Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յակոբ Բադալեան. «Խաղաղութեան պայմանագրի ստորագրման պահանջներից մէկը «միջանցք»-ի խնդիրն է»

«ԱԼԻՔ» – Քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանը կարծում է, որ Փաշինեանն ու Ալիեւը յուլիսի 10-ին, Աբու Դաբիում սպասւող բանակցութիւններում քննարկելու են այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագրի ստորագրման պայմանները եւ այն, թէ ինչ գին կունենայ այդ պայմանագիրը Հայաստանի համար:

«Հասկանալի է, որ պաշտօնական Երեւանի համար այդ պայմանագրի ստորագրումն ունի նախընտրական էական նշանակութիւն, էլեկտորատին որպէս խաղաղութեան օրակարգի արդիւնք ներկայացնելու համար: Ես կարծում եմ, որ Աբու Դաբիում խաղաղութեան պայմանագրի ստորագրման նշաններ չկան, կը քննարկեն պայմանագրի ստորագրման պայմանները, իսկ թէ ինչ համաձայնութեան կը գան, պարզ կը լինի հետագայ յայտարարութիւններից կամ արտահոսքերից»,- Alpha News-ի հետ զրոյցում ասել է Յակոբ Բադալեանը:

Նա պատահական չի համարել, որ Փաշինեան-Ալիեւ հանդիպումը տեղի է ունենում արաբական հարթակում: Ըստ նրա՝ հանդիպման վայրը քննարկւել է Թուրիքայի՝ Էրդողանի միջնորդութեամբ յունիսի 19-20-ին, երբ Ալիեւն ու Փաշինեանը Թուրքիայում էին:

Յակոբ Բադալեանը ենթադրում է, որ Աբու Դաբիում Փաշինեանն ու Ալիեւը կը քննարկեն նաեւ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը:

«Խաղաղութեան պայմանագրի ստորագրման համատեքստում քննարկւող առանցքային հարցերից մէկը վերաբերում է ճանապարհներին: Առնւազն վերջին 2-3 ամիսներին տեսնում ենք, որ բաւական ինտենսիւ քննարկումներ կան այդ թեմայի շուրջ, Եւրամիութիւնից, Չինաստանից, Թուրքիայից յայտարարութիւններ կան: Անկասկած է, որ խաղաղութեան պայմանագրի ստորագրման պահանջներից մէկը լինելու է «միջանցքի» խնդիրը: Թուրքիան ու Ադրբեջանը, առաւել եւս Թուրքիան, շահագրգռւած է լինելու, որ ոչ միայն ռուսական, այլեւ որեւէ վերահսկողութիւն չլինի եւ Թուրքիան հնարաւորինս մեծ դեր ու ազդեցութիւն ունենայ այդ ճանապարհների հարցում, բայց Անկարան անշուշտ այստեղ հակւած կը լինի պայմանաւորւածութիւնների գալ այլ խոշոր խաղացողների հետ»,- յաւելել է Յակոբ Բադալեանը:

Related Articles

Back to top button