
«ԱԼԻՔ» – Բահամանի 19-ի՝ Իրանի ռազմաօդային ուժերի օրւայ առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջանորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ փետրւարի 7-ին հանդիպել է ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանութեան ուժերի հրամանատարների հետ:
Հանդիպման ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով Միացեալ Նահանգների վարչակազմի հետ հնարաւոր բանակցութիւնների թեմային՝ շեշտել է, որ դրանք ոչ միայն աննպատակայարմար են, այլեւ՝ անպատւաբեր:
Այաթ. Խամենէին ընդգծել է, որ նախկին փորձը ցոյց է տւել, որ նման գործողութիւնները չեն յանգեցնի երկրի հրատապ խնդիրների լուծմանը, եւ կոչ է արել բոլորին չհաւատալ այն առասպելին, թէ ամերիկացիների հետ բանակցութիւններին մասնակցելը կօգնի կոնկրետ հարցեր լուծել։
«Ոմանք ձեւացնում են, որ եթէ մենք նստենք բանակցութիւնների սեղանի շուրջ, որոշակի խնդիրներ կը լուծւեն, բայց ճշմարտութիւնը, որը մենք պէտք է հասկանանք, այն է, որ ԱՄՆ-ի հետ բանակցութիւնները ոչ մի կերպ չեն ազդի երկրի խնդիրների լուծման վրայ։ Մենք դա պէտք է հասկանանք։ Չենք կարող մտածել, որ եթէ բանակցութիւններ սկսենք այս իշխանութիւնների հետ, այս կամ այն խնդիրը կը լուծւի»,- յայտարարել է այաթ. Խամենէին:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յիշեցրել է ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների հետ շուրջ 2 տարի տեւած բանակցութիւնները, որոնք յանգեցրել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագրի կնքմանը՝ շեշտելով, սակայն, որ Միացեալ Նահանգները չի կատարել իր պարտաւորութիւնները, եւ պատժամիջոցները մնացել են ուժի մէջ։
«Այդ օրերի մեր կառավարութիւնը նանց հետ նստեց սեղանի շուրջ, գնաց-եկաւ, բանակցեց, ծիծաղեցին, ձեռք սեղմեցին, ընկերացան եւ ամէն ինչ արեցին, եւ պայմանագիր կնքւեց, որով իրանական կողմը մեծ առատաձեռնութեամբ շատ զիջումներ կատարեց միւս կողմին, բայց ամերիկացիները չկատարեցին այդ պայմանագիրը»,- ասել է այաթ. Խամենէին՝ ընդգծելով, որ անհնար է բանակցել մի իշխանութեան հետ, որը խախտում է պայմանաւորւածութիւններն ու իրեն ոչ ադեկւատ է պահում։
«Ուստի նման իշխանութիւնների հետ բանակցութիւններն աննպատակայարմար ու անխոհեմ են եւ անվայել, եւ դրանց հետ չի կարելի բանակցել»,- յստակեցրել է նա:
Անդրադառնալով Թրամփի հնչեցրած վերջին սպառնալիքներին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յայտարարել է, որ եթէ նրանք սպառնան Իրանի ազգային անվտանգութեանը, ապա Իրանն առանց վարանելու կը սպառնայ նրանց անվտանգութեանը:
«Ամերիկացիները նստել են, թղթի վրայ փոխում են աշխարհի քարտէզը: Իհարկէ, դա միայն թղթի վրայ է, իրականութեան հետ կապ չունի։ Նրանք մեկնաբանում են, խօսում, սպառնում են մեզ։ Եթէ մեզ սպառնում են, մենք էլ սպառնում ենք իրենց։ Եթէ այս սպառնալիքն իրականացնեն, մենք էլ մեր սպառնալիքը կիրականացնենք։ Եթէ նրանք սպառնան մեր ազգի անվտանգութեանը, մենք անկասկած կը սպառնանք նրանց անվտանգութեանը»,- ասել է այաթ. Խամենէին: