ԶՈՒ ԳՇ. «Սիոնիստական թշնամու յարձակումը յաջողութեամբ յետ է մղւել»
«ԱԼԻՔ» – Զինւած ուժերի գլխաւոր շտաբը հոկտեմբերի 26-ին Իրանի վրայ Սիոնիստական ռեժիմի իրագործած յարաձակման կապակցութեամբ հանդէս է եկել հաղորդագրութեամբ:
ԶՈՒ ԳՇ-ի հրապարակած հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս նշւած է.
«Իրանի արժանապատիւ ժողովրդին տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 26-ի առաւօտեան, սիոնիստական թշնամու ինքնաթիռները խախտելով միջազգային օրէնքները եւ օգտագործելով ԱՄՆ ահաբեկչական բանակի տրամադրութեան տակ գտնւող Իրաքի օդային տարածքը, Իրանի բալիստիկ հրթիռների մարտագլխիկների քաշի մօտ 1/5-րդը կշռող թեթեւ մարտագլխիկներով հեռահար հրթիռներ են արձակել Խուզեստան, Իլամ եւ Թեհրան նահանգներում տեղակայւած ռադարների ուղղութեամբ՝ թեթեւակի վնասներ պատճառելով որոշ ռադարային համակարգերին, որոնց մի մասն անմիջապէս վերանորոգւել է, իսկ միւս մասը վերանորոգման փուլում է:
Այս հակաօրինական գործողութեան ընթացքում, երկրի հակաօդային պաշտպանութեան համակարգը պատրաստւածութեան բարձր մակարդակով, հաւաստանշել եւ որսացել են արձակւած հրթիռների մեծամասնութիւնը եւ կանխել են թշնամու ինքնաթիռների մուտքն Իրանի օդային տարածք:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը վերապահելով համապատասխան ժամանակին արձագանգելու իր օրինական իրաւունքը, ընդգծում է Գազայում եւ Լիբանանում կայուն զինադադարի հաստատման անհրաժեշտութիւնը՝ անօգնական ու ճնշւած ժողովրդի սպանդը կանխելու համար:
ԱՄՆ ահաբեկչական եւ յանցագործ կառավարութեանը, որն առանցքային դերակատարութիւն ունի Սիոնիստական ռեժիմի յանցաւոր գործողութիւններին աջակցելու գործում, զգուշացնում ենք՝ տարածաշրջանում էսկալացիայի եւ անկայունութեան տարածումը կանխելու համար, զսպել անօրինական եւ ոչ լեգիտիմ ռեժիմի գործողութիւնները, որպէսզի ինքն ու իր դաշնակիցներն աւելի չընկղմւեն այդ օկուպացիոն ռեժիմի ստեղծած ճահճում:
Իրանի ազնիւ ժողովրդին, զանգւածային լրատւամիջոցներին եւ փորձագիտական շրջանակներին կոչ ենք անում ուշադրութիւն չդարձնել ասեկոսեներին եւ ոչ հաւաստի տեղեկատւութեանը՝ հետեւելով միայն պաշտօնական աղբիւրների եւ պետական լրատւամիջոցի միջոցով տարածւող լրատւութեանը»: