Բագրատ Միկոյեանը Մեղրիի մասին պաշտօնական փաստաթղթեր ներկայացրեց

«ԱԼԻՔ» – Կայ երկու տեսակի թուղթ՝ ինչ-որ մարդկանց տպաւորութեամբ եւ յիշողութեամբ գրւած թղթեր եւ բուն իրական փաստաթղթեր: Այս մասին 5-րդ ալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենեակի ղեկավար Բագրատ Միկոյեանը՝ անդրադառնալով Մեղրիի «յանձնման» շուրջ չհանդարտւող խօսակցութիւններին եւ ԱՄՆ Պետդեպի կողմից, իբրեւ թէ, գաղտանզերծւած թղթերին:
Միկոյեանը ներկայացրեց Հէյդար Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի 2000 թւականի սեպտեմբերի 7-ի հանդիպման պաշտօնական սղագրութիւնը, որում գրւած է. «Ի վերջոյ Քոչարեանը հրաժարւեց առաջարկից եւ ասաց, որ այդ գործարքն անհնար է»:
«Սա այն փուլն է, երբ Ալիեւի փոխանակման առաջարկից մենք գալիս ենք դէպի Քի Վեսթ: Լսե՞լ էք Ադրբեջանում մէկն ասի՝ «Հէյդար Ալիեւը, փաստօրէն, Արցախը տալիս էր, զիջել էր», չէք լսել ու չէք էլ լսելու, դրա համար իրենց դիւանագիտութիւնն ուժեղ է: Մենք այսօր շարունակական ստորացման ուղին ենք բռնել, որը, վստահ եմ, աւարտւելու է»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենեակի ղեկավարը: Այս մասին հաղորդել է yerevan.today-ը: