Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի Հանրապետութեան հռչակման 33-րդ ամեակի առթիւ

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

 

Հիմնւելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետութեան դուրս գալու հետ կապւած հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990 թ. ապրիլի 3-ի օրէնքի վրայ, մասնաւորապէս՝ 3-րդ յօդւածի վրայ, որն ինքնավար կազմաւորումների ժողովուրդներին իրաւունք էր վերապահում ինքնուրոյն որոշելու իրենց պետական-իրաւական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետութեան դուրս գալու դէպքում՝ ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախութիւնը՝ վերականգնելով 1918-1920 թթ. պետական անկախութիւնը, 33 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագիրը:

Հիմնւելով Արցախի դարաւոր պետականութեան հարուստ աւանդոյթների վրայ՝ արցախահայութիւնը լծւել է պետական շինարարութեան խիստ պատասխանատու եւ պատւաբեր գործի իրականացմանը:

Այդ քրտնաջան աշխատանքի արդիւնքում արցախահայութիւնը կառուցել է աշխարհի բազմաթիւ երկրների համար ընդհանրապէս, հարաւկովկասեան տարածաշրջանի երկրների համար մասնաւորապէս օրինակելի պետութիւն, որը լիարժեքօրէն բաւարարել է 1933 թ. դեկտեմբերի 26-ին Մոնտեւիդէոյում ընդունւած «Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» կոնւենցիայով պետութեանը ներկայացւող բոլոր չափանիշերին:

2020 թ. սեպտեմբերի 27-ին օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը, կոպտօրէն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրութեամբ եւ Հելսինկեան եզրափակիչ ակտով սահմանւած միջազգային իրաւունքի սկզբունքները, մասնաւորապէս՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վէճերի խաղաղ կարգաւորման մասին սկզբունքները, ինչպէս նաեւ 1994 թ. մայիսի 12-ից ուժի մէջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, Թուրքիայի, Պակիստանի, Իսրայէլի աջակցութեամբ եւ վարձկան ահաբեկիչների օգնութեամբ երրորդ անգամ յարձակւել է Արցախի Հանրապետութեան վրայ եւ մինչեւ նոյն թւականի նոյեմբերի 9-ը տեւած 44-օրեայ պատերազմի հետեւանքով օկուպացրել է Արցախի Հանրապետութեան սահմանադրօրէն ամրագրւած տարածքի եւս, մօտաւորապէս, 75%-ը:               

2023 թ. սեպտեմբերի 19-ին օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը, կոպտօրէն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրութեամբ եւ Հելսինկեան եզրափակիչ ակտով սահմանւած միջազգային իրաւունքի սկզբունքները, մասնաւորապէս՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վէճերի խաղաղ կարգաւորման մասին սկզբունքները, ինչպէս նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրւած «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի մասին» յայտարարութիւնը, չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, երկօրեայ պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետութեան սահմանադրօրէն ամրագրւած տարածքի մնացած մասը` ցեղասպանութեան ենթարկելով Արցախի հայութեան մի մասին, իսկ մեծ մասը` աւելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկւել է ցեղասպանութիւնից՝ վտարւելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մօտաւորապէս երեք հազարամեակ անընդմէջ:

Հայ ժողովրդի՝ պետութեան եւ ազգի վաղւայ օրւայ նկատմամբ մտահոգութիւն ունեցող, Արցախն արժէք համարող հատւածն այսօր տխուր է, քանզի հազարամեակների հայկական արմատներ ունեցող Արցախն օկուպացւած է, իսկ նրա բնիկ տէր հայութիւնը՝ ցեղասպանւած ու վտարւած իր հողից:

Ամէն օր ու վայրկեան մենք պիտի մտածենք Արցախի Հանրապետութեան դէօկուպացիայի եւ մեր հայրենակիցների՝ տիրոջ իրաւունքուվ ու կարգավիճակով Արցախ վերադարձի մասին: Մտածելու հետ միաժամանակ իւրաքանչիւրս մեր տեղում պիտի անենք քայլեր ուղղւած այդ նպատակին հասնելուն:

Եւ որպէս դրան հասնելու առաջին քայլ համազգային ուժերի գերլարմամբ մենք պիտի հասնենք Արցախն օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելուն:

Նկատի առնելով 1918 թ. մայիսի 28-ին հարաւկովկասեան տարածաշրջանի քաղաքական քարտէզի վրայ Ադրբեջան անունով կեղծ կազմաւորման ի յայտ գալուց յետոյ Արցախի եւ Հայաստանի հետ Ադրբեջանի ունեցած փոխյարաբերութիւնների ողջ պատմութիւնը՝ անվարան կարող ենք պնդել, որ Արցախի Հանրապետութեան դէօկուպացիան հնարաւոր է միայն ուժային ճանապարհով:   

Ադրբեջանին պէտք է մատնել ջախջախիչ պարտութեան եւ պարտադրել նրան ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: 

Ադրբեջանաարցախեան հակամարտութիւնը չի կարգաւորւել: Այս մասին փաստում են նաեւ Եւրոպական խորհրդարանի եւ Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից համապատասխանաբար 2022 թ. փետրւարի 17-ին, յունիսի 8-ին եւ 2023 թ. հոկտեմբերի 12-ին ընդունւած բանաձեւերը:

Ոչ ոք, ու ոչինչ երբեք չի կարող հիմնաւորել, կամ արդարացնել Արցախի Հանրապետութեան դէօկուպացիայի չիրականացումն ու մեր հայրենակիցների Արցախ չվերադառնալը:

Մենք կարող ենք եւ պէտք է ազատագրենք Արցախը:

Related Articles

Back to top button