Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արմէն Ռուստամեանը հանդիպել է Սերգէյ Միրոնովին

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութիւնը երկիրը տանում է դէպի ուկրաինական «Մայդանի» կրկնութիւն։

Այս կարծիքը յայտնել է Ռուսաստանի Պետդումայում «Արդար Ռուսաստան» կուսակցութեան նախագահ, խմբակցութեան ղեկավար Սերգէյ Միրոնովը։

«Ես յոյս ունեմ եղբայրական հայ ժողովրդի ողջախոհութեան վրայ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում»,- ասել է նա։

Ռուս-հայկական յարաբերութիւնների զարգացման հարցերը Միրոնովը չորեքշաբթի օրը Մոսկւայում քննարկել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Արմէն Ռուստամեանի հետ։

«Մենք բոլորս գիտենք ասացւածքը՝ «Երկու աթոռի վրայ միաժամանակ նստել հնարաւոր չէ»։ Կամ Ռուսաստանը մեծ ներդրումներ է կատարում եւ էներգակիրները վաճառում է ցածր գներով, կամ եթէ ցանկանում ես, գնում ես այնտեղ, որտեղ հեքիաթներ են պատմում,- նշել է Սերգէյ Միրոնովը՝ յաւելելով հետեւեալը. «Բայց գիտէ՞ք՝ ինչն է վախեցնում։ Սա բառացիօրէն նոյնն է, ինչ 2014 թւականին անում էին Կիեւում, նոյնը, ինչ արւել է Վրաստանում։ Նրանք ուզում են «Մայդան», ուզում են կրկնել այն, ինչ տեղի ունեցաւ Կիեւում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»։

Արմէն Ռուստամեանը համաձայնել է իրավիճակի նման գնահատականի հետ։

«Փոխանակ ուրիշների սխալներից դասեր քաղելու՝ դուք ստիպւած էք սովորել ձեր սեփական սխալներից։ Այո՛, այն ամէնը, ինչ տեղի ունեցաւ Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, մտահոգիչ ազդակներ են, որոնք յուշում են, որ չի կարելի մոռանալ անցեալը, չի կարելի մոռանալ այն, ինչ իրականում մեզ կապում է։ Դրանք դարերով ձեւաւորւած կապեր են, եւ դրանք չեն կարող պարզապէս փոխւել»,- ասել է Արմէն Ռուստամեանը։

«Ես յունիսի 7-ին յաջողութիւն եմ մաղթում եղբայրական հայ ժողովրդին։ Ցանկանում եմ, որ ճիշտ որոշում կայացւի։ Չգիտեմ՝ ինչ արդիւնքով կաւարտւեն ընտրութիւնները, բայց համոզւած եմ, որ հայ ժողովուրդն, ամէն դէպքում, իր խօսքը կասի»,- ընդգծել է Սերգէյ Միրոնովը։

Related Articles

Back to top button