Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի վերաբերեալ ռեզոլիւցիա Բելգիայից իրական յո՞յս, թէ՞ յուսախաբութիւն

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

 

2025 թ. յուլիսի 17-ին Բելգիայի Թագաւորութեան Դաշնային խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, ընդունել է «Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ Հարաւային Կովկասում խաղաղութեան անհրաժեշտութեան վերաբերեալ» վերնագրով ռեզոլիւցիա, որտեղ, ամենախիստ կերպով դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դէմ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիան եւ դրան նախորդած Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակումը, ընդգծել է, որ այդ գործողութիւնները միջազգային իրաւունքի լուրջ խախտումներ են։

Միաժամանակ ռեզոլիւցիայում կոչ է ուղղւել Բելգիայի կառավարութեանը, որպէսզի վերջինս կոչով դիմի Ադրբեջանին, մասնաւորապէս՝

  • «կատարել իր միջազգային պարտաւորութիւնները՝ համաձայն Արդարադատութեան միջազգային դատարանի պարտադիր որոշումների։
  • երաշխաւորել Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի իրաւունքները եւ թոյլատրել միջազգային դիտորդների ներկայութիւնը եւ հայ բնակչութեան արագ, անվտանգ ու անարգել վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ համաձայն Միջազգային դատարանի 2023 թւականի նոյեմբերի 17-ի որոշման։
  • անյապաղ սկսել անկեղծ, համապարփակ եւ թափանցիկ երկխօսութիւն Լեռնային Ղարաբաղի հայերի հետ՝ նրանց անվտանգութեան եւ մշակութային, սոցիալական ու կրօնական իրաւունքների նկատմամբ յարգանքն ապահովելու համար։»:

Հարկ է նշել, որ միջազգային հանրութիւնը, նրա առանձին անդամ երկրները դեռեւս 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 19-ը Ադրբեջանի կողմից արցախահայութեանն աւելի քան իննամսեայ շրջափակման ենթարկելու ընթացքում եւս բազմաթիւ կոչեր են ուղղել Ադրբեջանին, որոնք, սակայն, եղել են ապարդիւն:

Անհրաժեշտ է նշել, որ այն, ինչ Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 19-ն իրականացրել է Արցախի Հանրապետութեան բնակչութեան նկատմամբ, ըստ «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 9-ի կոնւենցիայի 2-րդ յօդւածի 3-րդ կէտի, համարւում է ցեղասպանութիւն:

Նշւած կէտում արձանագրւած է, որ «ցեղասպանութիւն է համարւում նաեւ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրօնական որեւէ խմբի համար կեանքի այնպիսի պայմանների միտումնաւոր ստեղծումը, որոնք ուղղւած են նրա լրիւ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Եթէ արցախահայութեանը ցեղասպանութեան ենթարկելուն ուղղւած գործողութիւնները դադարեցնելուն մասին միջազգային հանրութեան, նրա առանձին անդամ երկրների կոչերին ժամանակին ականջալուր չի եղել Ադրբեջանը, արդեօ՞ք այժմ կը լսի դրանք: Ո՛չ եւ կրկին ո՛չ:

Եւ ուրեմն, միջազգային հանրութեան, նրա առանձին անդամ երկրների Ադրբեջանին ուղղւած յիշեալ եւ նմանատիպ՝ գործնական հիմքից զուրկ կոչերն ու «ամենախստիւ կերպով դատապարտումներն», ըստ ամենայնի, ունեն գլխաւորապէս մէկ նպատակ. հաճոյանալ հայ ժողովրդին եւ նրա մօտ ձեւաւորել միջազգային հանրութեան, նրա առանձին անդամ երկրի նկատմամբ դրական վերաբերմունք:

Եթէ միջազգային հանրութիւնը, նրա առանձին անդամ երկրներն իրապէս ցանկանում են օգնել Արցախի հայութեանը, ապա պէտք է Ադրբեջանի նկատմամբ իրականացնեն գործնական քայլեր, օրինակ՝ Ադրբեջանի գործող վարչակազմի բոլոր ներկայացուցիչների մուտքն արգելեն իրենց երկրներ, կամ Ադրբեջանից ներմուծւող գազի ու նաւթի նկատմամբ կիրառեն արգելք (էմբարգօ), կամ սառեցնեն ադրբեջանական բոլոր ակտիւները եւ այլն:

Քանի դեռ միջազգային հանրութիւնը, նրա առանձին անդամ երկրները գործնական քայլեր չեն իրականացրել, Ադրբեջանը երբեք չի կատարելու նրանց կոչերն ու յորդորները:

Անհրաժեշտ է նշել, որ չնայած ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ նման կարգի այլ արժէքների յարգման ու պաշտպանութեան մասին միջազգային հանրութեան, նրա առանձին անդամ երկրների պաշտօնատար անձանց պարբերական յայտարարութիւններին եւ հաւաստիացումներին, այդուհանդերձ գործնականում նրանք այդ արժէքները ստորադասում են իրենց շահերին, որոնք հիմնականում ունեն նիւթականացւած դրսեւորում:

Այսպէս, 2022 թ. դեկտեմբերի 17-ին Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ստորագրել են յուշագիր էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցութեան վերաբերեալ: Փաստաթղթով նախատեսւում է Կասպից ծովի հողմակայանների արտադրած էլեկտրական էներգիան տեղափոխել դէպի Եւրոպա:                                

Յուշագրի համաձայն՝ մօտաւորապէս 1100կմ երկարութիւն ունեցող 500 կՎ լարման մալուխը պէտք է սկիզբ առնի Ադրբեջանից, ցամաքով հատի Վրաստանի տարածքը, այնուհետեւ շարունակւի Սեւ ծովի յատակով՝ հասնելով մինչեւ Ռումինիա:

Յուշագրի ստորագրման արարողութեան ժամանակ Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ներկայութեամբ Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դէր Լայէնը, մասնաւորաբար, յայտարարել է. «…Ռուսաստանի պատերազմի սկզբից մենք որոշել ենք երես թեքել ռուսական հանածոյ վառելիքից եւ դիւերսիֆիկացւել դէպի յուսալի էներգետիկ գործընկերներ, ինչպիսիք են սեղանի շուրջ այստեղ գտնւող գործընկերները: Եւ դա աշխատում է…»:

Եւրոպական յանձնաժողովի նախագահի խօսքից պարզւում է, որ Եւրոպական միութիւնն Ադրբեջանին համարում է «յուսալի էներգետիկ գործընկեր»:

Իսկ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլն էլ 2023 թ. հոկտեմբերի 3-ին «Եւրոնիւզ» եւրոպական հեռուստաալիքին տւած հարցազրոյցի ժամանակ, պատասխանելով «Արդեօ՞ք Ադրբեջանը դեռեւս Եւրամիութեան գործընկերն է» հարցին, մասնաւորապէս, յայտարարել էր. «Գործընկերն է, այո, այսօր գործընկերն է։»:

Հետեւաբար, վերոնշեալի հաշւառմամբ, հարկ է նշել հետեւեալը. միջազգային հանրութիւնը, նրա առանձին որեւէ անդամ երկիր մեր փոխարէն չի լուծելու Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը: Նշւած կոնֆլիկտը պէտք է լուծենք մենք եւ բացառապէս միայն մենք:

Արցախի մեր հայրենակիցների՝ տիրոջ իրաւունքով եւ կարգավիճակով Արցախ վերադարձն իրականութիւն դարձնելու եւ այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու ստեղծարար կենսագործունէութիւնն ապահովելու նպատակով հրամայական անհրաժեշտութիւն է ուժային եղանակով օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանին դուրս քշելու Արցախի Հանրապետութեան սահմանադրօրէն ամրագրւած տարածքից:

Անշուշտ, առաջարկւածը հնարաւոր կը լինի իրականութիւն դարձնել Հայաստանի Հանրապետութիւնում պատշաճ սիստեմատիկ բարձրագոյն մասնագիտական կրթութիւն, պետական կառավարման ոլորտի փորձառութիւն, ազգային, պետական շահերը սպասարկելու յետագիծ ունեցող վարչակազմի ձեւաւորումից յետոյ:

Related Articles

Back to top button