
«ԱԼԻՔ» – Երէկ՝ նոյեմբերի 16-ին, ԱԳՆ Քաղաքական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնում մեկնարկել է «Միջազգային իրաւունքը յարձակման տակ. ագրեսիայի եւ պաշտպանութիւն» միջազգային համաժողովը։ Համաժողովին մասնակցում են մի շարք քաղաքական բարձրաստիճան պաշտօնեաներ, դիւանագէտներ եւ ոլորտի հեղինակաւոր փորձագէտներ Իրանից եւ արտերկրից։
Ինչպէս հաղորդում է «Թասնիմ»-ը՝ Արտաքին յարաբերութիւնների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին ելոյթ է ունեցել համաժողովում՝ ընդգծելով, որ համաժողովը ճիշտ է արտացոլում միջազգային համակարգում օրէնքի հանդէպ յարգանքի նւազման մտահոգիչ միտումները։ Նրա խօսքով՝ մեծ ջանքերով ստեղծւած ՄԱԿ-ն այսօր յաճախ վերածւում է գերտէրութիւնների ազդեցութեան գործիքի, եւ իրաւունքի գերակայութիւնը զիջում է ուժի քաղաքականութեանը։
Խարազին յիշեցրել է, որ Իրանը ՄԱԿ-ի հիմնադիրներից է եղել, սակայն Կազմակերպութիւնը, նրա գնահատմամբ, ներկայումս ի վիճակի չէ կանխել անօրինական ռազմական գործողութիւններ, ինչն իհարկէ վնասում է կառոյցի հեղինակութեանը։
Խարազին ներկաների ուշադրութիւնը հրաւիրել է Իրանի 8-ամեայ պատերազմի եւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած 12-օրեայ պատերազմին՝ նշելով, որ երկու դէպքում էլ Իրանը ապաւինել է սեփական ուժին եւ հասարակութեան միասնականութեանը։ Նրա խօսքով՝ ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր, արտաքին ճնշումները չեն կարողացել կոտրել երկրի դիմադրողականութիւնը։
Խօսելով միջազգային կառոյցների դերի մասին՝ Խարազին ընդգծել է, որ Իրանը նախկինում որեւէ գործուն աջակցութիւն չի ստացել, իսկ ընդունւած որոշումները, այդ թւում՝ ԱԽ 598 բանաձեւը, ըստ նրա՝ չեն արտացոլել Իրանի շահերը։ Նա նշել է, որ այդ իրավիճակ կրկնւել է նաեւ վերջին պատերազմի ընթացքում, երբ ՄԱԿ-ը սահմանափակւել է զսպւածութեան կոչերով։
Խարազին ընդգծել է, որ Իրանը երբեք չի զիջի իր անկախութիւնը եւ շարունակելու է ապաւինել սեփական պաշտպանական կարողութիւններին։ Միաժամանակ նա յայտարարել է, որ Թեհրանը բաց է հաւասար ու փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած բանակցութիւնների համար, սակայն կը դիմադրի մեծապետական պարտադրանքին եւ տնտեսական ճնշումներին։
Նա քննադատել է ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ռազմական գործողութիւնները՝ դրանք որակելով անօրինական, եւ ընդգծել է, որ Վաշինգտոնը պէտք է ընդունի իր պատասխանատւութիւնը Իրանին հասցւած վնասների համար։ Խարազին նշել է՝ խաղաղութիւնը հնարաւոր չէ կառուցել ուժի դիրքերից, եւ ԱՄՆ ղեկավարութիւնը պէտք է վերանայի իր մօտեցումները։
Եզրափակելով ելոյթը՝ Խարազին ԱՄՆ գործող նախագահին յորդորել է ուսումնասիրել Իրանի հետ յարաբերութիւններում նախորդ ղեկավարների փորձը եւ ընդունել այն իրողութիւնը, որ երկիրը չի հրաժարւելու ո՛չ իր խաղաղ ատոմային ծրագրից, ո՛չ ռազմական ինքնապաշտպանական կարողութիւններից։ Նրա խօսքով՝ փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած իրական բանակցութիւնները կարող են դրական արդիւնքներ տալ, եթէ պահպանւի կողմերի հաւասարութիւնը։



