Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեմկինի ինստիտուտը ահազանգել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանութեան վտանգի մասին

Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտը զեկոյց է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանութեան վտանգի վերաբերեալ։

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ զեկոյցին կից գրառման մէջ նշւում է, որ զեկոյցի հրապարակումը պայմանաւորւած է «շրջափակման ծանր հանգամանքներով եւ Արցախի եւ Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանի ռազմական կուտակումներով»։

Զեկոյցը մանրամասնօրէն անդրադառնում է Արցախի պատմութեանը, ներկայում շրջափակման հետեւանքով ստեղծւած ծանր իրավիճակին, ինչպէս նաեւ 2020 թ-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին եւ դրանում Թուրքիայի դերակատարութեանը։

«Ադրբեջանի արշաւում թուրքական զէնքերի համատարած օգտագործումն արտացոլում է երկու երկրների միջեւ շարունակւող համագործակցութիւնը եւ Թուրքիայի հաստատակամ աջակցութիւնը Ադրբեջանի կողմից Արցախի տարածաշրջանի զաւթմանը․․․ Միայն 2020 թւականի առաջին ինն ամիսներին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 123 միլիոն դոլարի թուրքական զէնք, որի կէսից աւելին, ինչպէս արձանագրւել է, ձեռք է բերւել հակամարտութեան բռնկումից ընդամէնը մէկ ամիս առաջ», – գրւած է զեկոյցում։

Ըստ Լեմկինի ինստիտուտի զեկոյցի՝ պատերազմի աւարտը եւ խաղաղապահների տեղակայումը խաղաղութիւն չեն բերել տարածաշրջանին։

«Աշխարհաքաղաքական տուրբուլենտութիւնը պահպանւում է, քանի որ ադրբեջանական ուժերը մինչ օրս շարունակում են խաղաղ բնակչութեանը սպառնալ ոտնձգութիւնների, Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների վրայ անկանոն յարձակումների, հայերի սպանութիւնների եւ առեւանգումների, ինչպէս նաեւ զինադադարի եռակողմ յայտարարութեան խախտումների միջոցով», – արձանագրում են զեկոյցի հեղինակները՝ վկայակոչելով Բաքւի կողմից հրադադարի խախտման դէպքերը եւ Լաչինի միջանցքի շրջափակումը։

Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նաեւ արձանագրում է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծւած ճգնաժամը, որն ըստ Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպոյի՝ իրենից ներկայացնում է ցեղասպանական գործողութիւն։

Լեմկինի ինստիտուտի վերլուծաբանները նաեւ նշում են, որ «Transparancy International» հակակոռուպցիոն կենտրոնն Ադրբեջանը դասակարգել է որպէս «Համախմբւած աւտորիտար ռեժիմ»՝ 2022 թ․-ին այն դասելով Արեւելեան Եւրոպայում եւ Կենտրոնական Ասիայում կոռուպցիայի առումով ամենավատ ցուցանիշն ունեցող երեք երկրների շարքում, եւ հակառակ դրա՝ Հայաստանը դասւել է լաւագոյն երեք երկրների շարքում։ Անդրադառնալով Արցախին՝ զեկոյցում նշւում է, որ 2023 թ.-ին «Freedom House» իրաւապաշտպան կազմակերպութիւնն այն դասակարգել է որպէս «մասամբ ազատ»՝ տալով 37/100 «Ազատութեան միաւոր» այն դէպքում, երբ Հայաստանի Հանրապետութիւնը նոյն տարում ստացել է 35 միաւոր, իսկ Ադրբեջանը՝ 9։

«Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետութեան քաղաքական համակարգերի միջեւ առկայ անհաւասարութիւնը հսկայական խոչընդոտ է ցանկացած համաձայնագրի համար, որն Արցախը կը ներառի որպէս Ադրբեջանի անբաժանելի մաս, քանի որ բռնապետութեան քաղաքացիութիւն ընդունելը նման է սեփական քաղաքացիական ազատութիւններից հրաժարւելուն եւ ճնշման ենթարկւելուն համաձայնութիւն տալուն», – գրւած է զեկոյցում։

Զեկոյցում մանրամասնօրէն ներկայացւում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ, ընդհանուր առմամբ, երկրի իշխանութիւնների մակարդակով վարւող հայատեաց քաղաքականութիւնը։

2021 թ․ յուլիսից ի վեր Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտը բարձրաձայնել է Արցախում Ադրբեջանի կողմից տեղի ունեցող ցեղասպանութեան վտանգի մասին։
Արցախի հայերի սովամահութիւնը եւ բռնի տեղահանութիւնը կանխելու եւ Հայաստանի Հանրապետութեան հայերի նկատմամբ ցեղասպանական հետագայ հնարաւոր յարձակումները կանխելու համար Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրութեանն առաջարկում է այդ թւում՝ հանրային կերպով ճանաչել Արցախում եւ Հայաստանում հայերի դէմ ցեղասպանութեան վտանգը, պահանջել անյապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, օդային ճանապարհով անմիջապէս հումանիտար օգնութիւն հասցնել Արցախի քաղաքացիներին, ակտիւօրէն միջամտել՝ պաշտպանելու Արցախը Ադրբեջանի զինւած յարձակումից։

Related Articles

Back to top button