Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ի՞նչ սցենար է փորձում խաղարկել Փաշինեանն ապաշրջափակման հարցում

ՀՀ ԱԳՆ-ն Բաքւին առաջարկել է օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը։ ԱԳՆ մամուլի խօսնակ Անի Բադալեանն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում յայտարարել է, որ, շահագրգռւած լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցւածքների ապաշրջափակմամբ, ինչը եւ իրականում նախատեսւած է եռակողմ յայտարարութեամբ՝ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել եւ առաջարկում է օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը:

Ըստ ՀՀ արտգործնախարարութեան, եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետութիւնն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցումը եւ երաշխաւորում նրանց անվտանգութիւնը: «Սա շատ պարզ ձեւով գրւած է յայտարարութեան մէջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետութիւնը դա պէտք է անի իր իրաւազօրութեան եւ ինքնիշխանութեան շրջանակներում: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմիններին, եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտով նրանց ֆիզիկական ներկայութիւն նախատեսւած չէ»,- նշել է ՀՀ ԱԳՆ խօսնակը:

Նա նաեւ ասել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ նախատեսւում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպէս նաեւ 5 կմ. լայնութեամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողութեան ներքոյ, բայց ո՛չ Լաչինի միջանցքը կայ, ո՛չ ՌԴ խաղաղապահները:

«2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ նախատեսւում է, որ ներքին տեղահանւած անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան ներքոյ, բայց Ադրբեջանը յայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկայ, Լեռնային Ղարաբաղ չկայ, ինչը, ըստ էութեան, նշանակում է եռակողմ յայտարարութեամբ նախատեսւած այս պարտաւորութեան կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանւած մինչեւ օրս չի վերադարձել ոչ Լեռնային Ղարաբաղի տարածք, ոչ յարակից շրջաններ:

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ նախատեսւում է ռազմագերիների, պատանդների եւ այլ պահւող անձանց փոխանակում. մինչեւ այսօր ադրբեջանական բանտերում պահւում են հայեր, այդ թւում՝ 2020 թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարւած: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթէ ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահւող անձ. եռակողմ յայտարարութեան ձեւակերպումը վերաբերում է անազատութեան մէջ գտնւող ցանկացած անձի։

Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաեւ անյայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետութիւնը նոյնպէս այս հարցը բարձրացնում է, որովհետեւ երկու պատերազմների հետեւանքով շուրջ հազար անյայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, եւ մենք պատրաստ ենք այս հարցում նոյնպէս համագործակցել»,- նշել է խօսնակը՝ խօսելով պարտաւորութիւնների մասին, որոնք Ադրբեջանը պէտք է իրականացներ, սակայն չի արել։

Օրերս Նիկոլ Փաշինեանը «Խաղաղութեան խաչմերուկ. միաւորելով անվտանգութիւնն ու ժողովրդավարութիւնը» համաժողովի ընթացքում ասել էր, որ Հայաստանն է երաշխաւորելու այդ ճանապարհի անվտանգութիւնը, Ռուսաստանը մոնիտորինգ կարող է անել, թէ որքանով է Հայաստանը կատարում պարտականութիւնը։

«Աւելին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան որեւէ կէտում որեւէ տեղ չկայ, որ Հայաստանի Հանրապետութեան որեւէ ինքնիշխան իրաւազօրութիւն որեւէ կերպ սահմանափակւելու է, որ Հայաստանի Հանրապետութեան մի քառակուսի մետր տարածքի վրայ որեւէ ուրիշ երկիր սահմանելու է վերահսկողութիւն։ Չկայ նման բան, եւ ընդհանրապէս չի կարող լինել»,- նշել էր Փաշինեանը։

Յատկապէս ուշագրաւ է այն հանգամանքը, որ այս յայտարարութիւնը Փաշինեանն անում է Մոսկւայից վերադառնալուց յետոյ, որտեղ հոկտեմբերի 8-ին հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ըստ որոշ տեղեկութիւնների, հայկական կողմն ինքն է հրաժարւել Մոսկւայում եռակողմ հանդիպումից։ Պաշտօնական հաղորդագրութիւններում չկար որեւէ խօսք այն մասին, որ Փաշինեան-Պուտին հանդիպմանը քննարկւել է ապաշրջափակման եւ Բաքու-Երեւան խնդիրների կարգաւորման մասին հարցերը, սակայն ՌԴ նախագահի խօսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը շօշափւել է Ալիեւի ու Փաշինեանի հետ հանդիպումների ընթացքում։ Իսկ թէ ինչ կոնտեքստում եւ հնարաւոր ինչ պայմանաւորւածութիւնների շրջանակում է քննարկւել՝ բարդ է ասել։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը 168.am-ի հետ զրոյցում մեկնաբանելով Ադրբեջանը Նախիջեւանին կապող այս երթուղու շուրջ ստեղծւած իրավիճակը եւ Փաշինեանի մեկնաբանութիւնը, թէ ՌԴ ԱԴԾ-ն կարող է մոնիտորինգ անել, ասաց, որ միանշանակ այդ թեման պատահական չի բացւում հէնց այս փուլում՝ զուգահեռաբար Բաքւին առաջարկելով սկսել ապաշրջափակումը, ինչպէս նաեւ ստորագրել Խաղաղութեան համաձայնագիրը։

Նրա խօսքով, չի բացառւում, որ հայկական կողմը փորձում է մէկ այլ սցենար խաղարկել՝ գնահատելով աշխարհաքաղաքական իրավիճակն ու այդ ֆոնին հնարաւոր ռեգիոնալ զարգացումները։

«Հայաստանն ամիսներ շարունակ առաջարկում էր Ադրբեջանին ստորագրել Երեւան-Բաքու դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու վերաբերեալ փաստաթուղթը, որը բանակցւել էր, առաջարկւում էր ըստ էութեան դա անել Արեւմուտքում՝ ամենայն հաւանականութեամբ՝ Վաշինգտոնում, որի համար Վաշինգտոնը բաւականին լուրջ ջանքեր ներդրեց, հանդիպումներ ու շփումներ նախաձեռնեց, սակայն ապարդիւն։ Այդ պլանը չաշխատեց, Ադրբեջանը սրեց հռետորաբանութիւնը եւ սկսեց նորանոր պահանջներ դնել Երեւանի եւ Արեւմուտքի առջեւ, ինչը տեղի ունեցաւ Պուտինի՝ Բաքու այցին զուգահեռ, երբ ՌԴ ԱԳ նախարարը քննարկեց եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտի թեման։

Սրան յաջորդեցին Երեւանի քննադատութիւնները՝ ուղղւած Ռուսաստանին, ՌԴ միջնորդութեանն ու նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Այս ընթացքում, իհարկէ, շատ տարբեր բաներ ասւեցին, որ երթուղու վրայ տեղում ռուսական ներկայութիւն չպէտք է լինի, որ դա տապալւած փաստաթուղթ է, որ այլ երկրներից ներկայացուցիչներ պէտք է լինեն, եւ այլն։ Սակայն մոնիտորինգի մասին խօսւում է առաջին անգամ, ինչը պատահական չէ եւ որոշակի իմաստ ունի»,- նման կարծիք յայտնեց նա։

Ըստ Տարասովի, թերեւս Հայաստանը հասկանում է, որ խաղաղութեան համաձայնագիրը ստորագրելու համար պէտք է փորձի ընթանալ նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտն իրագործելու ճանապարհով, քանի որ Արեւմուտքը հեռացել է գործընթացից եւ կայուն երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին անվտանգային սպառնալիքի դէպքում։

«Սակայն դա փորձ է արւում փաթեթաւորել՝ որպէս մոնիտորինգային գործընթաց, ոչ թէ վերահսկողական, քանի որ մի քանի տարի է, ինչ ՀՀ իշխանութիւնները քննադատում են այդ կէտը՝ ասելով, թէ ՀՀ-ն միայնակ է լինելու տեղում։ Չի բացառւում նաեւ, որ այս հարցը քննարկւել է բարձրաստիճան մակարդակում, եւ որոշակի կոնսենսուս է ձեւաւորւել Երեւան-Մոսկւա ձեւաչափում, որ լինելու է ոչ թէ սահմանապահների կայուն, անընդհատ ներկայութիւն, այլ ինչ-որ այլ ձեւաչափ, որն ընդունելի է Երեւանի համար։ Սա կարող է ընդունելի լինել նաեւ Իրանի համար, որն այս թեմայի վերաբերեալ հարցեր էր բարձրացնում։ Յստակ ասել, թէ նման հանդիպումների ժամանակ հարցերն ինչ դիտանկիւններից են քննարկւում, գրեթէ անհնար է, սակայն ասել, որ հարցը քննարկւել է, եւ որոշակի հարցեր աւելի պարզ են դարձել, ակնյայտ է»,- նկատեց նա։

Քաղաքագէտի կարծիքով, պատահական չէր նաեւ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի յայտարարութիւնը, թէ առանց ՌԴ-ի՝ ապաշրջափակում չի կարող տեղի ունենալ։

«Ադրբեջանը յայտարարում էր, որ կը ստորագրի, երբ բոլոր հարցերը լուծւեն, սա ըստ էութեան ամենակարեւոր հարցերից մէկն է եղել Ադրբեջանի համար։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտի իրագործումը որոշակի կոնսենսուսային սկզբունքով ձեռնտու է ռեգիոնում բոլորին, բացի Արեւմուտքից»,- ընդգծեց Տարասովը։

Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button