտութեանը։ Արդէն 2019թ․ Թուրքիան խառնւեց տարածաշրջանային գործընթացներին, որը Հայաստանի կողմից որեւէ արձագանգի չարժանացաւ եւ 44-օրեայ պատերազմին Թուրքիան ամբողջական ու լիակատար մասնակցութիւն ունեցաւ եւ Ադրբեջանից դրա դիմաց հիմա գին է ակնկալում։ Այսօր մենք գործ ունենք մի վիաճկի հետ, երբ գրեթէ բոլորից մերժւած, բոլորի հետ յարաբերութիւնները փչացրած Հայաստանի պետութիւն կայ եւ յարաբերութիւնները խորացնող՝ Ադրբեջան։
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական յարաբերութիւններին, պատգամաւորը նշեց, որ 1918թ․ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեան ձեւաւորման մէջ վճռական ներկայութիւն է ունեցել Օսմանեան կայսրութիւնը, բայց, նոյնիսկ, 1918-1920թթ․ տարբեր տնտեսական ու քաղաքական հարցերում հակասութիւններ կային։ Անցնող 30 տարիների ընթացքում եւս թուրք-ադրբեջանական յարաբերութիւնները հարթ չեն եղել։ Կրտսեր եղբոր կարգավիճակով չէ, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ յարաբերութիւններ է պահպանել, դրան գումարած խորքային փոփոխութիւնները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի քաղաքական համակարգում, երբ թուրք զինւորականները վճռական ներկայութիւն ու մասնակցութիւն ունեցան Արցախի օկուպացիային։
Անդրադառնալով կոմունիկացիաների ապաշրջափակմանը, Մանուկեանը նշել է․ «Կոմունիկացիաների ենթադրեալ երթուղու ինքնարժէքը բաւականին բարձր է։ Բոլոր ճանապարհների ապաշրջափակում ձեւակերպումը Հայաստանի իշխանութիւնների մեղքով վերածւեց Նախիջեւան-Մեղրի-Ադրբեջան-Հորադիզ-Բաքու երկաթուղու շահագործման»։