Բագրատ Սրբազան. «Այս երթը մեզ համար պիտի դառնայ յաղթանակի երթ»
«ԱԼԻՔ» – Այս երթն անձերի մասին չէ․ սա մարդկանց սրտերում արձանագրւած այն բոլոր տեսակի տառապանքներից, նւաստացումներից ազատւելու, մեղքից վերականգնւելու եւ ինքնամաքրւելու, ինքնաճանաչողութեան եւ ինքնագնահատական ունենալու շարժում է։ Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ այս մասին երէկ՝ մայիսի 6-ին, իր խօսքում լայտարարել է Բագրատ արք. Գալստանեանը։
«Ով ճանաչում է իր ազգին, խորութեամբ է ճանաչում, ոչ թէ խօսքով կամ պատմութեան գրքերում կարդալով, նա այդպէս կը վարւի։ Մեր բոլոր դժւարութիւններն ու տառապանքները բխել են նրանից, որ մեր գոյաբանական վիճակը մեծ, չքնաղ, ընտրւած լինելու վիճակը չենք կարողացել տեղափոխել մեր ամենօրեայ կեանք, դարձնել վարքագիծ։ Այս երթը մեզ համար պիտի դառնայ յաղթանակի երթ, պիտի դառնայ մեր ինքնամաքրման երթը, սա չակնկալիքի երթ է, սա միայն հայրենիք ու պատիւ ստանալու երթ է»,- նշել է Սրբազանը։
Նա շեշտել է, որ սա լայն հաշտութեան օրակարգ ունի, ոչ մի ատելութիւն ու թշնամանք չկայ․ «Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում հոգին յաղթել է դուխին, այս ճանապարհը պիտի լինի այն պատճառն ու միջոցը, որ եռագոյնը յաղթի սեւին ու սպիտակին։ Հոգեւոր Հայաստանը կը յաղթի այսպէս կոչւած նոր Հայաստանին։ Իրական Հայաստանը պէտք է յաղթի կեղծ, ֆէյսբուքեան Հայաստանին։ Մեզ հալածողներին օրհնում ենք, սա իրենց համար էլ է»։
Բագրատ Սրբազանն ասել է, որ պատերազմի հրձիգը ինքը չէ․ «Իշխանութիւններն են պատերազմը մեր գլխին բերել, եթէ որեւէ բան պատահի, ապա իրենք պարտաւոր են պաշտպանել երկրի անվտանգութիւնը։ Երկրի ներսում ինչ տեղի կունենայ, ոչ արտաքին ուժերի խնդիրն է, ոչ էլ թշնամիների խնդիրն է, սա իրենց առաջնահերթ պարտականութիւնն է, եթէ չեն կարող պաշտպանել, ապա եզրակացութիւնը թողնում են ձեզ»։