ԻրանՔաղաքական

Էսլամի. «Մեր խաղաղ միջուկային կենտրոնների վրայ յարձակումը պատմութեան մէջ աննախադէպ իրադարձութիւն էր»

«ԱԼԻՔ» – Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար Մոհամմադ Էսլամին Almasirah հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ Իրանի խաղաղ ատոմային կենտրոնների վրայ վերջին յարձակումը «պետութիւնների գիտա-տեխնիկական կարողութիւնները թիրախաւորելու աննախադէպ գործողութիւն էր»։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նրա խօսքով՝ յարձակման բնոյթն ու ժամանակային ընտրութիւնը ցոյց են տալիս, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները «Իրանի գիտական զարգացման դէմ ուղղւած վտանգաւոր սրացման նոր փուլ» են բացել։

Նա յաւելել է, որ Իրանի ատոմային կենտրոնների թիրախաւորումը բացայայտ յանցագործութիւն է այն ժողովրդի կամքի դէմ, որը բոլոր սպառնալիքների ու ճնշումների պայմաններում շարունակում է պնդել խաղաղ ատոմային գիտելիքի իր իրաւունքը։

Շարունակելով, Էսլամին նշել է, որ Իրանն ունի ամբողջական փաստաթղթեր, որոնք հաստատում են յարձակման բնոյթը, ներգրաււած կողմերին եւ նրանց դրդապատճառները։ Նրա խօսքով՝ Թեհրանը չի հրաժարւի իր իրաւունքներից եւ թոյլ չի տայ, որ որեւէ մէկը նրան իր կամքը պարտադրի։

Նոյն հեռուստաալիքի հետ զրոյցում, իրաւական եւ միջազգային հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին նոյնպէս ագրեսիայի ամբողջ պատասխանատւութիւնը դրել է ԱՄՆ-ի վրայ՝ զգուշացնելով, որ Վաշինգտոնը կրելու է այս վտանգաւոր սրացման բոլոր հետեւանքների պատասխանատւութիւնը։ Նրա խօսքով՝ Իրանը պատրաստում է «նոր զսպողական քայլեր» եւ անհրաժեշտութեան դէպքում էականօրէն կը վերանայի իր փոխյարաբերութիւնները ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ պահպանելու համար իր ինքնիշխանութիւնը եւ կանխելու միջուկային հարցի որեւէ քաղաքական շահարկում։

ԱԳ նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադէն, էլ իր հերթին, յայտարարել է, որ Թեհրանը «ոչ մի վստահութիւն» չունի ԱՄՆ-ի նկատմամբ։ Նրա խօսքով՝ Վաշինգտոնը բանակցութիւնների որեւէ փուլում «իրական ու կառուցողական պատրաստակամութիւն» չի ցուցաբերել եւ նախկինում բազմիցս խախտել է սեփական պարտաւորութիւնները։ Խաթիբզադէն ընդգծել է, որ Իրանի համար բանակցութիւնների միակ չափանիշը երկրի ազգային շահն է, եւ այդ չափանիշին չհամապատասխանող որեւէ առաջարկ չի կարող հիմք դառնալ լուրջ երկխօսութեան համար։

Related Articles

Back to top button