
Հայ նահատակ վետերան Վալոդ Սարգսեանի, յուղարկաւորութեան կրօնական արարողութիւնը կատարւեց հինգշաբթի նոյեմբերի 20-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւած Ս․ Պատարագից յետոյ, որից յետոյ դին փոխադրւեց Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատուն եւ ամփոփւեց յատուկ բաժնում:
Եւ այսպիսով հայ վետերան Վալոդ Սարգսեանը միացաւ իր զոհւած ընկերներին։
Վետերան զինւոր Վալոդ Սարգսեանը 25 ամիս Քուրդստանի տարածաշրջանում՝ առաջնագծերում՝ ծառայելով եւ Իրաքի բասական ռեժիմի ուժերի դէմ պայքարի ընթացքում վիրաւորւելով դարձել է զինհաշմւած: Նա 1984 թւականի սեպտեմբերի 9-ին վերադառնալով որոշ ժամանակ անց կազմում է ընտանիք ու հիմքը դնում նոր կեանքի։ Մօտ 40 տարւայ համատեղ կեանքից յետոյ, մի քանի ամսեայ հիւանդութիւնից յետոյ 2025 թւականի նոյեմբերի 17-ին նա հրաժեշտ տւեց կեանքին եւ միացաւ Իրան Իրաք պարտադրեալ պատերազմից զոհւած իր նահատակ ընկերներին ու զինակիցներին։
Նոյեմբերի 20-ին Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց նրա յուղարկաւորութեան ու թաղման կրօնական արարողութիւնը:
Արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանի նահատակների եւ վետերանների հիմնարկի ներկայացուցիչ հոջ. Հոսէյնիփուրը, բանակի կենտրոնական շտաբից՝ բրիգադային գեներալ Ամիր Չաւուշին, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ներկայացուցիչներ, նահատակի զինակից ընկերներ, պետական յարակից բաժինների պատասխանատուներ եւ մեծ թւով հարազատներ:
Հանգուցեալ վետերանի կրօնական թաղման արարողութիւնը կատարեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, ներկայ էին Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը, եւ Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը։
Կրօնական արարողութիւնից յետոյ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը գնահատանքով անդրադարձաւ պարտադրեալ պատերազմի տարիներին հայ զինւորների սխրագործութիւններին ընդգծելով, որ պարտադրեալ պատերազմի տարիներն Իրանահայ համայնքը ունեցել է 51 գերեվարւածներ եւ 136 զինհաշմւածներ եւ կարեւորութեամբ արտայայտւեց քրիստոնէութեան վարդապետութեան մեջ նահատակութեան իմաստին։
Հայր Սուրբը յիշեցրեց զոհւածների, ազատամարտիկների եւ զինւորների զոհաբերութիւնը՝ նշելով, որ քրիստոնէութեան մէջ նրանք իրենց կեանքը նւիրել են հայրենիքի ծառայութեանը։ Վերջում Հայր Սուրբը իր վշտակցութիւնը յայտնեց հանգուցեալի ընտանիքին։
Ապա հանգուցեալի դին փոխադրւեց եկեղեցու բակը եւ դամբանական ելոյթներով հանդէս եկան տարբեր պատասխանատուներ։ Նախ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչը եւ խորհրդի անդամ Արթին Շահբազեանը փոխանցեց խորհրդի խօսքը, անդրադառնալով նահատակների սխրագործութիւններին եւ պատերազմի տարիներին իրնահայ համայնքի դերակատարութեանը:
Նա Թեմական խորհրդի կողմից վշտակցութիւն յայտնեց հանգուցեալի ընտանիքին ու բոլոր զոհւածների հարազատներին, մէջբերելով Աւետարանից. «Սիրոյ մեծագոյնը այն է, որ մարդը իր կեանքը զոհի իր ընկերների համար», եւ յիշատակեց, որ հայերը աւելի քան 100 հերոս նահատակներ են նւիրել Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ պատերազմի տարիներին, յանուն Իրանի տարածքային ամբողջականութեան:
Նահատակների եւ վետերանների հիմնարկի ներկայացուցիչ հոջ. Հուսէյնիփուրը, մեծարելով նահատակների յիշատակը, կարեւորեց հայ վետերանների ու սրբազան պաշտպանութեան գործում նահատակների դերը։ Նա ասաց, որ խոնարհւում ենք զոհւածների, զինւորների եւ ազատամարտիկների, ի մասնաւորի նահատակների դիմաց, որոնք իրենց կեանքը նւիրաբերեցին յանուն հայրենիքի:
Խօսքերը եզրափակեց Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շավարդեանը: Պատգամաւորը յիշեցրեց Աւետարանի այս խօսքը. «Երանի մաքուր սրտովներին, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն», եւ կարեւորեց պարտադրեալ պատերազմի տարիներին հայ զինւորների, իրանահայութեան, բուժհամակարգի ու արհեստաւորների անմնացորդ դերը ռազմաճակատներում:
Պատգամաւորը կարեւորեց Իրանի տարածքային ամբողջականութեան ու վերելքի ճամբին իրանահայութեան ցուցաբերած անձնազոհութիւնները:
Կրօնական արարողութիւնից յետոյ վետերանի դին փոխադրւեց Նոր Բուրաստան գերեզմանատուն եւ ամփոփուեց յատուկ բաժնում:
Խաղաղութիւն նրանց հոգիներին, յիշատակը արդարոց։
Թ. Հ. Թ. Պարտադրեալ Պատերազմի Հայ նահատակների եւ
Անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ











