Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է արտահերթ ընտրութիւնների անցկացում
«ԱԼԻՔ» – Կոալիցիայի փլուզումից եւ «Ազատ դեմոկրատական» կուսակցութիւնից երեք նախարարների հրաժարականից յետոյ Գերմանիայի քաղաքացիների մեծամասնութիւնը պաշտպանում է Բունդեսթագի արտահերթ ընտրութիւնների անցկացման գաղափարը։
Bild թերթի պատւէրով INSA սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ հարցւածների 57%-ը ցանկանում է որքան հնարաւոր է շուտ ընտրել նոր խորհրդարան։
Ընդամէնը 22%-ն է աջակցում մարտին ընտրութիւններ անցկացնելու կանցլեր Օլաֆ Շոլցի ծրագրին, մինչդեռ 12%-ը կարծում է, որ ընտրութիւնները պէտք է անցկացւեն մինչեւ 2025 թւականի սեպտեմբեր նախապէս սահմանւած վերջնաժամկէտը։
Կոալիցիայի փլուզումը հաւանութեան է արժանացել հարցւածների գրեթէ երկու երրորդի կողմից. 64%-ը կողմ է այս քայլին, եւ միայն 22%-ն է դժգոհութիւն յայտնել:
Միեւնոյն ժամանակ, գերմանացիները կոալիցիայի փլուզման համար հիմնականում մեղադրում են կոալիցիայի բոլոր երեք առաջնորդներին. այդպէս է կարծում հարցւածների 34%-ը։ 27%-ը մեղադրում է կանցլեր Օլաֆ Շոլցին, 25%-ը՝ «Ազատ դեմոկրատական» կուսակցութեան ղեկավար Քրիստիան Լինդներին եւ միայն 7%-ը՝ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկին՝ «Կանաչների» կուսակցութիւնից։
Յիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Գերմանիայի ֆինանսների նախարար եւ Ազատ դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Քրիստիան Լինդները պաշտօնապէս հրաժարական է ներկայացրել, ինչը նշանաւորել է իշխող կոալիցիայի փլուզումը։
Գերմանիան այժմ կառավարւում է փոքրամասնութեան կառավարութեան կողմից, որը կազմւած է սոցիալ-դեմոկրատների եւ կանաչների ներկայացուցիչներից:
Տարաձայնութիւնների պատճառով իշխող կոալիցիան չի կարողացել համաձայնութեան գալ 2025 թւականի երկրի բիւջէի շուրջ։ Լինդները Շոլցին մեղադրել է կոալիցիան միտումնաւոր ցրելու համար։
Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը յայտարարել է, որ պատրաստ է Բունդեսթագը լուծարել եւ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնել, եթէ պատգամաւորներն անվստահութիւն յայտնեն երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։