Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ամատունի Վիրաբեան. «Եթէ «միջանցքը» բացւեց, դա կը լինի Հայաստանի ինքնիշխանութեան կորուստ, նշանակում է՝ մենք դառնում ենք թուրք-ադրբեջանական ինչ-որ վասալ, վիլայեթ»

Վերջին օրերի ընթացքում Թուրքիայի տարբեր պաշտօնեաների կողմից հնչում են յայտարարութիւններ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման վերաբերեալ։ «Ազատութեան» փոխանցմամբ, Kanal7-ի հետ զրոյցում Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն յայտարարել է, որ Ադրբեջանի արեւելեան շրջաններից դէպի Նախիջեւան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել՝ ինչպէս Իրանի, այնպէս էլ՝ Հայաստանի տարածքով։

Ըստ նախարարի՝ առաջին դէպքում խօսքը 61 կմ. երթուղու մասին է, երկրորդ դէպքում՝ մօտ 43 կիլոմետրի։

«Այսպէս թէ այնպէս, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծւել առաջիկայում։ Ժամանակի հարց է»,- ասել է Ուրալօղլուն։

Հոկտեմբերի 14-ին էլ Ժնեւում հանդիպման ժամանակ այս թեմային անդրադարձել են Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների խօսնակները՝ Նուման Քուրթուլմուշը եւ Սաբիհա Գաֆարովան։

Քուրթուլմուշը նշել է, թէ ցանկանում են, որ «ամենակարճ ժամանակամիջոցում Ղարաբաղը բարեկարգւի եւ «Զանգեզուրի միջանցք»-ը բացւի, օգուտ ապահովի Ադրբեջանի, Թուրքիայի եւ տարածաշրջանի միւս ժողովուրդներին»։

Հայաստանի ազգային արխիւի նախկին տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր Ամատունի Վիրաբեանի խօսքով՝ «Զանգեզուրի միջանցք» բացելը որեւէ առնչութիւն չունի սահմանազատման ու սահմանագծման հետ, առաւել եւս՝ Ալմա Աթայի հռչակագրի, որով իրականացնում են սահմանազատում։ Սա թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրն է, որը փորձում են իրականացնել։

«Միանշանակ սահմանազատումն ու սահմանագծումը որեւէ «միջանցք» չի նախատեսում, նման գաղափար առհասարակ չկայ այն հռչակագրում, որը երկու կողմերը հիմք են ընդունել գործընթացը սկսելու համար։ Այնտեղ մէկ տող է գրւած, որ այս երկրները ճանաչում են Խորհրդային Միութեան տարիներին գոյութիւն ունեցող երկրների ադմինիստրատիւ սահմանները։

Աւելին՝ այսօր սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ անցկացնելու իմաստ չկայ, որովհետեւ նման աշխատանքներ անցկացւել են 1986-1987 թւականներին։ Դրա հիման վրայ կազմւել է 180-ից աւելի արձանագրութիւն՝ ամէն մի հատւածի վերաբերեալ»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Ամատունի Վիրաբեանը։

Ըստ Ամատունի Վիրաբեանի՝ ՀՀ իշխանութիւնը յստակ պէտք է յայտարարի, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հետ «միջանցքն» առնչութիւն չունի։ «Միջանցք»-ն այլ խնդիր է, որի մանրամասների մասին չի կարող որեւէ բան ասել։

«2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ է նախատեսւած «միջանցք»-ը, որն այսօր կողմերից մէկը պարտադրում է, միւս կողմը՝ դիմադրում, քանի որ 2020 թւականի նոյեմբերի 9-ին լաւ չի պատկերացրել, թէ դա ինչ է նշանակում։ Ռուսաստանի սահմանապահները պէտք է այսօր հսկէին այս հատւածը, բայց նրանք չեն հսկելու։ Այդ կէտը ներառւել է, որպէսզի Ռուսաստանն իր հսկողութիւնն այս տարածաշրջանում պահպանի, նաեւ գծի, թէ այդ հատւածում ինչպիսի շարժ է լինելու:

Այնպէս որ՝ սա Հայաստանի համար շատ բարդ խնդիր է, որովհետեւ եթէ այդ «միջանցք»-ը բացւեց, դա արդէն Հայաստանի ինքնիշխանութեան կորուստն է, եւ դա նշանակում է, որ մենք դառնում ենք թուրք-ադրբեջանական ինչ-որ վասալ, վիլայեթ»,- ընդգծել է Ամատունի Վիրաբեանը։

Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button