Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ֆրանսիացի 31 խորհրդարանականներ կոչ են արել ազատ արձակել հայ գերիներին

«ԱԼԻՔ» – Ֆրանսիացի 31 սենատորներ ու պատգամաւորներ, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման տարելիցի կապակցութեամբ, կոչ-յայտարարութիւն են հրապարակել՝ ընդգծելով էթնիկ զտումն իրականացնողներին պատասխանատւութեան ենթարկելու, Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների ազատ արձակման եւ այլ քայլերի անհրաժեշտութիւնը: Այս մասին ըստ 168.am-ի՝ յայտնում են «Արցախ միութիւն»-ից։

Ֆրանսիացի խորհրդարանականների յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, նշւած է.

«2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը արդարացում չունեցող հուժկու ռազմական գործողութիւններ սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչութեան դէմ՝ վերջ դնելով այս հողում հայերի բազմադարեայ ներկայութեանը։ Յարձակումը տեղի ունեցաւ այն պահին, երբ միջազգային հանրութիւնը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որի համանախագահներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, յանձն էր առել հակամարտութիւնը լուծել բացառապէս խաղաղ ճանապարհով՝ հաշւի առնելով սեփական ապագան ինքնուրոյն որոշելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքը։ Չնայած այդ յանձնառութեանը՝ Բաքուն ընտրեց պատերազմի ուղին։

Մի քանի օրւայ ընթացքում Լեռնային Ղարաբաղի վերջին 120000 հայերը՝ երկրի ողջ բնակչութիւնը, հարկադրւած եղան արտագաղթել Հայաստան։ Այս զանգւածային տեղահանմանը նախորդել էր իննամսեայ շրջափակումը, որի նպատակը հայ բնակչութեան կեանքն անհնար դարձնելն էր՝ ստիպելով նրանց վերջնականապէս լքել իրենց տները։ Իրականում շրջափակումը էթնիկ զտման քաղաքականութեան ծրագրաւորւած մի փուլ էր, որի հետեւանքը եղաւ հայ բնակչութեան լիակատար արտաքսումը։

Հարկ է յիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ձեւաւորւել է 1991 թւականին՝ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, տեղի բնակչութեան կողմից կազմակերպւած ժողովրդավարական հանրաքւէի արդիւնքում՝ ինքնորոշման իրաւունքի սկզբունքի համաձայն։

Ներկայումս, երկու տարի անց, բռնի տեղահանւածների մեծ մասը շարունակում է ապրել անորոշութեան եւ աղքատութեան մէջ։ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգութիւնը ենթարկւում է ոչնչացման կամ խեղաթիւրման։ Հայ գերիները, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտօնեաները, շարունակում են պահւել Բաքւի բանտերում ՝ առանց արդար դատավարութեան երաշխիքների։ Բաքւի ռեժիմը անպատժելիօրէն շարունակում է իր քաղաքականութիւնը՝ տարածաշրջանից ջնջելով հայկական իւրաքանչիւր հետք։

Մենք՝ ֆրանսիացի խորհրդարանականներս, կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարութեանը եւ եւրոպական կազմակերպութիւններին՝ չտրւել դիւանագիտական անտարբերութեան։ Մենք վերահաստատում ենք հետեւեալ սկզբունքները՝

1․ Լաչինի միջանցքի շրջափակման, 2023 թ․ սեպտեմբերի 19-ի յարձակման եւ Ադրբեջանի կողմից միջազգային իրաւունքի շարունակական խախտումների յստակ ու միանշանակ դատապարտում,

2․ Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահւող բոլոր հայ գերիների, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական պատասխանատուների անյապաղ ազատ արձակում,

3․ Միջազգային հարթակի ստեղծում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի, անվտանգութեան եւ հիմնարար իրաւունքների երաշխաւորման պայմանները գնահատելու համար,

4․ Լեռնային Ղարաբաղի տեղահանւած բնակչութեան անօտարելի իրաւունքի վերահաստատում՝ ապահով, արժանապատիւ եւ անխոչընդոտ վերադարձ իրենց տներ՝ համաձայն Միջազգային դատարանի որոշումների, մասնաւորապէս՝ 2023 թ․ նոյեմբերի 17-ի,

5․ Հասցէական եւրոպական պատժամիջոցներ՝ պատերազմի յանցագործութիւնների, մարդու իրաւունքների խախտումների եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ գործողութիւնների պատասխանատուների նկատմամբ,

6․ Միջազգային հետաքննութիւնների աջակցում՝ Լեռնային Ղարաբաղում կատարւած խախտումները փաստագրելու եւ, Հռոմի Ստատուտի 14-րդ յօդւածի համաձայն, Դատական վարոյթներ մեկնարկելու համար,

7․ Հայաստանին աջակցելու ջանքերի ուժեղացում՝ հումանիտար, անվտանգութեան եւ մշակութային համագործակցութեան ոլորտներում։

Այս տխուր տարելիցի կապակցութեամբ մենք վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի արտաքսումը ճակատագիր չէ։ Նրանց վերադարձի իրաւունքը պէտք է մնայ ժողովրդավարական երկրների օրակարգի կենտրոնում։ Եւրոպական միութիւնը չի կարող իր արժէքները պաշտպանել փոփոխական չափանիշներով. արդարութիւնն ու մարդու իրաւունքները պէտք է լինեն համընդհանուր, այդ թւում՝ Հարաւային Կովկասում։

Related Articles

Back to top button