Սկսւեց փոքրիկ խմբակի բացայայտ տապալումը. ժամանակը մօտ է, անելու ենք՝ մեր ձեւով. Սամուէլ Կարապետեանի ուղերձը

Յայտնի գործարար, «Տաշին» ընկերութիւնների խմբի սեփականատէր Սամուէլ Կարապետեանը ուղերձ է յղել, որտեղ ասւում է. «Սիրելի հայրենակիցներ,
Թէեւ անցած ամիսները շատերիս համար լի էին տարբեր փորձութիւններով ու զրկանքներով, դրանց մասին խօսելու ու դրանց մանրամասները քննարկելու կարիքը չեմ տեսնում։ Փորձութիւնը մարդու համար է, ու մեզանից ամէն մէկը յաջողութեան ճանապարհին բազմաթիւ դժւարութիւններ է յաղթահարել։ Անցել ենք ու աւելի ուժեղ դարձել։
Անցած ամիսներին առաջ եկած երկու ուրիշ կարեւոր հանգամանք կայ, որոնց մասին ուզում եմ ասել այսօր։
Նախ, սկսւեց փոքրիկ խմբակի բացայայտ տապալումը։ Ապացուցւեց այն, ինչի մասին խօսում էինք վաղուց։ Հայի ոգին ու հայի հաւատը հնարաւոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժէք լինեն փորձողները։ Հայերիս հնարաւոր է ճնշել ու հալածել, բայց հնարաւոր չէ դաւանափոխ անել՝ բառի ամենալայն իմաստով։ Իրենց այս պարտութիւնը ու հայ ժողովրդի այս յաղթանակը պէտք է գալիք ընտրութիւններին մինչեւ վերջ հասցնենք՝ սկսելով մեր հայրենիքի վերածնունդը։
Երկրորդ հանգամանքը։ Անցած ամիսների իրադարձութիւնները թոյլ տւեցին բոլորին՝ ներսում թէ դրսում, վերջապէս տեսնել ու հասկանալ, որ փոքրիկ խմբակի ուզածը մէկ բան է, ընդամէնը մէկ բան՝ մնալ իշխանութեան։ Մնացածը՝ սուտ խօսքեր են։ Մնալ իշխանութեան ամէն գնով, իշխել՝ թքած ունենալով ազգային ու պետական արժէքների, շահերի, մեր ու մեր երեխաների արժանապատիւ ապագայի, հեղինակութեան վրայ։
Վստահ եմ, որ մենք միասին, հետեւողական աշխատանքով, մեր հասարակութեանը համախմբելով՝ թոյլ չենք տալու այդ ամէնը:
Մի առիթով յայտարարել էի՝ Հայ ժողովուրդը վաղուց վաստակել է սեփական երկրում լաւ ապրելու իրաւունքը։
Այս շաբաթ մենք ներկայացրեցինք իմ տնտեսական ծրագրի առաջին հինգ քայլերը՝ դէպի Ուժեղ Հայաստան։
300,000 նոր աշխատատեղեր, մասնաւորապէս՝ մարզերում,
0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,
20% էժան դեղորայք՝ բոլորի համար,
Բերքի երաշխաւորւած մթերում գիւղերում,
20,000 մատչելի բնակարան պետական աջակցութեամբ։
Ես դրանք երաշխաւորում եմ։
Մեզ միացողները միլիոնաւոր հայեր են լինելու։ Նրանք, ովքեր պատկերացնում են, թէ ինչպիսի վերելք է ապրելու մեր երկիրը, երբ մէկ մարդու խաղալիք դարձած պետութիւնից կը վերածւի մի քանի տասնեակ տաղանդաւոր ու նշանաւոր հայերի կողմից առաջնորդւող երկրի։ Մենք միասին շատ արագ այս նւաստացման ռեժիմից անցնելու ենք բարեկեցութեան իրավիճակի։
Մենք միասին երաշխաւորւած ու յարատեւ խաղաղութեան պայմաններում շատ արագ Հայաստանը վերածելու ենք կրթւած, առողջ, ապահով ու զարգացած երկրի՝ Ուժեղ Հայաստանի։
Ժամանակը մօտ է։ Անելու ենք՝ մեր ձեւով։
News.am



