Բագրատ Միկոյեան. «Փաշինեանը բանակցային առաջարկի փոխարէն սղցնում է «Հայկական ժամանակ»-ի յօդւածը»

«ԱԼԻՔ» – «Փաստաթղթեր դա անւանելը ամբողջութեան մէջ մի քիչ սխալ է, եթէ մի բանի մէջ կայ «Հայկական ժամանակ»-ի յօդւած, յղում «Հայկական ժամանակ»-ին, դա փաստաթուղթ անւանելը սխալ է»: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Բագրատ Միկոյեանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ կառավարութեան կայքում հրապարակւել են ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացում շրջանառւած տարբերակները։
«Այդտեղ չկայ Քի Վեսթի փաստաթուղթը, որը եղել է բանակցութիւնների սեղանին։ Դրա փոխարէն իրենք դրել են երբեւէ պաշտօնապէս չբանակցւած ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակւել է «Հայկական ժամանակ»-ում։ Վարչապետ Փաշինեանը յղում է անում 2008 թւականի իր թերթում տպւած ինչ-որ բառերի ու անւանում է դա փաստաթուղթ։ Եթէ ինքը Քի Վեսթը հրապարակեր, միանգամից այդ միֆը, թէ Մեղրին տալիս էին, յօդս էր ցնդելու»,- նշեց Միկոյեանը։
Անդրադառնալով 2019 թւականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արւած կարգաւորման առաջարկին, որը հրապարակելու կոչ էին անում նրան նախկին նախագահները, Միկոյեանն արձագանքեց. «Դա պէտք է թողնել ընթերցողին, ընթերցողը թող նայի՝ 2019 թւականին ինչից է հրաժարւել Նիկոլ Փաշինեանը, ինչն է մերժել արհամարհական ձեւով, ինչից յետոյ է յայտարարել, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Մարդիկ կարդում են ու տեսնում են, որ այն, ինչն ունենք հիմա՝ պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ, շարունակական նւաստացում, ամէն ինչի համաձայնեցում Փաշինեանի կողմից, դրա փոխարէն կարող էր լինել այն, ինչը գրւած է 2019 թւականի թղթի մէջ, որը, ի տարբերութիւն, այսպէս կոչւած, Մեղրին տալու իր՝ «Հայկական ժամանակ»-ի յօդւածի, պաշտօնական առաջարկ է եղել, բանակցային փաստաթուղթ է եղել»։
Արձագանքելով իշխանութեան այն հակափաստարկին, որ Արցախը հայկական պահելու տարբերակ չկար, քանի որ Ադրբեջանը երբեք չէր համաձայնւի անցկացնել կարգավիճակի որոշման նպատակով հանրաքւէն, Միկոյեանը նկատեց. «Իրենք ամէն ինչ յանձնելուց, զոհեր տալուց, ամէն ինչ տալուց ու նւաստանալուց յետոյ սկսում են «եթէ»-ներով խօսել նրա մասին, ինչը այդ թղթում գրւած է։ Իրենք որեւէ բան, որն այդ թղթում գրւած է, չեն արել, աւելին՝ յայտարարել են, որ իրենք բանակցում են զրոյական կէտից։
Իր հրապարակածի մեծ մասը բաց մատչելի եղել է։ Ես խօս եմ նախագահ Քոչարեանի վերաբերեալ հատւածից։ Հրապարակել են Կազիմիրովի գրքից հատւածներ, որտեղ կան որոշ առաջարկներ, որը վաղուց բոլոր ուսումնասիրողներին, բոլոր մասնագէտներին յայտնի է։ Հրապարակել են Մադրիդեան փաստաթուղթը, որը բաց մատչելիութեամբ եղել է, եւ այդ արանքում ամենակարեւոր Քի Վեստի փաստաթուղթը չի հրապարակում։ Եթէ իրենք իրօք, այս տիպի դիւանագիտական անմեղսունակութեամբ են բանակցել, զարմանալի չէ այն իրավիճակում, որում մենք յայտնւել ենք։ Ես չեմ բացառում, որ միջազգային պարտնեորների, նոյն Ալիեւի կամ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցելիս, ինքը հանել է «Հայկական ժամանակ»-ի յօդւածները։ Սա սարսափելի է»։
Բագրատ Միկոյեանը նկատել է, որ իշխանութիւնները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն։
«Ինքը կարող է հայելու դիմաց դնել «Հայկական ժամանակ»-ի թերթերը եւ ինքն իր հետ բանավիճել, իսկ մասնագէտները, որոնք որեւէ կողմի հետ կապ չունեն, ասում են, որ «Հայկական ժամանակ»-ի յօդւածը մեծ ցանկութեան դէպքում չի կարող կոչւել բանակցային փաստաթուղթ։ Միջազգային պարտնեորները, Մինսկի խմբի համանախագահ պետութիւնները պէտք է իրեն հարցնեն՝ մեզ ծաղրո՞ւմ ես, մեր առաջարկների փոխարէն քո յօդւա՞ծն ես ներկայացնում։ Ինքն այնքան է իր մասին չգիտեմ ինչ կարծիքի, որ երեք գերտէրութիւնների ղեկավարների առաջարկի փոխարէն, ժողովրդական լեզւով ասած, սղցնում է «Հայկական ժամանակ»-ի յօդւածը։ Այս տիպի սանձարձակութիւնը միջազգային յարաբերութիւններում ունենում է գին, եւ այդ գինը մեր պետութիւնը սիստեմատիկ վճարում է»,- եզրափակել է Միկոյեանը:



