ԹեհրանՀամայնք

Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ կայացաւ Հայ արւեստի ու գրքի ցուցահանդէս

Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնը այս տարի բազմաոլորտ մշակութային միջոցառումներով նշւում է Թեհրանի հայկական միութիւններում: Թւականիս հոտկեմբերի 12-ին երեկոյեան՝ նախաձեռնութեամբ Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի, միութեան «Նայիրի» սրահում կազմակերպւել էր «Հայ Արւեստի ու գրքի ցուցահանդէս»: Գրքի ցուցահանդէս վաճառքին, որը կազմակերպւել էր նախասրահում  ներկայացւել էին Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի՝ ՀՈՒՍԿ հաստաստութեան, նաեւ «Նայիրի» հրատարակչութեան հրատարակած գրքերը:

Սրահում ցուցադրւել էին հայ արւեստագէտների պատրաստած արձանները, գեղանկարչութիւնները, արծաթից, պղնձից ու զանազան մետաղներից  պատրաստած իրերը եւ հայ կնոջ արւեստը ներկայացնող ասեղնագործութիւնները, ինչու չէ նաեւ ցորենով պատրաստած գեղեցիկ պատկերները: Միջոցառման կազմակերպման նպատակների մասին իր խօսքը փոխանցեց Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի նախագահ Արփի Ալավերդեանը: Նա նշեց. «Արւեստը Աստծու պարգեւն է, քանի որ Աստծու արարչագործութիւնն էլ արւեստի բացառիկ ստեղծագործութիւն է, որից օրինակներ վերցնելով շատ արւեստագէտներ կեանք են տւել իրենց ստեղծագործութիւններին: Հայկական արւեստն ու մշակոյթը եզակի է, այն արտացոլւում է կեանքի իւրաքանչիւր ասպարէզում՝ ճարտարապետութիւն, թատրոն, երաժշտութիւն, նկարչութիւն, գրականութիւն եւ….»: Նա գնահատեց ցուցահանդէսին իրենց մասնակցութիւնը բերած արւեստագէտներին եւ ներկաներին:

Վերջում Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանի եւ Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին մասնակիցներին: Ցուցահանդէսին ներկայացւած էին արձանագործ, քանդակագործ եւ արւեստագէտ հանցուցեալ Լիլիթ Տէրեանի,  քանդակագործ, արձանագործ հանգուցեալ Նշան Թանիքի, գեղանկարչուհի, քանդակագործ՝ հանգուցեալ Լէոնի (Լալիկ) Թաշճեանի, արւեստագէտ՝ Մուշեղ Խաչիկեանի, գեղանկարիչ եւ վերանորոգող՝ Սեդրակ Նազարեանի, արծաթագործ՝ Հրաչ Մկրտումեանի, պղնձագործ՝ Ալբերտ Արիստակեսեանի, գեղանկարիչ Գրիգոր Յաղուբիի, գեղանկարիչ Արամազդ Նազարեանի, մետաղագործ՝ Արսէն Յակոբեանի, գեղանկարիչ Վարդգէս Ասրեանսի, ասեղնագործներ՝ Սեդա Յակոբեանսի եւ Դիանա Յովհաննիսեանի, ցորենով շրջանակներ պատրաստող Ռիմա Ազարեանի եւ «Հայ կին» եւ «Հայ կին» միութեան կից «Արմենուհի» միութեան  անդամուհիների ձեռքի աշխատանքները:

Ցուցահանդէսի կազմակերպման հարցով իրենց անվերապահ համագործակցութիւնն էին բերել Թհերանի հայոց թեմի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանը՝ տնօրինութեամբ Ալիս Շահմուրադեանի, եւ կազմակերպիչ յանձնախմբի անդամներն էին՝ Արին Խուդավերդեանը եւ Ալին Գէորգեանը, որոնք վերջում գնահատւեցին:

Միջոցառմանը ներկայ էին Ազգային իշխանութեան, մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ արւեստասէր հասարակութիւն:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button