Որտեղի՞ց են վերցրել «աղաւնի» տեխնոլոգիան

Նոյեմբերի 30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցւած Պատարագի ընթացքում իշխող ուժի քարոզչական մեքենան փորձեց կիրառել քաղաքական աճպարարական հնարք՝ Փաշինեանի աւտոշարասեան մեքենաների վրայ յանկարծ յայտնւած աղաւնու միջոցով։ Դեռ պատարագը չաւարտւած՝ քպամերձ հարթակներն սկսեցին կայծակնային արագութեամբ տարածել այդ լուսանկարները՝ ներկայացնելով դրանք որպէս իբր «Աստծոյ նշան»։ Այնինչ, շատերը նկատեցին, թէ նման «խաղաղութեան աղաւնին» ինչպիսի նշան կարող էր լինել հէնց այն աւտոշարասեան պայմաններում, երբ այդ մեքենաներից մէկը մի քանի տարի առաջ մահացու վրաերթի էր ենթարկել 29-ամեայ յղի Սոնա Մնացականեանին։
Ի դէպ, այս տեխնոլոգիան, որից օգտւել են իշխանութեան խորհրդատուները, նորութիւն չէ։ Այն թուրքական քարոզչամեքենայի դասական հնարք է, որը վերջին տասնամեակներում բազմիցս կիրառւել է Թուրքիայում՝ իշխանութեան քաղաքական օրակարգը «սրբացնելու» եւ առաջնորդին «Աստծոյ ընտրեալ» կերպարով ներկայացնելու նպատակով։ Օրինակ՝ 2015 թ. օգոստոսի 16-ին Ռիզէում մզկիթի բացման արարողութեան ժամանակ Էրդողանի գլխին «զարմանալի հանգամանքներում» յայտնւած թռչունը թուրքական իշխանամերձ մամուլը նոյն պահին ներկայացրեց որպէս «Աստծոյ նշան»։ Այդ ժամանակ Էրդողանը գտնւում էր իր քաղաքական կենսագրութեան ամենացածր վարկանիշի փուլում, իսկ ընդդիմութեան ու հասարակական գործիչների դէմ բռնաճնշումները հասել էին գագաթնակէտին։ «Աղաւնու հրաշքը» մատուցւեց որպէս «վերից ուղերձ», ինչը հանրային ընկալման վրայ իրական ազդեցութիւն ունեցաւ։
Հէնց այդ փորձւած մեխանիզմն էլ, ըստ աղբիւրների, որոշել են կրկնել նաեւ Հայաստանում՝ այս անգամ Փաշինեանի նախաձեռնած հակաեկեղեցական արշաւի շրջանակում։ Այսպիսով, «խաղաղութեան աղաւնու» քաղաքական շահարկումը ոչ թէ հայկական իրականութիւնից բխող երեւոյթ է, այլ թուրքական քաղտեխնոլոգիական մշակոյթի ներմուծում՝ յստակ քաղաքական նպատակներով, որով փորձ է արւել հոգեբանական մանիպուլիացիայի միջոցով կոծկել Եկեղեցու դէմ իրականացւող ճնշումները եւ իշխանութեան առաջնորդին ներկայացնել «աստւածային նշաններով օժտւած» կերպարով։ Այսինքն, անգամ սեփական լոգօն թուրքական կուսակցութիւնից փոխառած ՔՊ-ն այժմ էլ փոխառել է թուրք քաղտեխնոլոգների «խաղաղութեան աղաւնի» օպերացիան՝ որպէս հոգեբանական ազդեցութեան միջոց Հայաստանում. հասկանալի է՝ նպատակը Եկեղեցու դէմ աճող ճնշումների ֆոնին հասարակական նեգատիւը մեղմելը եւ Փաշինեանին «վերից եկող ընտրութեան» խորհրդանիշով ներկայացնելը։
«Փաստ»



