Արամ Ա-ն նամակով դիմել է Թրամփին՝ կոչ անելով նպաստել Բաքւում ապօրինի պահւղ հայերի ազատ արձակմանը

«ԱԼԻՔ» – Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինի պահւող հայ գերիների ազատ արձակման համար: Այս մասին տեղեկացնում է կաթողիկոսութեան մամլոյ ծառայութիւնը:
Վեհափառ Հայրապետը շնորհաւորել է Թրամփին երդմնակալութեան կապակցութեամբ եւ վկայակոչել է Թրամփի նախորդ յայտարարութիւնները, որոնք դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչութեան էթնիկ զտումները, նրա աջակցութիւնը հայերի՝ իրենց հայրենիք վերադարձին:
Արամ Ա կաթողիկոսը Թրամփին կոչ է արել միջամտել եւ հասնել հայ գերիների անյապաղ եւ անվերապահ ազատ արձակմանը, այդ թւում՝ Արցախի նախկին առաջնորդների, որոնք Բաքւում ենթարկւում են փակ դատավարութիւնների՝ առանց իրաւական նորմերի պահպանման եւ միջազգային վերահսկողութեան: Նա ընդգծել է, որ նման քայլը կը նպաստի տարածաշրջանային կայունութեանը, բարի կամքի ամրապնդմանը եւ կը համապատասխանի Թրամփի յայտարարած խաղաղապահ առաքելութեանը:
Նորին Սրբութիւնը նամակն աւարտել է մարդասիրական այս հրատապ հարցերի շուրջ երկխօսութիւնը շարունակելու յոյսով: