Ուշակով. «Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի փորձագէտների եռակողմ հանդիպման գաղափարը դեռեւս լրջօրէն չի քննարկւել»

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահի օգնական Իւրի Ուշակովը յայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի փորձագէտների եռակողմ հանդիպման գաղափարը դեռեւս լրջօրէն չի քննարկւել եւ չի գտնւում մշակման փուլում: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է ռուսական «Կոմերսանտ»-ը։
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Ուշակովը նշել է, որ այս նախաձեռնութեան մասին դեռ ոչ ոք լուրջ չի խօսել, եւ ինքը չգիտի՝ արդեօք Ուկրաինայի ներկայացուցիչներ ներկայ են Մայամիում, որտեղ ընթանում են բանակցութիւնները։
Մայամիում ՌԴ նախագահի յատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը վարում է երկկողմ բանակցութիւններ ամերիկեան գործընկերների՝ ԱՄՆ նախագահի յատուկ բանագնաց Սթիւ Ուիթքոֆի եւ Դոնալդ Թրամփի փեսայ Ջարեդ Քուշների հետ։ Առաջին օրւայ արդիւնքներով Դմիտրիեւը քննարկումները բնութագրել է որպէս կառուցողական եւ յայտնել, որ խորհրդակցութիւնները կը շարունակւեն նաեւ կիրակի։
Բացի այդ, Ուշակովը նշել է, որ անձամբ չի տեսել խաղաղ կարգաւորման վերաբերեալ ԱՄՆ-ի փաստաթղթերը՝ Եւրոպայի եւ Ուկրաինայի հետ քննարկումներից յետոյ, թէեւ մամուլի միջոցով որոշ ազդակներ ստացւել են։ Նա ընդգծել է, որ Եւրոպայի եւ Ուկրաինայի կողմից խաղաղ ծրագրում կատարւող փոփոխութիւնները հեռացնում են համաձայնութիւնների հասնելու հնարաւորութիւնը։
Աւելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին յայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է հանդիպման ձեւաչափ՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եւրոպայի ներկայացուցիչների մասնակցութեամբ՝ հնարաւոր խաղաղ բանակցութիւնների շրջանակում։



