Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Նոբէլեան մրցանա՞կ, թէ՞ խաղաղութիւն

Ինչի՞ կը հասնի Թրամփը Հարաւային Կովկասում

«ԱԼԻՔ» – Միացեալ Նահանգները շարունակում է ակտիւ ներգրաււածութեան նշաններ ցոյց տալ Հարաւային Կովկասում ծաւալւող Երեւան-Բաքու յարաբերութիւնների, այսպէս կոչւած, կարգաւորման գործընթացում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​անդամ Ջօ Ուիլսոնը, ով ամիսներ առաջ յայտարարում էր, թէ նախագահ Թրամփը խաղաղութիւն կը բերի Կովկասին, X-ի իր էջում ժամեր առաջ գրել է, որ երբեք չի եղել Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ։

«– Պակիստան եւ Հնդկաստան

Եւ շուտով՝ Ադրբեջան եւ Հայաստան։

Նա (ԱՄՆ նախագահը) արժանի է Նոբէլեան խաղաղութեան մրցանակի»,- գրել է կոնգրեսականը։

Վերջին երկու ամսւայ ընթացքում մի քանի անգամ այս թեմային անդրադարձել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն, այդ թւում՝ Թրամփին հաշւետւութիւն ներկայացնելով, որ Հարաւային Կովկասում մօտ են խաղաղութեան հաստատմանը։

Թեմայի տարբեր դրւագներով անդրադարձել է նաեւ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիւ Ուիթքոֆը, խօսելով այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը միանալու են Աբրահամի համաձայնագրերին։

Աւելորդ է նոյնիսկ յիշեցնել օրերս Թրամփի արած աղմկոտ յայտարարութիւնը, թէ Հարաւային Կովկասում իրենք հրաշք են գործել։ Ամերիկեան կողմը թեմային վերջին ամիսների ընթացքում յաճախ է անդրադարձել՝ շեշտը դնելով հանգամանքի վրայ, որ Թրամփը խաղաղութիւն է բերել, բեկում է մտցրել, սակայն, թէ ինչ է իրականում կատարւում բանակցային սեղանի շուրջ ԱՄՆ միջնորդութեամբ՝ յայտնի չէ։

Այս ամիսների ընթացքում տարածւեց նաեւ կրկին պաշտօնապէս չհաստատւած տեղեկութիւնն այն մասին, որ ԱՄՆ-ը առաջարկել է վարձակալել Սիւնիքով անցնող երթուղին, այդ առաջարկի շուրջ եւս եղան բազմաթիւ իրարամերժ արձագանքներ, եւ դեռ հասկանալի չէ՝ այդ առաջարկը սեղանի՞ն է, թէ՞ մերժւել է ՀՀ իշխանութիւնների կողմից։

Տեղեկացնենք նաեւ, որ այս օրերին Մոսկւա բանակցութիւնների է մեկնելու ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիւ Ուիթքոֆը։ Մոսկւայում սպասւող բանակցութիւնների օրակարգում Ուկրաինան է, սակայն չի բացառւում, որ Մոսկւայում քննարկւեն նաեւ Հարաւային Կովկասում Թրամփի նախաձեռնութիւնները։

Ռուս վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ վերջին շրջանում տարածւող տեղեկութիւններից ակնյայտ է դառնում, որ ԱՄՆ-ը ձգտում է որեւէ նախաձեռնութեամբ աչքի ընկնել Հարաւային Կովկասում։

Ըստ Տարասովի՝ Ռուբիօ-Բարօ հեռախօսազրոյցը եւս ուշագրաւ է նրանով, որ նման բոլոր հեռախօսազրոյցների ընթացքում չէ, որ քննարկւում են այս ռեգիոնի հարցերը։

«Սակայն, ամենայն հաւանականութեամբ, ԱՄՆ-ը Ֆրանսիային՝ որպէս երկար տարիներ հակամարտութեամբ զբաղւած երկրի, տեղեկացնում է գործընթացների մասին կամ գուցէ՝ խորհրդակցում»,- ասել է նա։

Տարասովի խօսքով՝ ուշագրաւն այն է, որ տարածաշրջանում Երեւանի ու Բաքւի միջեւ այս տարիների ընթացքում տեղի ունեցած բանակցութիւնները տարբեր հանգրւաններ են ունեցել Բրիւսէլում, Մոսկւայում, Պրահայում, շատ հարցեր են քննարկւել, շատ խնդիրներ դուրս եկել հակամարտութեան օրակարգից՝ ոչ ուղիղ ԱՄՆ ջանքերի շնորհիւ։

«Սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայումս յայտնւել է հակամարտութեան կարգաւորման գործընթացի այն փուլում, երբ շատ մեծ ջանքերի կարիք էլ չկայ, խաղաղութեան համաձայնագիրը համաձայնեցւած է, մնում են մի քանի հարցեր, որոնց շուրջ, կարծում եմ, քննարկումները դեռ կը շարունակւեն։ Սակայն ԱՄՆ-ը ցանկանում է արդիւնքը որեւէ տեսքով ամրագրել եւ յայտարարել, որ ռեգիոնում խաղաղութիւն է հաստատւել։

Երբ յայտարարւում է, որ ԱՄՆ-ը հրաշք է գործել, դա տպաւորիչ է, բայց ի՞նչ է արւել, եթէ շատ հարցեր համաձայնեցւել էին պատերազմից յետոյ»,- ասել է Տարասովը։

Նրա խօսքով՝ իրավիճակի զարգացման մի քանի սցենար կայ։

«ԱՄՆ-ը, ամենայն հաւանականութեամբ, կը փորձի եռակողմ հանդիպմամբ որեւէ համաձայնութեան տպաւորութիւն ստեղծել, դա լաւ շրջանառել եւ վերածել իրադարձութեան, սակայն չի բացառւում, որ այդ նախաձեռնութիւնն այդպէս էլ մնայ առանձին նախաձեռնութիւն եւ չտայ որեւէ արդիւնք։

Չի բացառւում նաեւ, որ հետեւողականութիւն ցուցաբերեն, եւ ԱՄՆ ազդեցութեան հետագայ խորացման համար հիմք դառնայ։ Սակայն հակւած եմ կարծել, որ սա առաւելապէս ԱՄՆ-ի շուրջ խաղաղարար իմիջ ստեղծելուն ուղղւած նախաձեռնութիւն է։ Խաղաղութեան, Նոբէլեան մրցանակի մասին խօսում են, երբ բոլոր հարցերը կարգաւորւած են լինում, բայց տպաւորութիւն չկայ, թէ դա այդպէս է»,- շեշտել է Տարասովը։

 

Related Articles

Back to top button