Ռուբէն Մելքոնեան. «Վեհափառը Մայր Աթոռը չի՛ զիջելու. Սիրիայում ի՞նչ եղաւ․ յայտնւեց թուրքամէտ իշխանութիւն, եւ Էրդողանը կարմիր գորգի վրայ մտաւ Սիրիա… նոյնն այսօր անում են Հայաստանում»

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը թուրքագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանն է։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
- Բագրատ եւ Միքայէլ Սրբազանները Նիկոլ Փաշինեանին հաւատարմութեան երդում տւած 10 սրբազաններին ճշգրիտ բնութագրումտւեցին՝ տիրադաւեր։ Իրենք տիրադաւ եպիսկոպոսներ են։
- «Եւ դու, Բրուտոս» արտայայտութիւնը պէտք է փոխել ու հիմա ասել՝ եւ դո՞ւ, Բենթլի։ Ձեր ընտանիքի հարցերը լուծելու համար գնում էք ձեր թշնամու մօ՞տ։ Յայտարարութիւնն անում էք ու գնում էք նրա հետ հանդիպման։ Լսւած բան չէ, որ հօր մասին գնան բողոքեն իրենց հօրը հայհոյողին։ Այդ մարդիկ ուզում են լինել պատւէրով պատարագի գնացողների, իրենց «պարոն Կճոյեանով» դիմողների կողքին։ Ակնկալում եմ, որ մեր Եկեղեցու հովւապետը շարունակելու է այն կարգը, ինչպէս արել են իրեն նախորդած 131 կաթողիկոսները։
- Փաշինեան վարչապետն այսօր կարմիր բերետներով, ՊՊԾ-ով կարող է պաշտպանել այն սրբազաններին, որոնց ժամանակին քննադատում էր Փաշինեան լրագրողը։ Վախ կայ, որ այս մարդիկ կարող են չենթարկւել Եկեղեցու որոշումներին, բայց դա աւելի քիչ սպառնալիք է, քան նրանց մնալն իրենց թեմերում։
- Կիրակի օրն աշխարհի բոլոր Հայ Առաքելական Եկեղեցիներում պատարագ է մատուցւել, բոլոր տեղերում հնչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, բացի Սուրբ Սարգիս եկեղեցուց, որտեղ գտնւում էր Փաշինեանը։ Տիրադաւ եպիսկոպոսնե՛ր ու քահանանե՛ր, դուք պատւէրով համերգ էք անում, պատւէրով պատարագ, որտեղ Փաշինեանի ներկայութիւնն աւելի կարեւոր է, քան ձեր դարաւոր արժէքները, ուխտն ու հաւատը։ Դուք դրանք ստորադասել էք Փաշինեանի քմահաճոյքներին։
- Դուք Վեհափառին էք ուրացել, եկեղեցու դարաւոր աւանդոյթներն էք ուրացել ու մէկ ժամ յետոյ գնացել էք՝ հանդիպելու նրա հետ, ով եկեղեցին չուլանանոց է ասել, Վեհափառին է վիրաւորել, տո ձե՛զ է վիրաւորել։ Յանուն ինչի՞ էք դա անում։ Դուք աւելի շատ կոմերսանտ էք, քան հոգեւորական։ Ձեզնից որոշների աչքերի մէջ նայում ես, այնտեղ գոյք ես տեսնում։
- Փաշինեանն իրեն դրել է տիրակալի տեղ։ Ինքը յանձնել է Արցախը, ու իրեն թւում է՝ դրանից յետոյ իրեն ամէն ինչ կարելի է։ Ինքն է որոշում՝ ինչ թատրոններ բեմադրել, ինքն է որոշում՝ ֆէյսբուքում ինչ դատավճիռ կարդայ եւ ում վերաբերեալ։ Հիմա էլ որոշել է լուծել Եկեղեցու հարցերը։
- Սա լրջագոյն հարւած է աշխարհում Քրիստոնէութիւնն առաջինն ընդունած երկրին՝ Հայաստանին:
- Պատարագի գնալը դարձնել PR-ի առարկա՞յ… Եկեղեցին ասում է՝ կուռքեր մի՛ ստեղծիր, դու մտնում ես, քեզ ծափահարում են, անունդ են գոռում, լաւ է՝ դըմփ-դըմփ-հու չեն գոռում…
- Յատկապէս կրիտիկական իրավիճակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ստամբուլի Հայոց պատրիարքի աթոռը միայն ներհայկական տիրոյթում չեն հետաքրքիր եղել, այլ նաեւ աշխարհաքաղաքական։ Եւ որ պահին շահերը համընկել է, պրոցեսներն արագացել են։
- Եկեղեցին մնացել է միակ կառոյցը, որտեղ ամէն շաբաթ՝ պատարագների ժամանակ եւ տարբեր հանդիպումների ժամանակ, հնչում է Արցախի անունը։ Վեհափառն էր, որ պահեց Արցախի թեմը, որի առաջնորդը յուդաներից մէկն էր։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ իսկ պատճառով Գարեգին Վեհափառը տարատեսակ աշխարհաքաղաքական յորձանուտների համար դարձել է ոչ ցանկալի։
- Պատմութեան մէջ Գարեգին Կաթողիկոսը մնալու է՝ որպէս Գարեգին շինարար։ Նա ժողովրդի հետ քիչ խօսող, պոպուլիզմից հեռու անձնաւորութիւն է, դրա համար է բացասական PR-ը կպչում նրան։ Նա Քրիստոսի խօսքի տարածողն է, չի կարող լինել քինախնդիր։ Դրա համար մենք որոշ հարցերում կարող ենք չհասկանալ իրեն։ Նայէք՝ ինչ փորձութիւններով է անցնում հիմա։ Կալանաւորել են հարազատներին, իրեն ինչ մեղադրանք ասես՝ հասցնում են, հոգեւոր զաւակներն ինչ հարւածներ են հասցնում։ Ամերիկայի թեմի առաջնորդի անունը տիրադաւների ցուցակում ինձ հիմք է տալիս մտածել, որ Գարեգին Վեհափառի հեռացման պահանջը կապ ունի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։
- Հայ ազգի բրենդներից մէկն առաջին քրիստոնեայ ազգ լինելն է, եւ աշխարհում մենք հիմա խայտառակութեան փուլ ենք անցնում։ Հիմա մեզ նայում ու ասում են՝ ո՞նց կարող է առաջին քրիստոնեայ ազգը պատերազմից յետոյ գնայ ու ընտրի իրեն պարտութեան տարածին, կամ հանդուրժի Եկեղեցու դէմ արշաւը։ Դո՞ւք էք Նարեկացու գաղափարների կրողը։ 10 տիրադաւերը հազար գիրք են կարդացել, չգիտե՞ն, որ սենց բան չի կարելի անել։
- Միքայէլ եւ Բագրատ Սրբազաններն իրենց խցում աւելի ազատ են, քան 10 տիրադաւերն իրենց տներում, դղեակներում, աւտոմեքենաների մէջ կամ այլուր։ Փաշինեանը տառապում է ոսկէ ձկնիկի սինդրոմով։
- Միքայէլ եւ Բագրատ Սրբազանները պլանկա են դրել։ Արձագանքն այդպիսին պիտի լինի։
- Սիրիացումն այն է, երբ երկիրը հրաժարւում է անվտանգային բնազդներից։ Սիրիան դասագրքերից հանեց իրենց պատմութեան՝ Թուրքիայի հետ խնդիրների հատւածները, ականազերծեց սահմանները, չպայքարեց իր բարձունքների համար։ Սիրիայում ի՞նչ եղաւ. մի օր յայտնւեց թուրքամէտ իշխանութիւն, եւ Էրդողանը կարմիր գորգի վրայ մտաւ Սիրիա… Նոյնն այսօր տեղի է ունենում Հայաստանում։
- Գարեգին Վեհափառը Մայր Աթոռը չի զիջելու։ Տիրադաւները պէտք է պատժւեն, որովհետեւ անպատժելիութիւնը նոր յանցանքներ է ծնելու։
- Հռոմի Պապի ողջոյնը Պոլսի հայկական եկեղեցում Գարեգին Վեհափառին եղբայրական ողջոյն էր ու լաւ մեսիջ։ Սահակ պատրիարքը Գարեգին Վեհափառի հոգեւոր զաւակներից է։ Նա անգամ յօդւած ունի՝ «Վեհափառի աչքերը», ուր գովերգում է նրան։ Յամենայնդէպս, Սահակ պատրիարքը չի հանդիպել Գարեգին Վեհափառին հայհոյողի հետ։ Այդ 10 սրբազանները Սահակ պատրիարքի համարձակութիւնն էլ չունեցան։
- Ցեղասպանութեան ու գաղթի ժամանակ Մշոյ Առաքելոց Սուրբ Վանքի դուռը հանել, բերել են։ Հիմա դուք յարձակւում էք եկեղեցու վրայ, դարպասնե՞րն էք պոկում։
- Տիրադաւերի այդ ցուցակը կարող է աւելանալ. եթէ սա պլան է, բայց մի բան յստակ է՝ սա իրենց արդար համոզմունքը չէ։ 2018 թ․ քաղաքական թիմից էին փախչում ամենաանհաւանական մարդիկ, ովքեր ասում էին՝ պէտք է դադարեցնել թալանը, երբ իրենք էին թալանողները, հիմա էլ ամենաանհաւանական սրբազաններն են ասում՝ պէտք է պայքարել Եկեղեցում տիրող բարքերի դէմ… Էս տիրադաւերը որեւէ բարոյական խնդիր չունե՞ն իրենց բանտարկւած հոգեւոր եղբայրների հետ։ Միքայէլ Սրբազանն ախր շատերիդ ուսուցիչն է եղել։
- Մենք ո՛չ նաւթի հանքեր ունենք, ո՛չ գազի։ Բայց մենք ամուր ինքնութիւն ունենք։ Դա է մեր արժէքը։ Դրա համար ենք ասում՝ եկեղեցին բաստիոն է, չպէտք է զիջենք մեր ինքնութիւնը։
- Նիկոլ Փաշինեանը չի տեսնո՞ւմ, որ վարչական ռեսուրսով մարդ են բերում իր մասնակցութեամբ կեղծ պատարագին։ Գնում է Թալին՝ էնտեղ են, գալիս է Երեւան՝ հետը գալիս են այստեղ։
- Հայաստանում յստակ բռնապետութիւն է։ Էս պարագայում ի՞նչ պէտք է անել, եթէ փողոցով էլ չի ստացւում։ Թող մարդիկ լուռ, քւէախցում անեն իրենց ընտրութիւնը, գնան ընտրութիւնների, իրենց խօսքն ասեն քւէախցում։
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յատուկ ներկայացուցիչ Սթիւեն Ուիթքոֆը յայտարարել է, որ ինքը մշտապէս մտքեր է փոխանակում Թուրքիայի ԱԳՆ-ի եւ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպութեան ղեկավարներ Հաքան Ֆիդանի եւ Իբրահիմ Քալընի հետ՝ Ադրբեջանին եւ Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ։
Նիւ Եօրքում ամենամեայ Concordia գագաթնաժողովում ելոյթ ունենալով՝ Ուիթքոֆն ընդգծել է, որ Թրամփի թիմի համար թուրք դիւանագէտներն ու հետախուզութիւնը կարեւոր դեր են խաղում տարածաշրջանային հարցեր քննարկելիս։
«Թուրքիայում մեր դեսպան Թոմ Բարաքն ունի երկու մարդ, որոնք չափազանց կարեւոր են այն ամէնում, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում։ Նրանցից մէկը պարոն Իբրահիմ Քալընն է՝ MIT հետախուզութեան ղեկավարը, իսկ միւսը՝ Հաքան Ֆիդանը՝ ԱԳ նախարարը։ Եթէ իմ մէջ խնդիր է առաջանում՝ լինի դա Ադրբեջանում, Հայաստանում կամ նոյնիսկ Ուկրաինայում, այս պարոնայք հանդիսանում են փորձագէտներ այդ բոլոր ոլորտներում»,- նշել է նա։
Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մի շարք ուշագրաւ ու ցինիկ մեկնաբանութիւններ է արել, ըստ էութեան՝ հերթական անգամ խոստովանելով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում առկայ նախապայմանների փաստը: Նա, մասնաւորապէս, ասել էր. «Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղութեան համաձայնագիր, մենք պատրաստ կը լինենք կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ»:
«Եթէ մենք այս պահին կարգաւորենք յարաբերութիւնները, մենք կը վերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղութեան համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետեւաբար, մենք կարող ենք բախւել տարածաշրջանում սառեցւած հակամարտութեան հնարաւորութեանը։ Մենք դա չենք ուզում»,- Anadolu-ի փոխանցմամբ՝ ասել էր Ֆիդանը։
- Հայաստանի իշխանութիւններ, ո՞ւր մնաց ձեր ինքնիշխանութիւնը… Բա քո մասին խօսում են թշնամի երկրի արտգործնախարարի հետ։ Ինքնիշխանութիւնդ ո՞ւր մնաց։ Թուրքիայի հետ գործընթացներն ընթանում են նախապայմաններով։ Ու այստեղ ցինիզմ կայ, մեզ ասում են՝ շանս ենք տւել, որ խօսէք Ադրբեջանի հետ։



