Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի յանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց խորհրդաժողովի աշխատանքները՝ անդրադառնալով Հայ Դատի կառոյցների գործունէութեան առաջնահերթութիւններին եւ առաջիկայ ծրագրերին։

Այնուհետեւ Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց ներկաներին՝ կարեւորելով միջազգային հարթակներում հայկական շահերի պաշտպանութեան եւ համազգային հիմնախնդիրների բարձրաձայնման ուղղութեամբ գործադրւող հետեւողական ջանքերը։

Հանդիպմանը քննարկւեցին Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրներն ու տարածաշրջանային զարգացումները, բռնի տեղահանւած արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան, Ադրբեջանում պահւող հայ գերիների ազատ արձակման եւ Արցախի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրները։ Այս առնչութեամբ ընդգծւեց ազգային կառոյցների ներուժի մէկտեղման հրամայականը՝ ի խնդիր համազգային խնդիրների լուծման եւ հայրենիքի զօրացման։

Անդրադարձ կատարւեց նաեւ ազգային-եկեղեցական կեանքում առկայ մտահոգութիւններին եւ իշխանութիւնների կողմից Հայոց Եկեղեցու դէմ սանձազերծւած դատապարտելի արշաւին ու յարուցւող խոչընդոտներին։ Ընդգծւեց Հայոց Եկեղեցու հոգեփրկչական եւ ազգապահպան առաքելութեան կարեւորութիւնը ժողովրդի հոգեւոր կեանքի զօրացման, ազգային ինքնութեան պահպանման եւ հայոց պետականութեան ամրապնդման գործում։

Մայր Աթոռի Տեղեկատւական համակարգ

Related Articles

Back to top button