Տեղի ունեցաւ ՀՅԴ նորընտիր Բիւրոյի մամուլի ասուլիսը

«ԱԼԻՔ» – Մարտի 10-ին ՀՅԴ Բիւրոյի «Քրիստափոր Միքայէլեան» կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ նորընտիր Բիւրոյի մամուլի ասուլիսը՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի, ՀՅԴ Բիւրոյի անդամներ՝ Յակոբ Բագրատունու եւ Լիլիթ Գալստեանի մասնակցութեամբ։
Լիլիթ Գալստեանը շնորհակալութիւն յայտնեց կնոջ ներկայութիւնը ՀՅԴ Բիւրոյում արժեւորելու համար՝ յոյս յայտնելով, որ կարդարացնի այս պատասխանատւութիւնը, ապա ընթերցեց ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի յայտարարութիւնը:
Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանին պատուհասած կործանարար ընթացքը իսկապէս բերեց նորանոր կորուստներ, եւ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը գումարւեց այնպիսի շրջանում, որ նախկինում մեր բոլոր նախանշած սպառնալիքներն ու վտանգները էլ աւելի հաստատեցին իրենց կենսունակութիւնը. յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, նշելով, որ հայ ժողովուրդը տեսաւ եւս մէկ ցեղասպանութիւն, որը կատարւեց Արցախում եւ Արցախը հայաթափւեց:
Նրա խօսքով՝ այս իշխանութիւնների օրօք Հայաստանը բռնել է մի ճանապարհ, որը տանում է դէպի թուրքացում. «Մեր այդ կանխատեսումները, դժբախտաբար, այս իշխանութիւնների թեթեւ ձեռքով իրականանում են։ Մեր հիմնական խնդիրն այն էր, որ այս փուլում գնահատւեց ստեղծւած իրավիճակի լրջութիւնը, սպառնալիքները, որոնք այսօր կանգնած են հայութեան առաջ։ Այս վարչախմբի գործելաոճը պարտւողականութիւնն ու զիջողականութիւնն է՝ յանուն կարծեցեալ խաղաղութեան, որի «երաշխաւորը» հանդիսանալու է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Սա են հանրութիւնից փորձում թաքցնել։ Մեր խաղաղութեան «երաշխաւորները» լինելու են ցեղասպան Թուրքիան ու Ադրբեջանը։
Ռուստամեանը նաեւ նշեց, որ երկիրը պէտք է փոխի իր արտաքին քաղաքականութեան ընթացքը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը ոչ թէ պէտք է կորցնի բարեկամներին, այլ ընդլայնի նրանց թիւը։ «Փոխանակ բարեկամ երկրների քանակն աւելացնենք, մենք նրանցից թշնամիներ ենք ստեղծում։ Այս իրավիճակը պէտք է կտրուկ փոխւի»,- ասաց Արմէն Ռուստամեանը։
Կարեւորելով Ռուսաստանի հետ ռազմավարական ու դաշնակցային յարաբերութիւնների ամրապնդումը, ինչպէս նաեւ Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը՝ անհրաժեշտ է ստեղծել երկկողմանի երաշխաւորւած պաշտպանութեան համակարգ, որը կը գործի հնարաւոր յարձակումների դէպքում։ «Մնացած բոլոր միջազգային կենտրոնների հետ պէտք է գործենք փոխլրացման տրամաբանութեամբ՝ պաշտպանելով մեր ազգային շահերը»,-շեշտեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը:
Անդրադառնալով ԱՀ նախագահ Դաւիթ Իշխանեանի հետագայ ճակատագրի հետ կապւած հարցին՝ Արմէն Ռուստամեանը մասնաւորապէս ասաց. «Մեր ընկեր Դաւիթ Իշխանեանը բանտարկւած է Ադրբեջանում։ Լուրեր ունենք, որ իր առողջական վիճակի հետ կապւած խնդիրներ կան: Բաքւում պահւող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման մասով որոշակի գործընթացներ են իրականացւում։ ՀՅԴ-ի համար սա գլխաւոր հարցերից մէկն է: Հայ Դատի գրասենեակներն ու ՀՅԴ կառոյցներն ամէն ինչ անում են ու անելու են, որպէսզի օր առաջ ռազմագերիները վերադարձւեն։ ՀՅԴ-ում այս առումով իրաւական, քաղաքական աշխատանքների բաժանում է արւել, որպէսզի հարցը հնարաւորինս արագ լուծում ստանայ»։ Արմէն Ռուստամեանը նաեւ շեշտեց, որ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովում Դաւիթ Իշխանեանի վերաբերեալ առանձին ու միաձայն որոշում է կայացւել՝ նա կը շարունակի մնալ ՀՅԴ Բիւրոյի անդամ։ Ռուստամեանի խօսքով՝ գրեթէ ամբողջութեամբ Հայաստան տեղափոխւելուց յետոյ, Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէն եւ կառոյցը նոյնպէս պահպանւում են:
«Աշխարհում իրավիճակ է փոխւել եւ դա մեզ տալիս է հնարաւորութիւն, որ կարողանանք փոխլրացման տրամաբանութեամբ գերտէրութիւնների հետ աշխատել եւ մեր շահերը պաշտպանել: Սա յստակ օրակարգ է, եւ այս յստակ օրակարգի շուրջ Դաշնակցութիւնը արտայայտում է իր պատրաստակամութիւնը արդէն նաեւ մեր բարձրագոյն ժողովի մակարդակով համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են այս օրակարգը եւ պատրաստ են որպէս անհրաժեշտ պայման իշխանափոխութիւն իրականացնել, որպէսզի հնարաւոր լինի փոխել այս ապազգային ուղեգիծը»,- ասաց Արմէն Ռուստամեանը։
«Այսօր բոլորիս համար գաղտնիք չէ, որ Միջին Արեւելքը կանցնի ճգնաժամային օրերի միջով եւ, բնականաբար, իր անմիջական ազդեցութիւնը կունենայ հայկական համայնքների վրայ»,- իր խօսքում նշեց ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունին:
Ըստ Բագրատունու՝ տեղական մարմինները, մեր կառոյցները, ազգային տարբեր-տարբեր հաստատութիւնները, եկեղեցին իրենց առաւելագոյն ճիգն են գործադրում մեր համայնքի թէ՛ ֆիզիկական գոյութեան, թէ՛ իրաւական, տնտեսական ու մշակութային պաշտպանութեան հարցերում: Դաշնակցութեան եւ ազգային տարբեր կառոյցները՝ մշակութային միութիւնները, կրթական, բարեգործական, մարզական եւ այլ կառոյցներ, իրենք էլ ունեն պահպանման խնդիր: Այս իմաստով նաեւ Ընդհանուր ժողովը անդրադարձ ունեցաւ այս հարցերին: «Միջին Արեւելքի հայութեան պահպանումը պարզապէս Միջին Արեւելքի հայկական համայնքների պահպանում չէ, այլ Հայաստանի եւ մեր ընդհանրական նպատակների իրականացումն է»,- ասաց Յակոբ Բագրատունին։
Ասուլիսի աւարտին ՀՅԴ ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների բազմաթիւ հարցերի: