Իրանը խստօրէն դատապարտել է սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները բռնազաւթւած Պաղեստինում

«ԱԼԻՔ» – ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստօրէն դատապարտել է Գազայում եւ Արեւմտեան ափում շարունակւող սպանդն ու մարդու իրաւունքների կոպիտ խախտումները: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նա յատկապէս ընդգծել է Գազայի շրջափակումն ու աւերակների մաքրման, ինչպէս նաեւ առողջապահական եւ կենսական ենթակառուցւածքների վերականգնման ձախողումները, որոնք սաստկացնում են մարդկային աղէտը՝ յատկապէս ցուրտ եւ անձրեւոտ եղանակին։ Բաղայիի գնահատմամբ՝ այս քայլերը ենթադրում են պաղեստինցիների դէմ իրականացւող ցեղասպանական քաղաքականութեան շարունակութիւն։
ԱԳՆ խօսնակը նաեւ նշել է, որ Արեւմտեան ափում սիոնիստական բնակավայրերի բնակիչների ահաբեկչական գրոհները, Ալ-Աքսա մզկիթի եւ Աբարահմեան սրբավայրի նկատմամբ սրբապղծութիւնները, ինչպէս նաեւ պաղեստինցիների կամայական ձերբակալութիւններն ու խոշտանգումները, պահանջում են միջազգային հանրութեան օրինական ու բարոյական միջամտութիւնը՝ բռնազաւթիչ ռեժիմի յանցագործութիւնները դադարեցնելու համար:
Բաղային ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ-ն եւ մի շարք եւրոպական երկրներ, որոնք տրամադրում են ռազմական եւ քաղաքական աջակցութիւն Իսրայէլին, համարւում են յանցակիցներ: Նա նաեւ անդրադարձել է ԱՄՆ-ի եւ որոշ եւրոպական երկրների կողմից սիոնիստական ռեժիմին ցուցաբերւող համապարփակ ռազմական եւ քաղաքական աջակցութեանը՝ այդ երկրներին անւանելով այդ ռեժիմի յանցակիցները, եւ ընդգծել է ռազմական յանցագործների եւ ցեղասպանութիւն կատարողների անպատժելիութեանը վերջ դնելու անհրաժեշտութիւնը:



