ՄիջազգայինՔաղաքական

COP29-ին ընդառաջ. Իտալիայի պատգամաւորները կոչ են տարածել Բաքւում գտնւող հայերին ազատ արձակելnւ վերաբերեալ

«ԱԼԻՔ» – Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքւում անցկացւելիք՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան համաժողովի նախօրէին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերեալ։ Հաղորդում է իտալական ANSA գործակալութիւնը:

Կոչում մասնաւորապէս նշւած է.

«-Հաշւի առնելով, որ 2024 թւականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հիւրընկալելու է COP29՝ Միաւորւած ազգերի կազմակերպութեան կլիմայի փոփոխութեան համաժողովը,

– նկատի ունենալով, որ Իտալիան Բաքւի հետ ունի շատ լաւ առեւտրային եւ քաղաքական յարաբերութիւններ, ինչպէս նաեւ արդիւնաւէտ համագործակցութիւն էներգետիկ ոլորտում, ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եւրոպական գործընկերների շարքում,

– հաշւի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարաւային Կովկասի տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատումը, ուստի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահութեան բարձրացմանը նպաստող բոլոր գործողութիւնների եւ վերջնական խաղաղութեան համաձայնագրի ստորագրման խրախուսումը,

– արձանագրելով, որ վերջին հակամարտութիւններից յետոյ տարբեր պատճառաբանութիւններով Բաքւում դեռեւս պահւում են 23 հայ ռազմագերիներ եւ այլ պահւող անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին,

– հաշւի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կը լինի երկու երկրների միջեւ յարաբերութիւնների համար եւ հետագայում եւս լրացուցիչ դրական ազդեցութիւն կունենայ ողջ տարածաշրջանի եւ հէնց COP29-ի վրայ,

Իտալիայի Հանրապետութեան ներքոստորագրեալ պատգամաւորներն ու սենատորները կոչ են անում կառավարութեանը.

– Ադրբեջանցի գործընկերոջը յորդորել, որպէսզի COP29 միջոցառման շրջանակում, որպէս բարի կամքի դրսեւորում եւ ի նշան Իտալիայի հետ բարեկամութեան, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին եւ այլ պահւող անձանց,

– ապահովել՝ անհրաժեշտութեան դէպքում նաեւ սեփական միջոցներով, նրանց տուն վերադարձը,

– Հայաստանին եւ Ադրբեջանին փոխանցել Իտալիայի յանձնառութիւնը նպաստելու տարածաշրջանում վերջնական խաղաղութեան հաստատմանը»։

Related Articles

Back to top button