Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մինչեւ ընտրութիւններ այս մթնոլորտը պահւելու է. Քաղտեխնոլոգը՝ եկեղեցու դէմ արշաւի մասին

Ըստ քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանի՝ եկեղեցու եւ իշխանութիւնների ռեսուրսների բալանսը թոյլ չի տալիս, որ որեւէ կողմ կարողանայ արձանագրել իր յաղթանակը։

Հայ Առաքելական Եկեղեցու դէմ իշխանութիւնների կողմից տարւող արշաւը նախընտրական ռազմավարութեան համատեքստում է։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց քաղտեխնոլոգի Վիգէն Յակոբեանը։

«Եկեղեցու դէմ տարւող արշաւն ու ստեղծւած այս մթնոլորտը կը շարունակւեն մինչեւ ընտրութիւններ։ Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախաւորելու այս արշաւը հէնց նախընտրական ստրատեգիայի մէջ է մտնում։ Ուժերի բալանսը, ռեսուրսների բալանսն այսօր թոյլ չի տալիս, որ որեւէ կողմ (եկեղեցին եւ իշխանութիւնը) կարողանայ արձանագրել իր յաղթանակը։ Տւեալ պարագայում կարծում եմ, որ ռեսուրսային բալանսն է այդպէս ստացւել»,- ասաց Յակոբեանը։

Նրա խօսքով՝ եթէ իշխանութիւնն ունենար այդ ռեսուրսը, ապա վաղուց տարբեր մեթոդներով՝ սպառնալով ու ճնշելով՝ կը ստիպէր, որ Վեհափառն ինքնակամ հրաժարական տայ։ Ըստ քաղտեխնոլոգի՝ դա տեղի չի ունենում, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցու վերնախաւը բաւականին ամուր է կանգնած։ Վստահ է՝ եկեղեցին կարողանում է գտնել այն ռեսուրսները, որ գոնէ այս իրավիճակը հաւասարակշռութիւնը պահւի։

Յիշեցնենք` տեւական ժամանակ է` ՀՀ իշխանութիւնը արշաւ է սկսել եկեղեցու ու յատկապէս Կաթողիկոսի դէմ։ Ճաղերի հետեւում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, Մայր աթոռի դիւանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը։

2026 թ.-ի յունւարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները յայտարարեցին Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպէս կոչւած իրենց «ճանապարհային քարտէզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինեանի ստորագրած փաստաթղթով ստեղծւում է համակարգող խորհուրդ, որը պէտք է զբաղւի Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

Related Articles

Back to top button