Արման Թաթոյեան. «Ադրբեջանական ուղիղ նշանառութեան տակ են ոչ միայն «Սիւնիք» օդանաւակայանը, այլեւ «Տաթեւ» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը եւ ռազմավարական այլ օբիեկտներ»
ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը գրում է.
«Պատերազմի աւարտից սկսած անընդհատ փաստերով ցոյց ենք տւյել ադրբեջանական զինւած ծառայողների անօրինական ներկայութիւնը «Սիւնիք» օդանաւակայանի, թռիչքուղիների անմիջական հարեւանութեամբ։ Ցոյց ենք տւել նրանց անօրինական ամրացումները եւ թէ դա ինչ վտանգների է բերելու։
Այդ ժամանակ բացարձակ անտեսւում էր ամէն ինչ՝ բացառելով մարդկանց իրաւունքների եւ անվտանգութեան հիմքով պաշտպանութիւնը: Հերքւում էր ամէն ինչ։
Վերջերս արձանագրւում են ադրբեջանական զինւած ծառայողների կրակոցներ թէ՛ Կապանի «Սիւնիք» օդանաւակայանի, թէ՛ չւերթ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռի ուղղութեամբ։
Օդանաւակայանին (ժամանման սրահ, կարգաւարի սենեակ եւ այլն) ու ինքնաթիռին կրակոցներով հասցւած վնասները վկայում են, որ դրանք թիրախային են։ Ընդորում, կրակոցներն օդանաւակայանի թռիչքուղիների անմիջական հարեւանութեամբ ադրբեջանական անօրինական զինւած դիրքերից են։
Այդ վայրերից ադրբեջանական զինւած ծառայողների թիրախի ներքոյ են նաեւ Մ2 միջպետական մայրուղին՝ օդանաւակայանից դէպի Կապան տանող հատւածը (299-301-րդ կմ., Գործարանային փողոց), ինչպէս նաեւ Կապան համայնքի մի մասը։
Քանիցս փաստերով ցոյց ենք տւել, որ ադրբեջանական զինւած ուղիղ նշանառութեան տակ են ոչ միայն «Սիւնիք» օդանաւակայանը, այլ նաեւ ՀԷԿ Ջերմուկում, «Տաթեւ» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, եւ ռազմավարական նշանակութեան այլ օբիեկտներ։ Այս ամէնը նրանց շարունակւող յանցանքների ու հայատեաց քաղաքականութեան, պետական հովանաւորութեամբ անպատժելիութեան ֆոնին էլ աւելի է հիմնաւորում ադրբեջանական զինւած ծառայողների հեռացումը:
Հետեւաբար, առաջնային է մնում ադրբեջանական զինւած ծառայողների` օր առաջ հեռացումը, այդ թւում՝ անվտանգութեան գօտի ստեղծելու միջոցով։
Բա հիմա այս ամէնն ո՞ւմ պատասխանատւութիւնն է։
Իշխանութեան ու պաշտօնի համար մղձաւանջային վախերի պատճառով աւելի վտանգւեցին մեր քաղաքացիների կեանքն ու առողջութիւնը։ Այսքան օրհասական վիճակում լինելով՝ էլի նոյն սկզբունքով շարունակում են հերքումները»։