Ամերիկեան վերլուծական կենտրոն. Թրամփի մօտեցումն Ուկրաինայի նկատմամբ նման է Աֆղանստանի հետ նրա կատարածին

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի «Արտաքին յարաբերութիւնների խորհուրդը» (CFR) Դոնալդ Թրամփի ներկայիս պահւածքը նմանեցրել է Աֆղանստանի նկատմամբ նրա մօտեցումներին իր նախագահութեան առաջին ժամկէտում: Վերլուծական այդ կենտրոնը զգուշացրել է անդրաատլանտեան դաշինքի թուլացման եւ միւս գործընկերների հետ Սպիտակ տան յարաբերութիւնների նւազեցման մասին:
Ամերիկեան այս կարեւոր վերլուծական կենտրոնը, որը հիմնադրւել է 104 տարի առաջ՝ արտաքին աշխարհի հետ Միացեալ Նահանգների հեռանկարային յարաբերութիւնների մշակման նպատակով, յայտարարել է նաեւ, որ Դոնալդ Թրամփը վճռական է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ յաւելելով, որ Թրամփը վաղուց հաւատում էր, որ Ուկրաինան ու Միացեալ Նահանգների եւրոպացի դաշնակիցները սեղանակիցներ են, որոնց հաշիւը փակել են ամերիկեան նախորդ նախագահները եւ փորձել են ԱՄՆ-ին ներքաշել անհարկի պատերազմի մէջ:
վերլուծաբան Մայքըլ Ֆորմանի յօդւածում, որին անդրադարձել է նաեւ ԻՌՆԱ-ի անգլերէն էջը, նշւած է, որ Թրամփը փորձում է իր եւրոպացի գործընկերներին ստիպել, որ ապահովեն թէ՛ իրենց, թէ՛ Ուկրաինայի անվտանգութիւնը։
Յօդւածի մէկ այլ բաժնում ասւած է, որ ԱՄՆ-ի գործող նախագահի վերաբերմունքը Զելենսկիի եւ Պուտինի նկատմամբ քաղաքական մաքուր ռէալիզմ է։ «Այս հակամարտութեան մէջ ներգրաււած բոլոր կողմերից Ուկրաինան ունի ամենաթոյլ դիրքը, իսկ Թրամփը կարող է օգտագործել այս անհաւասարակշռութիւնը եւ խօսել Զելենսկիի հետ նոյն կոշտութեամբ, որքան Պուտինի հետ: Թրամփի համար պատերազմի արագ դադարեցումն աւելի կարեւոր է, քան խաղաղութեան պայմանները: Իսկ սա լաւ մեսիջ չի պարունակում Կիեւի համար»:
Վերլուծաբանը նշել է նաեւ, որ հակամարտութիւնը դադարեցնելուց բացի՝ Թրամփը ձգտում է վերականգնել ԱՄՆ ներդրումներն Ուկրաինայում: «Նա քննադատել է Զելենսկիին, որ ճարպկօրէն փորձել է Վաշինգտոնին համոզել ծախսել եւս 350 միլիարդ դոլար՝ պատերազմի ընթացքը դրական դարձնելու համար, ինչն անհնար էր յաղթել։ Այդ իսկ պատճառով նա (Թրամփը) կենտրոնանում է ուկրաինական հանքերի վրայ՝ այդ գումարը փոխհատուցելու նպատակով»-, գրել է Մայքըլ Ֆորմանը:
Հեղինակը արձանագրել է, որ Թրամփն իր բոլոր գործարքներում փնտրում է լծակներ, իսկ այդ բանակցութիւնները բացառութիւն չէին: «Թրամփը մեծ ճնշում է գործադրում ուկրաինացիների վրայ՝ համաձայնելու Պուտինի որոշ պահանջներին։ Այնուամենայնիւ, նա պէտք է Ռուսաստանի հետ բանակցութիւններում՝ հնարաւոր զիջումների մասին մտածի, քանի որ Մոսկւայի առաւելագոյնով հասկացւող պահանջների ընդունումը ծանր հարւած է լինելու Թրամփի համար, որպէս խորամանկ գործարքների քաղաքական գործչի վարկանշին»,- գրել է նա:
Վերլուծական այս կենտրոնը քիչ հաւանական է համարել Ուկրաինայի անդամակցութիւնը ՆԱՏՕ-ին, այլընտրանք համարելով՝ հրադադարին յաջորդող բազմաշերտ պաշտպանական համակարգը, որը կը ներառի արտաքին պաշտպանութեան պարագծեր, արագ արձագանգման ուժեր եւ Ուկրաինայի բնակելի շրջանների ու կարեւոր ենթակառուցւածքների անվտանգութիւնը: Իհարկէ, նման բազմաշերտ պաշտպանական համակարգը տարեկան 20-40 միլիարդ դոլար կարժենայ: Ուստի ՆԱՏՕ-ի բացակայութեան դէպքում երկրի լաւագոյն տարբերակը, հաւանաբար, անվտանգային երաշխիքներն են եւրոպական ուժերի անմիջական ներկայութեամբ»:
Զեկուցաբերը եզրակացրել է. «Եթէ Թրամփը համաձայնի որեւէ այլ բանի, քան մի համաձայնագրի, որը կը երաշխաւորի ինքնիշխան ու անվտանգ Ուկրաինան, այդ երկիրը կը կանգնի ձախողւած պետականութեամբ փաստի առաջ: Թրամփի մօտեցումն Ուկրաինայի նկատմամբ նմանութիւններ ունի Աֆղանստանի նկատմամբ նրա քաղաքականութեան հետ իր առաջին պաշտօնավարման ընթացքում: …Հապշտապ եւ մեր դաշնակիցներին ու գործընկերներին թուլացնելու գնով ձեռք բերւած ցանկացած պայմանաւորւածութիւն աղետալի սխալ կը լինի։ Նման համաձայնագրով ոգեւորւելու են մեր թշանմիները, եւ ապակայունացւելու է անդրատլանտեան դաշինքը, կը դժւարանայ ռազմավարական առանցքը դէպի Ասիա եւ, ի վերջոյ, լուրջ հետընթաց կը լինի Թրամփի համար, ով ցանկանում է ճանաչւել որպէս «խաղաղութիւն բերող»: