«Այս հողի համար պէտք է պայքարենք»
Ինչու է Համբիկ Սասունեանը միացել Տաւուշից դէպի Երեւան երթին
«ԱԼԻՔ» – Պէտք է պայքարել՝ հասնելու նպատակին, իսկ նպատակն ուժեղ Հայաստան ունենալն է։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրոյցում ասել է «Հայկական Ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» կազմակերպութեան անդամ Համբիկ Սասունեանը, որը միացել է «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման երթին։
«Բոլորովին ուրախ չեմ մեր երկրի վիճակի համար. մեր 3000 տարւայ պետութիւնը, հայրենի հողը թուրքերին են ուզում յանձնել։ Մեզ բոլորիս համար մեր երկրի ամէն քառակուսի մետրը մեծ նշանակութիւն ունի, ու մենք մեր պապերի գերեզմանները, մեր տաճարներն ու վանքերը չպէտք է յանձնենք թուրքին»,- ընդգծել է նա։
Սասունեանը համոզւած է, որ Ադրբեջանը մի քանի գիւղով չի բաւարարւի։ Նրա խօսքով՝ թուրքը ամբողջ Հայաստանն է ուզում։
«Այս հողի համար պէտք է պայքարենք։ Եթէ կան մարդիկ, որոնք ասում են՝ հող տանք, միայն թէ խաղաղութիւն լինի, ես ասում եմ՝ զոհւենք, միայն թէ հայրենիք պահենք, ոչ թէ հայրենիքը զոհենք մեր գոյատեւման համար»,– ընդգծել է նա։
Սասունեանի համար տարօրինակ է, որ շատերն ասում են, թէ սիրում են Հայաստանը, բայց ոչ մի բան չեն անում երկրի համար, մինչդեռ հայրենասիրութիւնը ծառայութիւն է նշանակում։
Նրա համար նաեւ խիստ ցաւալի է, որ ինչպէս ՀՀ-ում, այնպէս էլ Սփիւռքում կան մարդիկ, որոնք անտարբեր են այն ամէնի նկատմամբ, ինչ կատարւում է ՀՀ-ում։
«Այդպիսի մարդկանց ես հայ չեմ համարում»,- եզրափակել է նա։