Հայաստան - Արցախ

Միւնխէն 2024. տոքսիկ Նիկոլը

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինեանի հերթական զեղումները, այս անգամ՝ Միւնխէնում, երկար-բարակ քննարկւում են Հայաստանում: Նման «ռեզոնանսի» պատճառները պարզ են: Նա ոչ թէ խելացի, իմաստալից, խորքային ինտելեկտուալ օրակարգ է առաջ մղում, այլ պատասխան պահանջող, մերկացման կարիք ունեցող, երբեմն` գարշահոտ եւ զազրելի ստերի, կռուտիտների, մուտիտների, ֆռթոնների եւ որեւէ ղեկավարի պատիւ չբերող այլ պրիմիտիւ մեթոդներով շարունակում է կենաց-մահու կռիւը հայի եւ Հայրենիքի դէմ:

Օրինակների պակաս Միւնխէնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից չկայ:

Իր հեռանալու առաջարկին արձագանգելով, օրինակ, Նիկոլը կրկին խաբեց: Իրականում 2018-ից յետոյ Հայաստանում երբեք նորմալ ընտրութիւն չի եղել: Հերիք չէ, որ թէ՛ 2018 թ. դեկտեմբերի, թէ՛ 2021 թ. յունիսի ընտրութիւնները արտահերթ էին, դրանցից առաջինը՝ էյֆորիայի, իսկ երկրորդը՝ ցաւի ընտրութիւններ էին: Նիկոլի օրօք ժողովուրդը երբեք սթափ վիճակում ընտրութիւն չի կատարել, այլ յայտնւել է կամ եռման ջրի, կամ սառը ցնցուղի տակ: Էլ չասեմ, որ 2021-ին Նիկոլի մասնակցութիւնն ընտրութիւններին շառաչուն ապտակ էր ժողովրդավարութեան գրւած եւ չգրւած օրէնքներին:

Իր բորբոքւած ուղեղում յօրինելով պետութիւն-հայրենիք տգէտ հակադրութիւնը՝ նա խրտնում է «կորսւած Հայրենիք» ձեւակերպումից՝ կրկին դիմելով դեմագոգիայի հարուստ փորձին: «Սիրենք այն, ինչ ունենք» եւ «Մոռանանք այն, ինչ չունենք» զրուցարանի մակարդակի պլստոցներում նա «մոռանում է» յիշատակել, որ այն, ինչ այսօր չունենք, դեռ երէկ մերն էր, որ այն դադարել է մերը լինել հէնց իր պատճառով: Պետութիւնը հայրենիքի փոխարէն սիրելու իր նոր ցնորքի մէջ նա խուսափում է յիշատակել այն փաստը, որ հայը 2018-ի մայիսի 8-ին ունէր երկու պետութիւն, որից մէկը կործանւեց հէնց իր պատճառով, իսկ միւսը նա շարունակում է յանձնել մանիակալ սեւեռւածութեամբ: Այսօր ասում է՝ «Մոռանանք Արարատը, սիրենք Արագածը», վաղն արդէն կասի՝ «Մոռանանք Արագածը, սիրենք Արա լեռը», յաջորդ օրն էլ դա կորցնելուց յետոյ կասի՝ «Մոռանանք Արա լեռը, սիրենք Պլանի գլուխը»: Նրա պատկերացմամբ՝ պետութիւնն այն է, ինչ կը մնայ Հայաստանից նրա մոլագարութիւնից յետոյ:

Մի ուրիշ նոր խաղալիք, որով նա սիրում է հրապարակաւ խաղալ, դիւերսիֆիկացիան է արտաքին եւ անվտանգային ոլորտներում: Իրականում քանիցս ապացուցել եմ, որ այն, ինչ անում է Նիկոլը դիւերսիֆիկացիայի անւան տակ, ֆիասկօ է, որի արդիւնքում Հայաստանը վերածւել է գէոպոլիտիկ բոմժի առանց ֆիքսւած բնակութեան՝ համաձայնէք, իսկը մեր այսօրւայ վիճակի մասին է): Դիւերսիֆիկացիան իրականում լաւ բան է, եւ մեր իշխանութիւնը դա, օրինակ, արել է` ստորագրելով Եւրոմիութեան հետ CEPA-ն: Դիւերսիֆիկացիան իրականացնում են ոչ թէ ի հաշիւ եղած ռեսուրսների, այլ ի լրումն եղածի, այնինչ այսօր մենք կորցնում ենք Ռուսաստանը եւ չենք ստանում Արեւմուտքը (դիւանագիտական bla-bla-bla-ն հաշիւ չի):

Հիստերիկ ծիծաղ կարող է առաջացնել Փաշինեանի ցնդաբանութիւնը կոռուպցիայի դէմ պայքարի մասին: Բաւական է ընդամէնը բացել նոյն Transparency International կազմակերպութեան վերջին զեկոյցը եւ գրեթէ բառացի կարդալ, որ Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ լրջագոյն հիմնահարց (մեր բալը 47 է, այնինչ պէտք է լինի առնւազն 50+): Որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը Եւրոխորհրդի երկրների մէջ նոյնիսկ միջին հորիզոնականներում չէ: Որ անգամ այն մէկ բալը, որով աճել է Հայաստանի ցուցանիշը, ըստ նոյն հեղինակների, աւելի փոքր է, քան վիճակագրական ստանդարտ սխալի չափը (!):

Մի առանձին ախոռ է Արցախեան բանակցութիւնների մասին Փաշինեանի «զինանոցը»: Միւնխէնում «նախկիններն են մեղաւոր» զառանցանքը հիմնաւորելու համար նա հիմնական շեշտը դրեց 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնեան գագաթնաժողովի վրայ, մի քիչ էլ՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի եւ 2016-ից յետոյ տեղի ունեցած բանակցութիւնների վրայ: Ափսոս, ներկաներից ոչ ոք նրան չյիշեցրեց 2020 թ. յունւարին Կապանի ասուլիսին «Սերժի ժառանգութեան» ընթերցումը:

2017-ի նոյեմբերի CEPA-ն, 2009-2013 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ յայտարարութիւնները, 2011 թւականի Կազանը, 2016-ի Ապրիլեան պատերազմից յետոյ եռաթուղթ փաթեթը եւ այլ, այսինքն՝ բոլոր այն միջազգային փաստաթղթերը, որոնք ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ առանց սահմանափակումների եւ պարտադիր իրաւական ուժ ունեցող հանրաքւէով:

Առիթից պիտի օգտւեմ եւ բանտախցիցս դիմեմ ՀՀ 3-րդ նախագահին. պարոն Սարգսեա՛ն, այսօրւայ իրականութեան համար (թէ՛ ներքին, թէ՛ արտաքին) Դուք չափից աւելի բարոյական էք: Խնդրում եմ, գտէք ձեւը հրապարակելու ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի բանաձեւի նախագիծն Արցախեան կարգաւորման մասին:

Մէկ ուրիշ հիասքանչ «կռուտիտ» Միւնխէնում Նիկոլն արեց՝ համեմատելով գլոբալ անվտանգութեան խնդիրները Հայաստանի գլխին կախւած վտանգների հետ (առաջին անգամ այս հնարքին նա դիմել էր The Telegraph-ին տւած հարցազրոյցում): Պատկերացրեցիք, չէ՞, որքան մանկամիտ պիտի լինել մտածելու համար, որ, օրինակ, միջուկային հնարաւոր պատերազմի մասին տեսական խօսակցութիւնները Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ բախման ֆոնին բերել համեմատել հայ-ադրբեջանական ողջ սահմանին առկայ լարւածութեան, յանձնւած գերակայ դիրքերի, օկուպացւած ինքնիշխան տարածքների եւ չդադարող զոհերի հետ… Հաա, մոռացել էի, որ մենք այնքան անվտանգ ենք, որ սեփական տարածքում կառուցւող գործարանն անգամ տեղափոխում ենք՝ անվտանգութիւնից ելնելով:

Երեւի միակ բանը, որ նա ճիշտ էր ասում, դա անդադար սովորելու անհրաժեշտութեան մասին էր: Սակայն այստեղ էլ մի բայց կայ. կը լինի՞ մեր Հայրենիքի, մեր զաւակների, մեր կեանքերի եւ մեր արժէքների հաշւին չսովորես «վարչապետ աշխատել»: Թող գնա, որ մեզ ղեկավարեն մարդիկ, որոնք քեզանից շօշափելիօրէն աւելի սովորած են, ունակ եւ խելամիտ:

Մի խօսքով, Միւնխէնում հայերի հետ Նիկոլի հանդիպման թէ՛ բովանդակութիւնը, թէ՛ ֆորմատն ապացուցում են, որ Նիկոլը տոքսիկ է: Իրեն հաւատալը՝ տոքսիկ է, իր հետ հանդիպելը՝ տոքսիկ է, իր հետ ասոցացւելը՝ տոքսիկ է:

Կասկած չունեմ, որ հէնց «մաւրն» աւարտեց իր սեւ գործը, նրան դեռեւս գուրգուրող Արեւմուտքն անգամ արագ կազատւի նման թունաւոր ակտիւից:

ԱՐՄԷՆ ԱՇՈՏԵԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշէն» ՔԿՀ
22.02.2024 թիւ

168.am

Related Articles

Back to top button