Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Արցախի թեմի առաջնորդը դաւաճանել է, բայց՝ առաջին հերթին ինքն իրեն»

«Հայաստանի Կառավարութեան ղեկավարի կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծւած ճգնաժամն ունի երկու ելք՝ կա՛մ եկեղեցում տեղի կունենայ պառակտութեան խորացում, ինչը հէնց Փաշինեանի ցանկութիւնն է, կա՛մ եկեղեցու առողջացում»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը՝ եկեղեցու դէմ արշաւի հիմքում դնելով նաեւ արտաքին ուժերի ազդեցութեան գործօնը։

«Կա՞յ արտաքին հետք, իհա՛րկէ կայ, եւ այն կապւած է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանին դուր չի գալիս, որ հայ եկեղեցին չի հաշտւում Արցախի կորստի հետ։ Կայ դաշինք Հայաստանի իշխանութեան եւ թուրք-ադրբեջանական տանդեմի միջեւ՝ Հայաստանի ներսում եկեղեցու պէս ինստիտուտի չէզոքացման եւ 2026 թւականի ընտրութիւններով վերարտարդւելու շուրջ։ Հայաստանի իշխանութիւնը միշտ ադրբեջանահաճոյ որոշումներ է կայացրել, եկեղեցու դէմ այդ որոշումներից մէկն է»,- ասաց Տիգրան Աբրահամեանը։

Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց Հայրապետի դէմ եկեղեցու ներսում ձեւաւորւած խմբակին՝ Փաշինեանի մօտ գնացած հոգեւորականներին, Աբրահամեանը ցաւ յայտնեց, որ նման դաւաճանութեան է ականատես լինում՝ առանձնացնելով յատկապէս Արցախի թեմի առաջնորդ Տէր Վրթանէսի վարքագիծը։

Արցախն Ադրբեջանին յանձնած Նիկոլ Փաշինեանին հանդիպած եւ նրա ձեռքը սեղմած Արցախի թեմի առաջնորդ Տէր Վրթանէսը, Տիգրան Աբրահամեանի համոզմամբ, արել է մի բան, որն ուղղակի դաւաճանութիւն է։

«Նրա այդ քայլից յետոյ մարդիկ յիշում են, թէ ինչպէս էր Արցախի բլոկադայի ժամանակ Արցախի թեմի առաջնորդը գտնւում Հայաստանում՝ այն դէպքում, երբ շատ այլ մարդիկ անգամ բուժման նպատակով Հայաստան գալուց յետոյ, յետ էին գնում Արցախ։ Երբեք չէի ուզի խօսել այս թեմայով, բայց այս մարդը դաւաճանել է այն մարդկանց, որոնց մասով ունէր առաքելութիւն, դաւաճանել է իր սկզբունքները, դաւաճանել է այն մարդկանց, որոնց հետ ճանապարհ է անցել։ Իմ ցանկութիւնն է, որ նա զղջայ եւ ներողութիւն խնդրի»,- ասաց Տիգրան Աբրահամեանը։

Նրա խօսքով՝ Արցախի թեմի առաջնորդը եղել է մի մարդ, որի վաստակն արժանւոյն գնահատւել է, գնահատւել աւելի, քան կարելի էր։

«Երկար ժամանակ եղել է Արցախի դիրքերում, եղել է Զինւած ուժերի հոգեւոր առաջնորդ։ Նա ստացել է այն, ինչը նաեւ մի բան էլ աւելին է եղել։ Կրկնում եմ՝ նրա արածը դաւաճանութիւն է։ Արցախի թեմի առաջնորդը դաւաճանել է, բայց՝ առաջին հերթին ինքն իրեն ու իր արժէքները»,- ասաց Տիգրան Աբրահամեանը՝ շեշտելով՝ յարգանքի են արժանի բոլոր այն մարդիկ, որոնք ամուր ու անդաւաճան կանգնած են եկեղեցու կողքին։

Related Articles

Back to top button