Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Օսկանեան. «Ես ձեռնոց եմ նետում Փաշինեանին. արի՛ բանավիճենք, բայց մէկ պայմանով»

«ԱԼԻՔ» – ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը վարչապետ Նիկոլ Փաշինեանին առաջարկել է բանավիճել արցախեան բանակցութիւնների թեմայով՝ առաջադրելով մէկ պայման:

«Նախկին նախագահները մերժեցին Փաշինեանի հետ բանավիճելու առաջարկը, հիմա որ նրանք մերժել են ես ուզում եմ ասել, որ ես 1992 թւականից ԼՂ բանակցութիւնների առաջին գծում եմ եղել, հասցրել եմ 2008-ին  իր բանակցային գագաթնակէտին, երբ ստացել ենք Մադրիդեան սկզբունքների փաստաթուղթը, որտեղ առաջին անգամ ամրագրւում էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ դա հաստատւում էր երեք համանախագահող երկրների կողմից եւ իրենց  կողմից եղել է այդ առաջարկութիւնը, որ ԼՂ-ն իրաւունք ունի հանրաքւէի միջոցով որոշել իր ճակատագիրը, սա իսկապէս մեծ յաջողութիւն էր: Մինչ այդ ես մասնակցութիւն եմ ունեցել բոլոր այլ տեսակի փաստաթղթերին, նրանք 5-ն են եղել, այդ բոլորին ունեցել եմ իմ ակտիւ մասնակցութիւնը, լաւատեղեակ եմ դրանց բովանդակութեան մասին:

Չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, որ նոյնիսկ հիմա, այսքան ժամանակ անց կարող եմ վերարտադրել բոլորի բովանդակութիւնը եւ այդ բոլորի իմաստը: Երեւի յաւակնոտ չի լինի, որ ասեմ, նախագահներից յետոյ հազւագիւտ մարդկանցից եմ, որ իսկապէս տիրապետում եմ ողջ գործընթացին: Այդ հանգամանքից ելնելով ուզում եմ ասել հետեւեալը, ես ելնելով այն հանգամանքից, որ լաւատեղեակ եմ գործընթացից, թոյլ չեմ տալու, որ Փաշինեանը շարունակի խաբել մեր ժողովրդին, թոյլ չեմ տալու դա անել յանուն Եռաբլուրում հանգչող մեր տղաների, յանուն ազգային պատմութեան, յաջորդ սերունդների: Ես իրաւունք ունեմ դա անելու, քանի որ լաւատեղեակ եմ կարող եմ ասել ժողովրդին, որ նա խաբում է իր մեղքերը քաւելու համար:

Ուստի ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինեանին, որ եթէ դու անկեղծ ես քո ասածին, արի մենք հանրային բանավէճ ունենանք, որ ես ժողովրդի առաջ քո աչքերին նայելով, քեզ համոզեմ, որ դու սխալ ես, բայց մէկ պայմանով, որ դու պարտւելուց յետոյ, ես համոզւած եմ, որ դու կը պարտւես, որովհետեւ սնանկ են քո բոլոր պնդումները, դու խոստանաս մեր ժողովրդին, որ կը փոխես քո քաղաքականութիւնը ԼՂ հարցում, դու առնւազն մօտ ապագայում բանակցային օրակարգ կը բերես ԼՂ հայերի իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու հարցը»,- ասել է նա:

Related Articles

Back to top button