Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տեղի է ունեցել «մեր ձեւով» շարժման առաջին հաշւետու ժողովը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ հոկտեմբերի 11-ին, Երեւանում տեղի է ունեցել «Մեր ձեւով» շարժման առաջին հաշւետու ժողովը:

Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ ժողովին ելոյթով հանդէս է եկել շարժման համակարգող Նարեկ Կարապետեանը:

Իր ելոյթում, նա յայտարարել է, որ «Մեր ձեւով» շարժման մասնակից է դարձել արդէն 5000 կամաւոր։

«Ամէն օր հարիւրաւոր մարդիկ զանգահարում են, համացանցային կապ են հաստատում եւ միանում են մեզ` առաջարկելով կամաւորականութիւն, որպէսզի երկրում հնարաւոր լինի կատարել այն փոփոխութիւնները, ինչը իրենք եւ մենք բոլորս տեսնում ենք։

Այս տեմպը եթէ շարունակւի, մեր համախոհների թիւը մօտակայ ամիսների ընթացքում կը հասնի տասնեակ հազարների»,- ասել է Նարեկ Կարապետեանը։ Նա կարծիք է յայտնել, որ դա արդէն «մեծ մերան կը լինի» հասարակութեան մէջ անշրջելի փոփոխութիւններ կատարելու։

Իրաւապաշտպան Արամ Վարդեւանեանն էլ փոխանցել է շարժման հիմնադիր, անւանի գործարար եւ բարերար, քաղբանտարկեալ Սամուէլ Կարապետեանի ուղերձը, որը նա յղել էր ՀՀ ԱԱԾ մեկուսարանաից:

«Արդէն ակնյայտ է, որ մեր շարժումը յայտնւել է հասարակական կեանքի ուշադրութեան կենտրոնում, զգալի փոփոխութիւններ է բերել երկրի քաղաքական կեանքում:

Պատիւ եմ համարում, որ արժանի հազարաւոր մարդիկ միացել են մեր շարժմանը ու զինակից են դարձել մեզ։ Չենք նահանջելու, կանգ չենք առնելու, ու մեր ժողովրդի հետ միասին Հայաստանը դարձնելու ենք ամենալաւ, ամենաբարեկեցիկ, ամենաերջանիկ երկիրը, անելու ենք «Մեր ձեւով»»,- ասել է Վարդեւանեանը՝ փոխանցելով Կարապետեանի ուղերձը:

Շարժման անդամ Արեգա Յովսէփեանն էլ յայտարարել է, որ Արցախի վերադարձի հարցը իրենց համար փակ չէ։

«Արցախցիների իրաւունքների պաշտպանութիւնը եւ միջազգային ատեաններում նրանց իրաւունքների պաշտպանութիւնը, Մայր Հայաստանում նրանց արժանապատիւ կեանքի ապահովումը մեր թիմի համար սակարկման ենթակայ չէ եւ այլընտրանք չունի։ Արցախ վերադարձի հարցը մեզ համար փակ չէ»,- յայտարարել է նա։

Նշենք, որ հաշւետու ժողովին որպէս փորձագէտ եւ յատուկ բանախօս տեսաուղերձով հանդէս է եկել նաեւ Նոբէլեան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն, որը   որպէս խորհրդատու եւ փորձագէտ իր մասնակցութիւնն է ունենալու շարժման կողմից կազմւող՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին:

 

«Մեր ձեւով» շարժման վարչապետի թեկնածուն կը լինի ընդունելի բոլորի համար

Աւելի ուշ, լրագրողների հետ զրոյցում, Նարեկ Կարապետեանը յայտարարել է, որ «Մեր ձեւով» շարժման վարչապետի թեկնածուն կը լինի ընդունելի եւ բոլորը կը հաւանեն նրա թեկնածութիւնը։

«Մենք մեր թեկնածուի մասին կը յայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին կը յայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի հետ նախընտրական որեւէ միաւորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որեւէ ներկայացուցչի հետ համագործակցութեան կամ միաւորման չենք գնայ»,- ասել է Նարեկ Կարապետեանը։

Նա յայտարարել է, որ քաղաքական ուժ դառնալու մասին կը յայտարարեն յունւարին։

Related Articles

Back to top button